Պահանջում ենք ադրբեջանական անցակետի ապամոնտաժում․ նոր շարժում Արցախում
Գլխավոր » Երիտասարդական » Պահանջում ենք ադրբեջանական անցակետի ապամոնտաժում․ նոր շարժում Արցախում

Պահանջում ենք ադրբեջանական անցակետի ապամոնտաժում․ նոր շարժում Արցախում

Արցախում «Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» երիտասարդական շարժումը ապրիլի 28-ից սկսել է ստորագրահավաք՝ պահանջելով դադարեցնել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը:

Պահանջագիրն ուղղված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ  պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին, Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության կառավարության ղեկավարի:

Պահանջագրի մեջ մասնավորապես նշվում է.

«Մենք՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներս, սույն դիմում-պահանջով վերոնշյալ երկրների ղեկավարների և ողջ միջազգային հանրության ուշադրությունն ենք  հրավիրում  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայերի էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության իրականացման, ինչպես նաև այդ նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտումների վրա, և պահանջում ենք առանց հետաձգելու կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելով  այդ փաստաթղթի կետերի, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումների կատարումը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք Արցախի ողջ բնակչության անունից

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝

Ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային  դատարանի 2021թ.-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ.-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումը՝

  • Ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից,
  • Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,
  • Միջանցքի անհապաղ  ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում,
  • Գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում»: 

«Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնող խմբի մամլո քարտուղար Արշակ Աբրահամյանը «Ապառաժ»-ին տեղեկացրեց, որ ստորագրահավաքն իրականացվում է Արցախի Հանրապետության ամբողջ տարածքով մեկ՝ բոլոր գյուղերում և քաղաքներում:

«Բոլոր նրանք, ովքեր գտնվում են Արցախից դուրս՝ ՀՀ-ում կամ Սփյուռքում, կարող են միանալ ստորագրահավաքին օնլայն՝ հետևյալ հղմամբ: Այս պահին կամավորները ստորագրություններ են հավաքում Արցախի Հանրապետության գյուղերում և քաղաքներում: Շարժմանը միացել են նաև Հայաստանում և Սփյուռքում: Հայաստանում ցանկացողները կարող են ստորագրել օնլայն կամ մոտենալ «Շառլ Ազնավուրի» հրապարակում տեղադրված վրան, կամ այցելել «Դիզակ ԱՐՏ» ՄԵԿ մշակութային հասարակական կազմակերպություն՝ ք. Երևան, Խորենացի փ. 47/7 հասցեով»,- նշել է Ա. Աբրահամյանը:

Շարժումը Սփյուռքում տարածելու ուղղությամբ աշխատանքներ է տարել ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը: ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցիչ Բենո Բաբայանը «Ապառաժ»-ին տեղեկացրեց, որ ստորագրահավաքին միանալու համար դիմել են աշխարհասփյուռ երիտասարդական և ուսանողական միություններին:

«ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միություններն աշխարհի տասնյակ երկրներում, ինչպես նաև ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակները ակտիվորեն աշխատում են իրենց երկրներում՝ նախաձեռնության մասին հնարավորինս տեղեկացնելու և սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին մասնակից դարձնելու այս գործընթացին՝ այդպիսով փորձելով նախաձեռնությանը համահայկական բնույթ հաղորդել, որովհետև Արցախը բոլորիս հայրենիքն է, ուստի պետք է պայքարենք բոլորս թե՛ հայրենիքում, թե՛ նրա սահմաններից դուրս»,- ասել է Բ. Բաբայանը:

ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» գրասենյակի պատասխանատու Մհեր Առաքելյանը «Ապառաժ»-ին տեղեկացրեց, որ ՀՅԴ Արցախի կառույցը ևս աջակցում է շարժմանը:

«ՀՅԴ Արցախի կառույցն ամբողջությամբ աջակցում է երիտասարդական շարժմանը և հանձնարարել է իր շրջանային կոմիտեներին ակտիվորեն մասնակցել ու օժանդակել ստորագրահավաքի աշխատանքներին»,- ասել է Մ. Առաքելյանը:

Շարժման շրջանակներում Ստեփանակերտ-Գորիս մայրուղու սկզբնամասում մայիսի 2-ից կազմակերպվել է բողոքի ակցիա: Երիտասարդները պահանջել են ապամոնտաժել Բերձորի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետը և հայտարարել, որ Արցախի ժողովուրդը չի անցնելու այդ անցակետով:

Շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը մայիսի 1-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ից Հակարի կամրջին տեղադրած ապօրինի անցակետը անընդունելի կարմիր գիծ է Արցախի ժողովրդի համար:

«Մենք մեր ձայնը լսելի պետք է դարձնենք, և Ադրբեջանը պետք է ապօրինի անցակետն այնտեղից հեռացնի: Այսօր գտնվում ենք Արցախը Հայաստանին կապող, Ստեփանակերտից-Շուշի տանող ճանապարհահատվածում: Այս կետից արդեն 3 օր է՝ շարունակվում է մեր անժամկետ ակցիան, և այստեղից կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ Հայաստանում և Սփյուռքում, որ ամեն մեկն իր երկրում, իր քաղաքում միանա այս շարժմանը», — հայտարարել է Դ. Բաղրյանը:

Ակցիային ելույթ է ունեցել շարժման մասնակից Հայկ Ավանեսյանը:

«Ես կարծում եմ, որ մենք 2 ճանապարհ ունենք. կա՛մ համակերպվել այն փաստին, որ պետք է ստորացված անցնենք այդ անցակետով, կա՛մ պայքարել մինչև վերջ՝ առանց նահանջի և հասնենք նրան, որ այդ անցակետն այդտեղից ապամոնտաժվի»,- նշել է Հ. Ավանեսյանը:

Ակցիայի մասնակից Ազատ Ադամյանը ակցիայի ժամանակ ասել է, որ այստեղ հավաքվելու նպատակն այն է, որ աշխարհին ցույց տանք մեր ապրելու իրավունքի մասին:

«Ապրեու իրավունքի համար առաջին հերթին պետք է պայքարենք ինքներս, ուստի հորդորում ենք բոլորին միանալ ու աջակցել շարժմանը»,-ասել է Ա. Ադամյանը:

Հիշեցնենք, որ պահանջագրի մեջ ասվում է, որ եթե այս հանրային դիմում-պահանջի հրապարակումից հետո՝ 7 oրվա ընթացքում հասցեատերերի կողմից գործնական քայլեր չձեռնարկվեն նշված կետերը կատարելու ուղղությամբ, երիտասարդները ստիպված են լինելու դիմել բոլոր անհրաժեշտ միջոցների ու մեթոդների՝ հայրենիքում ապրելու իրավունքը, երեխաների ապագան պաշտպանելու համար:

Նշենք, որ ստորագրահավաքին միացել է նաև ԱՀ նախագահը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, հայտնի մշակութային գործիչներ:

1