Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից. Արցախի ԱԺ հայտարարությունը
Արցախի ԱԺ արտահերթ նիստում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը հրապարակեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության տեքստը, որով անընդունելի են համարում Արցախի համար որեւէ այլ կարգավիճակ, քան ինքնորոշումն է։
Քիչ առաջ Արցախի ԱԺ-ն հայտարարությունը միաձայն ընդունեց։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Արցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։
Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել:
Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:
Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:
Արցախահայության անունից դիմում ենք
· Աշխարհասփյուռ հայությանը` այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի եղբայրների ու քույրերի կողքին:
· Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։
· Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք:
· ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը։
Ստեփանակերտ
14 ապրիլի 2022»: