Օրենքի փոփոխություն. քաղաքական պատասխանատվությո՞ւն, նպատակահարմարությո՞ւն, թե՞ պահանջ
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացվել պատգամավորներ՝ Արամ Գրիգորյանի և Արմեն Հակոբյանի նախաձեռնած օրենքի նախագիծը՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:
Հիմնական զեկուցող, պատգամավոր Արամ Գրիգորյանի խոսքով, օրինագծով առաջարկվում է փոփոխություն կատարել 16-րդ հոդվածում, որով սահմանվում են Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու պահանջները:
Ըստ մինչ այժմ գործող օրենքի՝ Հաշվեքննիչ պալատի անդամ կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներրին համապատասխանող, բարձրագույն կրթությամբ այն քաղաքացին, ով ունի աուդիտորի՝ նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ,
— կամ Հաշվեքննիչ պալատի անդամի՝ նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
— կամ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում բարձրագույն պաշտոնների կամ գլխավոր պաշտոնների առաջին խմբի նվազագույնը 4 տարվա աշխատանքային փորձ,
— կամ հանրային ֆինանսերի կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 5 տարին՝ ղեկավարի պաշտոնում:
Նախագծով առաջարկվում է գործող օրենքից հանել վերջին ՝ «որից առնվազն 5 տարին ղեկավարի պաշտոնում», բառակապակցությունը :
«Օրենքի այս նախագծի՝ մեր նախաձեռնությունը, հիմնականում պայմանավորված է նրանով, որ գործող օրենքի վերոնշյալ պահանջները, չեն համապատասխանում վերջին պահանջին: Առաջարկվող փոփոխությամբ՝ ցանկանում ենք ապահովել Հաշվեքննիչ պալատի անդամի նկատմամբ ներկայացված պահանջների համաչափությունը, ինչպես նաև, ընդլայնել թեկնածուների շրջանակը»,- մանրամասնել է Ա. Գրիգորյանը:
Օրինագծի քննարկման ժամանակ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հարցադրումը հիմնական զեկուցողին վերաբերում էր պետական վերահսկողություն իրականացնող միակ անկախ կառույցի՝ Հաշվեքննիչ պալատի սահմանված հիմնակառուցվածքի խախտմանը:
«Օրինագծի ընդունումը կնշանակի, որ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի առաջին կարգի մասնագետը՝ 10 տարվա աշխատանքային փորձով, կարող է ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ կամ նախագահ», նշել է Ա. Մոսիյանը՝ հավելելով, որ հաշվեքննիչ պալատը պետական վերահսկողություն իրակակնացնող միակ անկախ կառույցն է, որի անդամի կամ ղեկավարի համար օրենքով սահմանված են հստակ պահանջներ: Արդյոք, գործող օրենքով ներկայացվող պահանջները հանելու դեպքում չի խախտվում պետական վերահսկողական կոնյուկտուրան»,-հարցրել է Ա. Մոսիյանը:
Ըստ Ա. Գրիգորյանի՝ ներկայումս այդ պահանջներին համապատասխանում են Արցախի Հանրապետության միայն 30 քաղաքացի , ովքեր իրենց գիտելիքներին համապատասխան պաշտոններ են զբաղեցնում պետական և մասնավոր հատվածներում:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն է լինելու, ըստ մեր ուսումնասիրության արդյունքի առաջարկել ենք հանել այդ պահանջը, որպեսզի կարողանանք առավել լիարժեք թեկնածու առաջադրել»,-պարզաբանել է հիմնական զեկուցողը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը հակադարձել է, որ նախ՝ մինչ այժմ գործող օրենքի պահանջներին համապատասխանող անձինք ԱՀ-ում ավելին են 30-ից, ապա՝ օրենքն ընդունվել է այն տրամաբանությամբ, ըստ որի՝ որպես անկախ վերահսկողական մարմին, Հաշվեքննիչ պալատն անկախ լինի քաղաքական համակարգից:
ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը օրինագծի համահեղինակներից հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքերով են առաջնորդվել ՝ քաղաքական պատասխանատվությա՞ն, նպատակահարմարությա՞ն, թե՞ պահանջ:
Ըստ Ա. Գրիգորյանի՝ օրինագիծն առաջարկվել է քաղաքական պահանջով և համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա:
«Ես հասկացա, որ դուք ունեք քաղաքական պատասխանատվություն»,- ասել է Դ. Իշխանյանը:
Նշենք, որ բացի հարցադրումները, Ա. Մոսիյանն իր եզրափակիչ խոսքում ներկայացրել է ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ :
Քննարկումներին հաջորդած քվեարկության արդյունքում՝ ԱԺ-ն օրինագիծն ընդունել է 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Վան Նովիկով