Պարտավոր եմ երեխաներիս ոտքի կանգնեցնել, պատշաճ դաստիարակություն տալ, որովհետև գիտեմ՝ Սասունն այդպես կկամենար․․․
Գլխավոր » Լրահոս » Պարտավոր եմ երեխաներիս ոտքի կանգնեցնել, պատշաճ դաստիարակություն տալ, որովհետև գիտեմ՝ Սասունն այդպես կկամենար․․․

Պարտավոր եմ երեխաներիս ոտքի կանգնեցնել, պատշաճ դաստիարակություն տալ, որովհետև գիտեմ՝ Սասունն այդպես կկամենար․․․

Սասունն ու Վրեժուհին ամուսնացել են 2016 թվականին։ Նրանց հարսանեկան արարողությունը կատարվել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում։ Սասունը Հերհեր, իսկ Վրեժան՝ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղերից էին։ ․․․Նորահարսը շողում էր երջանկությունից, իսկ նորափեսան քնքուշ ու հպարտ հայացքով նայում կյանքի ընկերուհուն։ Նրա հայացքը յուրօրինակ խոստում էր․ թև ու թիկունք կլինեմ ամբողջ կյանքում․․․

Նորաստեղծ ընտանիքը բնակություն էր հաստատել Ստեփանակերտում։ Սասունը ԱՀ ՊԲ շարքերում էր ծառայում, իսկ Վրեժան՝ երկու երեխաներին դաստիարակում, տնային տնտեսությունը վարում։ Մտածում էին՝ փոքրիկները մի քիչ մեծանան, Վրեժան ևս աշխատանքի կանցնի․ ԱրՊՀ-ն ավարտել էր բարձր առաջադիմությամբ․․․ Թեև ապրում էին Ստեփանակերտում, սակայն կապը ծննդավայրերի հետ չէին խզում։ Սասունը Հերհերում գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում հոր ու 2 եղբայրների հետ։ Մեծ նպատակներ ուներ, և ամեն ինչ անում էր, որ դրանք իրականություն դառնան։ Վրեժան միշտ ամուսնու կողքին էր․ հասկանում էր նրան կես խոսքից, իսկ երբեմն էլ հայացքով էին խոսում իրար հետ։ Ներդաշնակ ու կազմակերպված այս ընտանիքը շրջապատի հարգանքն էր վայելում․․․

Սասունն իր տված խոստմանը համաձայն՝ օրինակելի ամուսին ու հոգատար հայր էր, և նրանց կյանքը կշարունակվեր սահուն ընթացքով, եթե չլիներ 2023-ի աղետաբեր սեպտեմբերի 25-ը․․․

-Այդ օրը մեր տանը հավաքվել էին մեր հարազատները, որոնք եկել էին Սարուշենից ու Հերհերից։ Իմ հարազատները Սարուշենից տարհանվել էին սեպտեմբերի 19-ին և ձեռնունայն հասել Ստեփանակերտ։ Պատրաստվում էինք միասին դուրս գալ Արցախից, քանի որ բնակչությունն արդեն տեղահանվում էր։ Ամուսինս շատերի հետ ևս գնաց վառելիք բերելու, որ կարողանանք հասնել Հայաստան։ Երբեք մտքովս չէր անցնում, որ էլ չեմ տեսնելու նրան։ Մինչև ասօր սպասում եմ․ ահա կբացվի դուռը, և ժպիտը դեմքին նա տուն կմտնի։

Երբ լսեցինք պայթյունի մասին, անմիջապես տանից դուրս վազեցինք ու հարազատներիս հետ սկսեցինք փնտրել Սասունին։ Գնացինք բոլոր հիվանդանոցները, խոսեցինք ծանոթների հետ․ տարբեր, իրարամերժ բաներ էին ասում։ Ոչ մի տեղ ամուսինս չկար․․․ Անվերջ թվացող մի քանի օր մնացինք Ստեփանակերտում։ Մղձավանջային օրեր էին, սիրտ կեղեքող մտքերը հանգիստ չէին տալիս։ Սեպտեմբերի վերջին դուրս եկանք Արցախից, որովհետև մնալն արդեն չափազանց վտանգավոր էր։ Հասանք Հայաստան, ապաստանեցինք Սասունի բարեկամներից մեկի տանը ու նորից շարունակեցինք փնտրտուքները։ Նոյեմբերի 5-ին մեզ տեղեկացրին, որ ԴՆԹ-ով պարզվել է Սասունի ինքնությունը։ Երեխաներս մնացին առանց հայր։ Նրանք արժանացան իմ ճակատագրին,-պատմում է Արցախյան առաջին պատերազմում զոհված Վրեժ Գասպարյանի դուստրը՝ Վրեժուհին, որ ծնվել է հոր զոհվելուց հետո․․․

Մայրը՝ Մելանյան, որ մասնակցում էր մեր զրույցին, աղջկա մեջ իրեն էր տեսնում և հուզմունքը չէր կարողանում զսպել։ Գրեթե 30 տարի մանկավարժական փորձ ունեցող, ամբողջ կյանքում միայնակ քայլող կինը շիվար է մնացել․ ինչքա՜ն դժվար է նայել աղջկա ու թոռնիկների աչքերին․․․

-Ճակատագիրն անգութ գտնվեց ընտանիքիս հանդեպ։ Աղջիկս հայր չի տեսել, նրան օտար է հայրիկ բառը, և այսօր իր երեխաներն են նույն դաժանությանը բախվում։ Աշոտը, որ սեպտեմբերի 2-ին երկու տարեկան կդառնա, չի հիշում հորը, իսկ 6 տարեկան Սոֆյան իր լռությամբ մեծացնում է մեր ցավը։ Այս մեկ տարվա մեջ նա ասես միանգամից է մեծացել։ Երբեմն ասում է՝ հայրիկս Ստեփանակերտում է իր ընկերների հետ, շուտով տուն կգա, իսկ երբեմն էլ՝ ինչ լավ է՝ Աշոտիկը փոքր է, ոչինչ չի հասկանում․․․ Երբ հոր մասին խոսք է գնում, նա սաստող հայացք է ընդունում և ստիպում մեզ լռել։ Շուտով առաջին դասարան կգնա, հայրիկը ձեռքից բռնած չի լինի։ Ծանր է՝ տունուտեղ, հայրենիք կորցնել, սակայն մարդկային կյանքից առավել կորուստ լինել չի կարող։

-Պարտավոր եմ երեխաներիս ոտքի կանգնեցնել, պատշաճ դաստիարակություն տալ, որովհետև գիտեմ՝ Սասունն այդպես կկամենար։ Դժվար է առանց նրա, սակայն ինձ օգնում են ամուսնուս տված խորհուրդները, որ հիշում եմ ամեն մի վայրկյան։ Ես գիտեմ, ինչքան դժվար է առանց հայր մեծանալը, և այդ ցավն ինձ տանջում է, երբ տեսնում եմ, որ երեխաներս անհայր են մնացել։ Ինչ էլ անեմ, Սասունի տեղը չեմ կարող լրացնել, սակայն պետք է ուժ հավաքեմ և աշխատեմ չկոտրվել, որ կարողանամ իրականացնել Սասունի երազանքները։ Ինձ օգնում, ուժ են տալիս մեր հարազատները, որոնք իմ կողքին են անընդհատ, իսկ մայրս վառ օրինակ է ինձ համար,- ասում է Վրեժուհին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1