«Պահի հրամայականն է՝ համոզուած լինել, որ համաշխարհային համակարտութիւնների խորապատկերում Արցախի հարցը չի կորում». «Արմատախիլ արուած Արցախ» գիտաժողով Հարաւային Կալիֆորնիայի համալսարանում. «Ասպարեզ»
Գլխավոր » Լրահոս » «Պահի հրամայականն է՝ համոզուած լինել, որ համաշխարհային համակարտութիւնների խորապատկերում Արցախի հարցը չի կորում». «Արմատախիլ արուած Արցախ» գիտաժողով Հարաւային Կալիֆորնիայի համալսարանում. «Ասպարեզ»

«Պահի հրամայականն է՝ համոզուած լինել, որ համաշխարհային համակարտութիւնների խորապատկերում Արցախի հարցը չի կորում». «Արմատախիլ արուած Արցախ» գիտաժողով Հարաւային Կալիֆորնիայի համալսարանում. «Ասպարեզ»

Հարաւային Կալիֆորնիայի համալսարանում («Եու.Էս.Սի.»-USC) Նոյեմբերի 2-ին կայացաւ  «Արմատախիլ արուած Արցախ. տեղահանութեան հետեւանքները» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել էր «Եու.Էս.Սի.» համալսարանի Հայագիտական ուսումնասիրութիւնների կենտրոնը: Ձեռնարկն աննախադէպ էր` Արցախին ու տեղահանման խնդրին բազմաթիւ տեսանկիւններից անդրադարձան  արցախցի, հայաստանցի ու ամերիկացի ճանաչուած գիտնականներ, փորձագէտներ, լրագրողներ ու արուեստագէտներ:

Համալսարանի «Բովարդ Աուդիթորում»ում հաւաքուած շուրջ հազար հանդիսականների ներկայացուեց ունեզրկման եւ մշակոյթի ոչնչացման հայկական փորձը համաշխարհային զրոյցի շրջանակներում: «Արցախի կորուստը եւ նրա բնիկ հայ բնակչութեան ցեղային զտումները հայոց ժամանակակից պատմութեան ամենաաղէտալի իրադարձութիւնն են: Մեր աչքի առաջ պղծւում, ոչնչացւում եւ ջնջւում է հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգութիւնը: Ադրբեջանում հայ ռազմագերիները, քաղբանտարկեալներն ու քաղաքացիական գերիները անարդար կերպով ենթարկւում են խոշտանգումների եւ նուաստացուցիչ վերաբերմունքի:

Աւելի քան 100,000 արցախցիների համար, ովքեր տեղահանուել են, պատերազմը չի աւարտուել, քանի որ նրանք ամէն օր գոյատեւման պատերազմի մէջ են: Աշխարհասփիւռ հայ ազգը դեռ հաւաքական հոգեցնցման (տրաւմայի) մէջ է` փորձելով ընկալել հայրենիքի կորստի եւ ժողովրդի ունեզրկման իրականութիւնը: Արցախի արմատախիլ արուելը շարունակում է վերափոխել հայոց աշխարհը, հայի հոգեվիճակն ու հայոց պատմութիւնը», բացման խօսքում նշեց ձեռնարկի կազմակերպիչ` «Եու.Էս.Սի.»ի Հայագիտութեան կենտրոնի տնօրէն դոկտոր Շուշան Կարապետեանը` նշելով, որ նման բնոյթի կենտրոնի համար պահի հրամայական էր համոզուած լինել, որ համաշխարհային առաւել տեսանելի համակարտութիւնների խորապատկերում Արցախի հարցը չի կորում: «Ասպարէզ»ի հետ զրոյցում, Շուշան Կարապետեանը յաւելեց, որ նման միջոցառում անցկացնելու գաղափարը նաեւ առաջացաւ այն գիտակցումից, որ հայութեան կարեւոր համայնքներից մէկում` Լոս Անջելեսում, Արցախի հարցին ծաւալուն եւ բազմակողմանի անդրադարձ առանձնապէս չէր կատարուել, մարդիկ շարունակում են գտնուել ծանր հոգեբանական վիճակում: 

«Պատերազմից եւ Արցախի կորստից յետոյ համայնքը կարծես չէր հաւաքուել` միասնաբար հասկանալու իրողութիւնը, եւ բացի տեղական փոքր գիտաժողովներից,  հարթակ չէր տրամադրուել Արցախին, ինչը նշանակում էր, որ կրկին անգամ արցախցիները ջնջւում են՝ հնարաւորութիւն չունենալով պատմելու իրենց տեղահանման, այդ աղէտին յաջորդած իրավիճակի մասին, ինչը ենթադրում է, որ այլ մակարդակներում նորից ջնջւում էին մերոնք, մենք: Այս ձեռնարկը փորձ էր լսելի դարձնելու արցախցիների ձայնը, պատմելու նրանց փորձառութիւնների մասին, միաժամանակ` առիթ էր, որ համայնքը համախմբուէր հարցի շուրջ՝ թէ՛լացելու, թէ՛ մտածելու եւ թէ յոյսով նորից լցուելու առ այն, որ ամէն ինչ կորած չէ», նշեց դոկտոր Կարապետեանը: «Արմատախիլ արուած Արցախ. տեղահանութեան հետեւանքները» խորագրով գիտաժողն աննախադէպ էր իր համապարփակ ծրագրով` թէ՛ թեմաների ընտրութեան ու բովանդակութեան, թէ՛ գիտական ու մշակութային ոլորտի հեղինակաւոր ներկայացուցիչների ներգրաւմամբ եւ թէ մատուցման մատչելիութեամբ: Ձեռնարկն առիթ էր նաեւ ներկայացնելու հայագիտութեան ներկայ իրավիճակն ու խօսքը, որ նաեւ համամարդկային բնոյթ եւ նշանակութիւն ունի: 

«Այս միջոցառումը եւս մէկ վկայութիւնն էր առ այն, որ մենք առաջարկելու շատ բան ունենք աշխարհին: Մենք սովորաբար երախտապարտ ենք լինում օտարներին, երբ նրանք անդրադառնում են հայկական թեմաների, աջակցում են մեզ, սակայն թերեւս մոռանում ենք, որ օտարներն էլ մեզանից են սովորում, իրենք էլ մեր ձայնի, խօսքի կարիքն ունեն: Այս ամէնում եւս մէկ անգամ համոզուեցի, երբ համաշխարհային ճանաչում ունեցող մեր օտարազգի խօսնակները շնորհակալութիւն յայտնեցին նման կարգի եւ բնոյթի միջոցառում կազմակերպելու, եւ բազմակողմանի տեղեկատուութեան եւ մտքերի համար: Օրինակ, Ջաշ Կունը, որ նոր գիրք է պատրաստում երաժշտութեան եւ քաղաքականութեան մասին, ինձ շնորհակալութիւն յայտնեց իր գրքի վերջին գլխի թեման իրեն յուշելու համար, որը կը լինի Արցախի մասին: Մենք պիտի դադարենք կաշկանդուած լինել, եւ այն մօտեցումը որդեգրենք, որ մենք աշխարհին առաջարկելու բան ունենք, ինչպէս եղել է դարերի ընթացքում», «Ասպարէզ»ի հետ զրոյցում իր խօսքն ամփոփեց դոկտոր Շուշան Կարապետեանը:

Նանէ ԱՒԱԳԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

1