Պահանջատիրության ջահը մշտավառ է
Գլխավոր » Երիտասարդական » Պահանջատիրության ջահը մշտավառ է

Պահանջատիրության ջահը մշտավառ է

Ապրիլի 23-ի երեկոյան ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միությունը նախաձեռնել էր յուրահատուկ միջոցառում: Միության մի խումբ անդամներ ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց և մոմեր վառել Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին կառուցված զանգակատուն-հուշակոթողի մոտ:

Քայլերթին մասնակցում էին նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը, «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության նախագահ Գևորգ Սարգսյանը:

Երթի ընթացքում ներկաները պահպանել են միմյանցից որոշակի հեռավորություն, հագել պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ:

ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Մերուժան Սուլեյմանյանը նշել է, որ այս տարի ջահերով երթը ավանդական ձևաչափով չի իրականացվել՝ կապված համավարակի հետ, իսկ մասնակիցների քանակը խիստ սահամանփակ էր՝ 19 հոգի:

Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակ էր նաև 2016 թ. ապրիլին, երբ կրկին խուսափել են մասսայական միջոցառումներ նախաձեռնելուց: «Այն ժամանակ մենք համոզվեցինք, որ թուրքի և ադրբեջանցու ձեռագիրը նույնն է, չի փոխվել: Ուստի միայն համազգային համախմբվածության, նվիրվածության ու ջանքերի շնորհիվ մենք կարող ենք հասնել մեր վերջնական նպատակին: 105 տարի է անցել Հայոց Ցեղասպանությունից, 105 շարունակ մեր միլիոնավոր անմեղ զոհերի ոսկորները կարոտ են արդարության, իսկ նրանց սերունդները՝ հայրենիքի ազատագրության»,- նշել է Մերուժան Սուլեյմանյանը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Սերգեյ Շահվերդյանը հավասարապես կարևորել է Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը: Նրա խոսքով՝ մեր պահանջատիրական պայքարը մշտատև է, անկախ օրացույցի օրվանից:

«Այս տարի նշվում է ոչ միայն Հայոց Ցեղասպանության 105-ամյա տարելիցը, այլ նաև դրա շարունակությունը հանդիսացող Շուշիի հայկական կոտորածների 100-ամյակը: Ցավոք, մի շարք պատճառներով այս տարի Արցախի Հանրապետությունը չկարողացավ պատշաճ ձևով համաշխարհային հանրությանը ներկայացնել Շուշիի ջարդերի էությունը, բայց վստահ եմ, որ նոր կառավարությունը կանդրադառնա հարցին: Դեռ ժամանակ ունենք տարվա ընթացքում Շուշիում համապատասխան հուշակոթող կառուցելու: Շուշիի կոտորածները Ադրբեջանի Հանրապետության կողմից մարդկության հանդեպ ամենաահավոր գործություններից  են. ամբողջ Շուշին ավերվեց, զրկվեց հայ բնակչությունից:

Արցախյան շարժումը և Արցախյան պատերազմը եկան ապացուցելու, որ հայ ժողովուրդն ի վիճակի է վերականգնել պատմական արդարությունն իր հայրենիքի գոնե փոքր մասում և դրա դրսևորումներից մեկն էլ այն է, որ ցեղասպանված Շուշին վերադարձավ հայերին»,- ասել է Սերգեյ Շահվերդյանը:

1