Պահանջում ենք մերժել և հրաժարվել վավերացնել ցանկացած փաստաթուղթ, որտեղ կստորադասվի Արցախի ինքնորոշման իրավունքը
Գլխավոր » Լրահոս » Պահանջում ենք մերժել և հրաժարվել վավերացնել ցանկացած փաստաթուղթ, որտեղ կստորադասվի Արցախի ինքնորոշման իրավունքը

Պահանջում ենք մերժել և հրաժարվել վավերացնել ցանկացած փաստաթուղթ, որտեղ կստորադասվի Արցախի ինքնորոշման իրավունքը

ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ելույթը հոկտեմբերի 30-ին կայացած ԱՀ ԱԺ արտահերթ նիստին.

«Սիրելի հայրենակիցներ,

Հասել ենք սահմանագծին, որից անդին մեր քաջորդիների արյամբ գծված հայրենիքի կորուստն է և այն չկորցնելու համար պիտի հետ նայենք և հիշենք: Հիշում և հիշեցնում ենք, որ 1991թ. սեպտեմբերի 2-ից ԼՂՀ հռչակումից ընդամենը մի քանի ամիս առաջ 1991թ. գարնանն Ադրբեջանն իրականացրեց ռազմական գործողություններ՝ գրավելով և իրենց տներից արտաքսելով հայկական բնակավայրերի տասնյակ հազարավոր բնակիչներին, ինչի արդյունքում կրկին ցեղասպանվելու վտանգի առջև էինք: Արցախում և Հայաստանում տիրում էր հիասթափության, տագնապի և անորոշության մթնոլորտ: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի հանրապետություն հռչակելու մասին՝ հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային միության Գերագույն խորհրդի՝ Խորհրդային միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի մասին օրենքը: Ամիսների անց՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, Արցախում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Հանրաքվե, որն Արցախի բնակիչներն իրականացրեցին արկերի պայթյունների և հրետակոծության ներքո՝ ունենալով նաև զոհեր խաղաղ բնակչության մեջ, սակայն լիահույս, որ կերտում են անկախ հայրենիք: Եվ ստացվեց:

Արցախի հանրապետությունն այսօր առավել քան երբևէ կանգնած է գոյություն ունենալ-չունենալու խնդրի առաջ: Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումները նոր մարտահրավերներ են առաջ բերում Արցախի հանրապետության համար: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիվ ու հակահայկական հայտարարությունները՝ միաժամանակ պնդելով, որ Արցախի հարց պարզապես չկա, ինչը բացարձակ անընդունելի մոտեցում է: Այն Արցախի հանրապետության ուղիղ ոչնչացումն է, հայի նոր ցեղասպանությունն է: Բաքվի նման քաղաքականությունն արդյունք է մի կողմից Հայաստանից ակնկալվող հստակ հակազդեցության բացակայության, մյուս կողմից միջազգային հանրության լռության, բացառությամբ որոշ դեպքերի:

Սրան անշուշտ գումարվում է նաև այն անպատժելիության մթոնոլորտը, որ ձևավորվել է 2020թ. Արցախի նկատմամբ պատերազմ սանձազերծելու, ահաբեկիչներ ներգրավելու ու պատերազմական հանցագործությունների համար միջազգային պատշաճ արձագանք չստանալու արդյունքում: Այսօր առավել քան մտահոգիչ է նաև Արցախի ապագայի, Արցախյան հիմնահարցի վերաբերյալ միջազգային հանրության և առաջին հերթին հավաքական արևմուտքի դիրքորոշումը: Վերջին զարգացումների, հանդիպումների ու հայտարարությունների արդյունքում այլևս միանշանակ է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու արևմուտքի մոտեցումը: Այս մասին խոսեց նաև ԱՄՆ կոնգրեսականը Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, որտեղ բացահայտեց հավաքական արևմուտքի նախագիծը՝ դա համեմելով մշակույթն ու մարդկանց պահպանելու հեղհեղուկ ու շեղող թեզերով: Վստահ եմ, չեք մոռացել, որ ՀՀ ներկայիս իշխանություններին այդ նույն հավաքական արևմուտքը կամ ըստ Փաշինյանի միջազգային հանրությունը հորդորում, ստիպում էր Արցախի հարցում նշաձողն իջեցնել, ամեն կերպ խեղաթյուրում և փորձում է արժեզրկել մեր ինքնորոշման միջազգային իրավունքը, որն էլ իր ճնշող միջնորդությամբ արդեն այսպես կոչված խաղաղության պայմանագիրն է պատրաստել, որտեղ առ ոչինչ է միջազգային բոլոր նորմերին համապատասխան Արցախի ինքնորոշման իրավունքը և փաստացի այդ տարբերակը Արցախի Հնարապետության ոչնչնացումն է:

Մյուս կողմում ՌԴ-ն է: Այս դեպքում ևս հիշում ենք, որ հենց Ռուսաստանի Դաշնության գործուն քայլերի արդյունքում կանգնեցվեց պատերազմը և արդեն երկու տարի է, որ 120.000 արցախցի ապրում է Արցախի փոքրիկ պատառիկի վրա և շարունակում պայքարել իր իսկ պատմական հայրենիքում խաղաղ և արժանապատիվ ապրելու իրավունքը վերահսատատելու համար: Արցախում այլ կերպ ապրելու և մտածելու իրավունք չունենք, քանզի Արցախի ժողովրդի գենետիկ հիշողությունը և առավել ևս այսօրվա իրականությունը թույլ են տալիս վստահորեն խոսել նրանց հետ պատմական կապերը վերահաստատելու և վերաիմաստավորելու պարզ կենսաբանական անհրաժեշտության մասին: Այն, որ ռուս խաղաղապահի առաքելությունն անգնահատելի է, գիտի և տեսնում է մեզանից յուրանքաչյուրը: Այն, որ միայն կոչեր հնչեցնելով և սաստելով հնարավոր չէ մեզ բաժին հասած թշնամուն կանգնեցնել, դա ևս գիտակցում ենք: Հետևաբար Հայաստանի և Արցախի իրական դաշնակիցը ՌԴ-ն է, որն առաջարկում է հակամարտության կարգավորման իր տարբերակը, որն այս իրավիճակում կարող է հնարավորություններ ստեղծել Արցախի հարցի հետագա հայանպաստ լուծումներն ունենալու համար:

Դիմում եմ ոչ միայն այս դահլիճում նստած գործընկերներիս, այլ նաև հազարավոր արցախցիներին, ովքեր հենց հիմա Ստեփանակերտի վերածննդի հրապարակում են և սպասում են մեր դիրքորոշմանն ու հետագա քայլերին:

Հայրենակիցներ, մենք սխալվելու իրավունք չունենք, արկածախնդրությունը կկործանի թե Արցախը, թե Հայաստանը, թե մեր բոլորի երազանք հայրենիքը: Մենք պիտի պարզ և հստակ ուղղենք մեր վեկտորը, իսկ այն միայն մեկ ուղղություն ունի: Ուստի բանակցողներից, որոշում կայացնողներից պահանջում ենք մերժել և հրաժարվել վավերացնել ցանկացած փաստաթուղթ, որտեղ կստորադասվի Արցախի ինքնորոշման իրավունքը և փորձ կարվի Արցախը բռնակցել Ադրբեջանին: Եթե բանակցել, ապա միայն մի հիմքով՝ Արցախը եղել է, կա ու լինելու է հայկական և ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կոչ ենք անում Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր ազգակիցներին և մեր բոլոր բարեկամներին համախմբվել հանուն Արցախի՝ հստակ գիտակցումով, որ այսօր վտանգված է արցախի լինելիությունը:

Ուզում եմ վերահաստատել ամիսներ առաջ ասածս. Ով հավատում, մտածում կամ բարձրաձայնում է, որ Արցախը Արդբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է»:

1