Օրենքի խախտումներով ցանկալի թեկնածուի ընտրություն
Գլխավոր » Լրահոս » Օրենքի խախտումներով ցանկալի թեկնածուի ընտրություն

Օրենքի խախտումներով ցանկալի թեկնածուի ընտրություն

ԱՀ ԱԺ փետրվարի 4-ի նիստում  նաև Արցախի Հանրապետության  Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցն էր: Երկար քննարկումներից, հնչած մտահոգություններից հետո խորհրդարանը 22 կողմ, 9 դեմ, 1 անվավեր ձայների  հարաբերակցությամբ Վահրամ Բաղդասարյանին ընտեց Հաշվեքննիչ պալատի նախագահ՝ 6 տարի լիազորությունների ժամկետով:

Վահրամ Բաղդարասյանի թեկնածությունը պատգամավորների մոտ հարցեր է առաջացրել օրենքի պահանջների համապատասխանության և անաչառության առումներով: Նա 7 ամիս զբաղեցրել է ԱՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, բացի դրանից չունի հանրային ֆինանսների կառավարման 10 տարվա աշխատանքային փորձ:

ԱՀ ԱԺ պատգամավոր, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը մտահոգություն է հայտնել մի քանի ամիս առաջ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում կատարված փոփոխությունների առումով, քանի որ, ըստ ներկայացված հիմնավորումների, ցանկացած ոք կարող է ոլորտի մասնագետ համարվել և օրենքի փոփոխության կարիք չկար:

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի խոսքով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից, ԿԲ-ից և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովից ստացված պատասխանով բյուջետային ծախսերի, միջնաժամկետ ծախսերի ծրագրի պլանավորման կամ ծրագրերի իրականացմանն ուղղված ոլորտները կարող են համարվել հանրային ֆինանսների կառավարում: Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը (Վահրամ Բաղդասարյանը եղել է այդ պաշտոնում) ևս իրականացնում է բյուջետային ծրագրեր և ներկայացնում միջնաժամկետ ծախսերի պլանավորում:

«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն իր ելույթում նշել է, որ, ուսումնասիրելով պարոն Բաղդասարյանի կողմից ներկայացված փաստաթղթերը, ակնհայտ է, որ դրանք չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության առաջադրման ընթացքում հանձնաժողովը բավարարվել է սոսկ ԱԺ աշխատակարգը հաստատելու մասին որոշման դրույթներով:

«Աշխատանքային ստաժը չի համապաստախանում օրենքի պահանջներին: Բաղդասարյանի աշխատանքային ստաժը վերաբերում է պետական կառավարման ոլորտին, այսինքն պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժը չի կարող նույնանման դիտարկվել հանրային ֆինանսական կառավարման ոլորտի իրավական նշանակության հետ:

Հաշվեքննիչ պալատի անդամ կարող է ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն ունեցող այն քաղաքացին, ով ունի աուդիտի նվազագույնը 5 տարվա աշխատանքային ստաժ կամ Հաշվեքննիչ պալատի անդամի նվազագունը 3 տարվա աշխատանքային ստաժ կամ Հաշվեքննիչ պալատի անձնակազմում բարձրագույն պաշտոն կամ գլխավոր պաշտոնի առաջին խմբի նվազագույնը 4 տարվա աշխատանքյին ստաժ կամ հանրային ֆինանսական ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ: Հաշվեքննիչ պալատի մասին ԱՀ օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասը նորմատիվային առումով Հաշվեքննիչ պալատի անդամին առաջադրվող պահանջ է, որի մեջ առկա են Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու սահմանափակումները»,- նշել է Դավիթ Գալստյանը՝ ավելացնելով, որ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի որոշումը կայացվել է օրենքի կոպիտ խախտումներով:

Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում աշխատել է 33 տարի. «Ամբողջությամբ գիտակցելով Հաշվեքննիչ պալատի դերն ու կարևորությունը, ընկալելով պալատի նպատակները, խնդիրներն ու գործառույթները, համոզված եմ, որ ընտրվելու դեպքում աշխատանքային փորձը թույլ կտա անմիջապես ստանձնել պաշտոնի ողջ պատասխանատվությունը»:

Թեկնածուի առաջադրման վերաբերյալ մտահոգությունները ներկայացրել են պատգամավորներ Արթուր Մոսիյանը, Դավիթ Գալստյանը և Մետաքսե Հակոբյանը:

Քվերակությունից հետո հանդես գալով ելույթով, Դավիթ Գալստյանը նշել է, որ չնայած նոյեմբերի 10-ի հայտարարությամբ 17 պատգամավորներ պահանջել էին երկրի նախագահի հրաժարականը, սակայն տեսանք, որ կուլիսների հետևում պայմանավորվածությունների ձեռք բերումով գնացին «առևտրի»:

«Ավելի քան համոզված են, որ հաջորդ  առևտրի արդյունքում ներկայացվելու է Հաշվեքննիչ պալատի անդամ և նույն գործելաոճով  ընտրվելու  են նման սահմանադրական մարմնի ղեկավարներ»,- նշել է նա:  

1