«Օրացույցից պոկված օրեր»․ հանդիպում հեղինակի հետ
Գլխավոր » Լրահոս » «Օրացույցից պոկված օրեր»․ հանդիպում հեղինակի հետ

«Օրացույցից պոկված օրեր»․ հանդիպում հեղինակի հետ

Հունիսի 17-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց հանրապետական գրադարանում տեղի է ունեցել  հանդիպում երիտասարդ գրող Հերմինե Ավագյանի հետ։

Հերմինե ավագյանը ներկաների դատին է հանձնել  իր 3-րդ՝ «Օրացույցից պոկված օրեր»  գիրքը. այն 44-օրյա պատերազմի ընթացքում իր ունեցած ապրումների մասին է։

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել  հունիսի 10-ին Երևանում։

Հանդիպմանը ներկա էին ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, բանաստեղծ-գրականագետ Սոկրատ Խանյանը, արձակագիր-լրագրող Նորեկ Գասպարյանը, Հերմինե Ավագյանի հարազատներն ու մտերիմները,  գրականագետներ, արցախցի ստեղծագործողներ, երիտասարդներ, ընթերցասերներ։

Հանդիպումը մեկնարկեց ելույթներով․

Մ․ Մաշտոցի անվան գրադարանի տնօրեն Ալյոնա Գրիգորյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց գրադարանում հյուրընկալվելու համար։

«Ես Հերմինեի գրչին ծանոթ եմ 17 տարեկանից։ Այդ տարիներից մենք գիտեինք, որ Հերմինեն պետք է մեծ գրող դառնա, և ուսանողական մեր սենյակներում հաճախ էինք կազմակերպում գեղարվեստական երեկոներ, ընթերցում Հերմինեի ստեղծագործություններից։

Երբ այս միջոցառումը նախաձեռնում էի, ցանկանում էի, որ այն հենց այդ ձևաչափով լինի․ նորից տրվեինք մեր հույզերին ու ապրումներին»,-ասել է Ա․ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ թեև Հերմինե Ավագյանը ստեղծագործում էր իր ապրածի մասին, սակայն երբ ծանոթանում ես ստեղծագործություններին, զգում ես, որ այդ գրքի հերոսը նաև դու ես։

ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ Հերմինե Ավագյանին  ճանաչում է 20 տարուց ավելի։

«Հերմինեն՝ որպես ստեղծագործող, արդեն իր ուրույն ձեռագիրն ունի։ Նա բավականին համարձակ է, և կարծում եմ՝ կկարողանա ավելի մեծ բարձունքների հասնել»,-ասել է Լ. Հովհաննիսյանը։

Լ․ Հովհաննիսյանի կարծիքով՝ Հերմինե Ավագյանի ստեղծագործություններում արտացոլված է այն կրթությունն ու դաստիարակությունը, որ նա ստացել է իր հարազատ գյուղում, ընտանիքում և հարազատ միջավայրում։

ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ ասաց, որ թեև Հերմինե Ավագյանի հետ շփվելու շատ առիթներ չի ունեցել, իսկ սա էլ պատերազմից հետո առաջին անգամն է, բայց միշտ հետևել է Հերմինեի ստեղծագործական կյանքին և նկատել, որ Հերմինեն տարբերվում է իր խոսքով, իր ոճով։

«Ես շատ լավ հիշում եմ Հերմինեի ստեղծագործության հիման վրա ներկայացումը։ Ես առաջնախաղին էի և երբեք չեմ մոռանա այդ ապրումներն ու զգացումները։ Այդտեղ Հերմինեի կյանքն էր, Հերմինեի մանկությունը, Հերմինեի մայրը, բայց այդտեղ մենք բոլորս  էինք»,-նշել է Մ․ Հակոբյանը։

Մ․ Հակոբյանը վստահ էր, որ Հերմինեն դեռ շատ գրքեր է հեղինակելու, սակայն նա մի մաղթանք ուներ, որ այդ ամենը լինի արժանապատիվ խաղաղության մեջ, որովհետև Հերմինեն երբեք չդադարեց ստեղծագործել։

«Ըստ էության, այս տեսակ մարդիկ են, որ հայրենիքը պահողներն են, և մաղթում եմ, որ Հերմինեն արժանապատիվ խաղաղության մեջ իր հայրենիքում հնարավորություն ունենա ստեղծագործելու»,-ասել է Մ․ Հակոբյանը։

Բանաստեղծ-գրականագետ Սոկրատ Խանյանը շնորհավորեց Հերմինեին՝ նոր գիրք հեղինակելու առթիվ։

«Նա գալիս է անցյալից, բայց իր հոգու շերտերում կրում է մեր այսօրվա և՛ տառապանքը, և՛ պայքարը, և՛ հույզերը։ Դա նշանակում է, որ գիրքն ընթերցելիս մոռանում ես Հերմինե Ավագյան հեղինակին և այնտեղ տեսնում ես քեզ։ Եթե ընթերցողը գրական ստեղծագործությունն ընթերցելիս իրեն չի տեսնում, նշանակում է՝ հեղինակը չի հասել իր նպատակին»,-ասել է Ս․ Խանյանը։

Ըստ Ս․ Խանյանի՝ այս օրերին, երբ նա վերընթերցում է Հերմինե Ավագյանի ստեղծագործությունները, նա տեսնում է, որ Հերմինեն ոչ թե հաջող պատմվածքներ է ներկայացնում ընթերցողին, այլ նոր թարմ խոսք է ասում։

Նա, գիրքը վերընթերցելով, պարզել է, որ ճիշտ է մեր մեծերի այն խոսքը, որ հայրենիքը սկսում է տան բակից, ճիշտ են նշել աշխարհի բոլոր մեծերը, որ ժողովրդի մեջ չկա փոքր ու մեծ․ բոլոր ժողովուրդներն ունեն անցյալ, ունեն ներկա և ունեն հայացք դեպի ապագա։

«Ինչ մնում է մեր ժողովրդին, ապա այստեղ բացատրելու կարիք չկա․ գիտեք, որ մեր ժողովուրդը շատ մեծ, երկար արարող ճանապարհ է անցել և ունի շատ հարուստ գրականություն, այնպիսի գրականություն, որ  հաճախ տաղանդավոր մարդիկ մնում են ավելի տաղանդավորների շուքի տակ»,- իր խոսքում  նշել է Ս․ Խանյանը։

Նրա խոսքով՝ Հերմինեն գալիս է կյանքից, որը շատ կարևոր է, որովհետև եթե գրողը չի ճանաչում կյանքը, ոչ մի բան ստեղծել չի կարող, քանի որ մտացածին ոչ մի բան չի կարող դառնալ հյուսվածք, հյուսվածքի ատաղձ։

ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանն էլ  նշեց, որ երբ կարդում են ստեղծագործությունը, առաջին հերթին մեզ հետաքրքրում է, թե արդյո՞ք հեղինակը կրում  է այն արժեքները, որոնց մասին գրել է։

«Հերմինեի գրքերը կարդալով՝ ինձ համար կան և՛ հեշտ, և՛ դժվար պահեր։ Հեշտ է այն առումով, որ ես Հերմինեին շատ վաղուց գիտեմ, գիտեմ իր ընտանիքը, իր հորը, ում հետ միասին 2 կողքի գյուղերի ջոկատների հրամանատարներ էինք, և դժվար է այն առումով, թե Հերմինեն ա՞յն է, ինչ որ գրել է, թե՞ ոչ, որովհետև անգիր գիտեմ իրեն։

Ի զարմանս և հուրախություն ինձ՝ Հերմինեն այդպիսին է և նույնիսկ ավելին է, քան կա, որովհետև ամեն ինչ չէ, որ կարողանում է գրքի միջոցով արտահայտել»,-ասել է Ա․ Սարգսյանը։

Ա․ Սարգսյանը հավելեց, որ Հերմինե Ավագյանն այսօր ամեն մի բանաստեղծությամբ ու արձակով յուրովի է դաստիարակում ամբողջ սերնդին։

Միջոցառման ընթացքում հնչել են երաժշտական կատարումներ, ընթերցվել  գրքից հատվածներ և կատարվել որոշ ստեղծագործությունների  գրականագիտական վերլուծություններ։

1