«Օղակ» գործողություն․ ինչ կատարվեց 34 տարի առաջ Արցախում
Գլխավոր » Լրահոս » «Օղակ» գործողություն․ ինչ կատարվեց 34 տարի առաջ Արցախում

«Օղակ» գործողություն․ ինչ կատարվեց 34 տարի առաջ Արցախում

Ուղիղ 34 տարի առաջ՝ ապրիլի 30-ին, սկսվեց «Օղակ» («Кольцо») գործողությունը, որի անվանումն արդեն իսկ վկայում էր դրա պատժիչ բնույթի մասին։ 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս մի քանի փուլով իրականացված գործողության հիմնական նպատակն էր ուժով ճնշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կամարտահայտությունն ու ստեղծել պայմաններ հայրենի հողից նրա արտագաղթի համար։

Մասնավորապես, 1991 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՕՄՕՆ-ի ջոկատները՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի ստորաբաժանումների (Կիրովաբադ քաղաքում տեղակայված 23-րդ դիվիզիա) հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայ բնակչության տեղահանման լայնամասշտաբ ռազմական գործողություն։

1991 թ. սկզբից Ադրբեջանում գրեթե բացահայտ, ամենաբարձր մակարդակով պարբերաբար սկսեցին հնչեցնել այն միտքը, որ հայերը պետք է վտարվեն Ղարաբաղից, եթե համաձայն չեն ենթարկվել Ադրբեջանին: 1991 թ. մարտի 25-ից ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեց կանոնավոր կերպով գնդակոծել Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը:

Ապրիլի 16-ից դադարեցվեց Շահումյանի շրջանի էներգամատակարարումը, անջատվեց հեռախոսակապը: Ապրիլի 19-ին Գետաշեն գյուղում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմը դուրս բերվեց գյուղից: Ապրիլի 21-ին Բաքվի պահանջով արգելվեցին Երևան-Շահումյան կանոնավոր ուղղաթիռային չվերթները:

Ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Հայկական գյուղերը հերթականությամբ օղակի մեջ էին առնվում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից:

Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու միլիցիան մտնում էին այդ գյուղերը՝ պաշտոնապես իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկման և դրան հաջորդող տեղահանության նպատակով։

Գործողության հետևանքով ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե տասը հազար մարդ, ավելի քան հարյուրը սպանվեց, մի քանի հարյուր մարդ գերեվարվեց: Նրանցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:

Ծայրահեղ դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկնող «Օղակ» գործողությունը կտրուկ բարձրացրեց լարվածության մակարդակը տարածաշրջանում, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախերգանքը:

Ցավոք, «Օղակ» գործողության ընթացքում կատարված զանգվածային հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումներն այդպես էլ չարժանացան միջազգային հանրության քաղաքական, իրավական և բարոյական պատշաճ գնահատականին, իսկ այս պատժիչ գործողության գաղափարախոսները, կազմակերպիչներն ու իրականացնողները մնացին անպատիժ։

Արդյունքում այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես կրկնվեց և անպատիժ մնաց 34 տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները, այդ թվում՝ ռազմական ագրեսիան, տարածքների օկուպացիան, սպանությունները, էթնիկ զտումներն ու ահաբեկչությունը Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ադրբեջանը շարունակ հնչեցնում էր նույն մտքերը՝ եթե հայերը համաձայն չեն ենթարկվել Բաքվին, ապա նրանց պետք է վտարել Ղարաբաղից։ Ինչպես և 34 տարի առաջ, այս ամենը տեղի ունենցավ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ և աղաղակող անտարբերության ներքո՝ լիակատար անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում։

1991թ ապրիլի 30-ին Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի ինքնապաշտպանական մարտերում հերոսաբար զոհվեցին՝ Թաթուլ Կրպեյանը, Սիմոն Աչիկգյոզյանը (Դեդ), Արթուր Կարապետյանը, Վալերի Նազարյանը, Զարզանդ Դանիելյանը։ Այսօր նրանց հիշատակի օրն է։ Հավե’րժ փառք ու խոնարհում Հայրենիքի համար անմահացած բոլոր հերոսներին:

1