Նվազագույնը, որ պետք է անենք մեր հայրենիքի համար այս բարդագույն իրավիճակում, ուղղակի չլռելն է․ Իրինա Բարսեղյան-Կրպեյան
Գլխավոր » Լրահոս » Նվազագույնը, որ պետք է անենք մեր հայրենիքի համար այս բարդագույն իրավիճակում, ուղղակի չլռելն է․ Իրինա Բարսեղյան-Կրպեյան

Նվազագույնը, որ պետք է անենք մեր հայրենիքի համար այս բարդագույն իրավիճակում, ուղղակի չլռելն է․ Իրինա Բարսեղյան-Կրպեյան

Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կնոջ՝  հեղինակ-լրագրող, պատմական գիտությունների թեկնածու Իրինա Բարսեղյան-Կրպեյանի հետ  «Ապառաժ»-ի խմբագիր Հասմիկ Շինդյանը զրուցել է նրա գիտական գործունեության, Արցախի կորստի, Թաթուլ Կրպեյանի հերոսական կյանքի ու այն արժեքների մասին, որոնք փոխանցվել են նոր սերունդներին։

Իրինա Բարսեղյան-Կրպեյանը տասնյակից ավելի հոդվածների հեղինակ է, որոնք ոչ միայն զուտ գիտական են, այլև՝ հրապարակախոսական։  Որպես պատմաբան նրա  հետաքրքրությունների առանցքում են Հայոց պատմության նոր և նորագույն շրջանները։ Նրա հեղինակությամբ լույս է տեսել «Թաթուլ Կրպեյան․ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» աշխատությունը, որը հրատարկվել է նաեւ անգլերեն լեզվով։  

Արցախի  կորստից  հետո  ծանր  է, արցախյան պայքարին նվիրյալ Թաթուլ Կրպեյանի ազատագրած  Հայրենիքը  հանձնվեց թշնամուն, ինչպիսի՞նն էր Թաթուլի երազած Հայրենիքը։

-Թաթուլ Կրպեյանը երազում էր ազատ, անկախ, միացյալ Հայաստանի մասին, այն Հայաստանի, որի համար դարերով երազել ու պայքարել են հայազգի նվիրյալները։ Նա պայքարում էր հայկական ազգային ոտնահարված իրավունքների վերականգման համար։ Իր պայքարն սկսեց անցյալ դարի 80-ականների վերջին ամենավտանգված հայկական տարածքների հայ բնիկների իրավունքների պաշտպանությամբ, նկատի ունեմ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանը, որի բռնի հայաթափությունից սկսվեցին հայության հանդեպ ցեղասպանական նոր գործողություններ մեր իսկ հազարամյակների բնօրրանում։

Թաթուլ Կրպեյանն սկզբունքային, հայրենանվեր գործիչ էր։ Նա տե՛ր էր իր խոսքին, որն ապացուցում էր գործով։

Թաթուլ Կրպեյանի երազած հայրենիքը նաև հզոր, ինքնիշխան, ապահով, ինքնաբավ, պատմականորեն վերականգնված տարածքներով հայկական պետականությունն էր։

Խոսքերով անհնար է արտահայտել այն ցավը, որն ապրել ենք՝ ականատես լինելով Արցախի կորստին, որն ի սկզբանե, հազարամյակների հոլովույթում եղել է հայկական։ Անհնար է հաշտվել այն մտքի հետ, որ ազգային-ազատագրական պայքարի ողջ ձեռքբերումները՝ պատմական Արցախը՝ լեռնային ու դաշտավայրային բաղադրիչներով, որի ազատագրության համար Թաթուլ Կրպեյանն ու  բոլոր նվիրյալները կյանք դրեցին, ակնթարթների ընթացքում զավթվեց՝ նոր ցեղասպանությամբ, նորանոր զոհերով ու տառապանքով։ Պատկերացնելու համար մեր ընտանիքի ապրումների ծանրությունը, նշեմ, որ ես դեռ 2020 թվականի նոյեմբերին եմ գրել այդ մասին, ասելով, որ հերոսները հետմահու սպանվեցին․․․

— Թաթուլ Կրպեյանի հերոսական կերպարը շարունակում եք վառ պահել Ձեր գործունեությամբ, վերջերս հրատարակել եք մենագրություն, որտեղ արժեքավոր պատմական փաստաթղթեր եք ներկայացրել, պատմեք գրքի մասին։

-Ես համոզված եմ, որ յուրաքանչյուրս իր առաքելությունն ունի այս կյանքում։ Թաթուլ Կրպեյանի զոհվելու լուրն առնելու առաջին իսկ պահից ես հասկացա, որ պետք է դառնամ այդ աննախադեպ հերոսական պատմության վավերագիրը։ Թաթուլ Կրպեյանի անձնական արխիվում եղած նյութերը Գետաշենի ենթաշրջանում իրականացված «Օղակ» ահաբեկչական գործողությունից հետո ձեռք են բերել պատմական մեծ արժեք։ Դրանց մի փոքր մասն է իմ երկու գրքերում տեղ գտել, իսկ հիմնականում դրանք դեռևս հրապարակված չեն։

Իմ առաջին հայերեն պատմագիտական աշխատությունը լույս տեսավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրատարակությամբ 2016 թվականին՝ «Թաթուլ Կրպեյան․ Հյուսիային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» խորագրով։
Այն շատ արագ սպառվեց, գրեթե երկու շաբաթում։ Այնուհետև, քանի որ մեծ էր հետաքրքրությունը, վերահարատարակեցինք։ Իսկ 2019 թվականին լույս տեսավ գրքի անգլերեն թարգմանությունը՝ (“Tatul Krpeyan: the Self-Defense of the Getashen Sub-district in Northern Artcakh”) լրամշակված, հավելյալ տեղեկություններով ու արխիվային լուսանկարների ծավալուն հավելվածով։

Իմ առաքելության առանցքը, իհարկե, մեր դստերը՝ Ասպրամին, այս գաղափարները փոխանցելն է եղել, ու ես շարունակում եմ այն անշեղորեն կատարել Թաթուլ Կրպեյանին տվածս խոստմանը հավատարիմ։ Ի դեպ, դուստրս նույնպես նախանձախնդիր է, որ հայրիկի արխիվային ժառանգությունն ըստ արժանվույն հրատարակվի ու հանրայնացվի։

— Սփյուռքում հաճախակի եք հանդես գալիս դասախոսություններով, խոսում հայկական մշակութային կորուստների, արցախյան ազատամարտի հերոսական դրվագների մասին, ո՞ր երկներում եք եղել եւ ինչպիսի՞ լսարան ունեիք։

-Ոչ միայն կարևոր է գրելը, վավերագրելը, հրատարակելը, այլև հանրահռչակելը, տարածելը, այդ գաղափարներով կրթելը։

Ես փորձում եմ հնարավորինս տարածել հերոսների ու հերոսականության մասին իրական պատմությունները, ներկայացնել հայոց պատմության փառավոր դրվագները, որոնք կերտել են մեր ինքնությունը, նաև մատնանշել կորուստները, որոնք, ցավոք, նաև տկարացրել են մեզ։ Ընդհանրապես սխալներն ու կորուստներն ուժեղացնում են մարդուն կամ հանրույթներին, եթե անհատը կամ հանրույթը գիտակցում է, հիշում է, վերագնահատում է անցյալի պատմությունը, փորձը, գիտելիքը և դասեր է քաղում։ Մենք չպետք է մոռանանք, թե որտեղ էինք և ուր հասանք, առավել ևս՝ չպետք է մոռանանք հայրենիքի համար որևէ ժամանակաշրջանում կյանքը նվիրաբերած հերոսներին։

Ես դասախոսություններով և գրքերիս շնորհանդեսներով հանդես եմ եկել աշխարհի մի շարք երկրներում՝ Շվեյցարիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան։

Ուրախ եմ ասելու, որ Օքսֆորդի համալսարանում (University of Oxford) և Լոնդոնի Թագավորական համալսարանական քոլեջում (King’sCollege London) անգլերեն գրքիս շնորհանդեսին ներկա էին նաև օտարերկրացի գիտնականներ և ուսանողներ։

Դասախոսություններս ու գրքերս հիմնականում հայկական շրջանակներին են ներկայացվել՝ ոչ միայն մայրաքաղաքներում, այլև վերոնշյալ պետությունների բազմաթիվ այլ քաղաքներում։

Նշեմ, որ ամենուր մեծ հետաքրքրություն կա Արցախյան ազատամարտի պատմության՝ հատկապես ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կյանքի, նրա քաղաքական ու ռազմական գործունեության նկատմամբ։ Ցավոք, Թաթուլ Կրպեյանի ու բոլոր զոհված ու վիրավորված տղաների, բոլոր նվիրյալների տարիների, ավելին՝ սերունդների դարերի ջանքերը, թափած արյունն ու քրտինքը զրոյացվեցին։ Արյունով ազատագրված հայրենիքը նորից մնաց թշնամու տիրապետության տակ, իսկ բնիկ արցախցիները հայրենազրկվեցին։

 — Հայաստանի Հանրային ռադիոյով «Ժամանակի վկան» հաղորդաշարի հեղինակն էիք, վերջերս տեղյակ ենք, որ փակվեց այն, ինչու՞։

-Ես Հանրային ռադիոյում աշխատել եմ սկսած 2000 թվականից մինչև 2025 թ․հունվարի 1-ը։ Այդ ընթացքում հեղինակել եմ շուրջ մեկ տասնյակ հաղորդաշարեր, որոնք ունեին պատմագիտական, հայագիտական, մշակութաբանական բովանդակություն։ «Ժամանակի վկան» դրանցից վերջինն էր։

Պատճառը հստակ է․ այն ինձ ասվել է ռադիոընկերության ղեկավարության շուրթերով․ «Հայոցպատմության թեմաներով հաղորդում չենք ուզում»։

— Ներկա հանգրվանում, երբ ազգային առաջնահերթությունները հետ են մղվում, ո՞րն է հայ մտավորականի առաքելությունն այսօր։

-Երբ Արցախյան շարժումը սկսվեց, մենք ուսանող էինք, ու առանց երկմտելու միացանք շարժմանը։ Ես հիշում եմ, թե որքան զգայուն էին երիտասարդությունն ու մտավորականությունն այդ օրերին։ Մենք անտարբեր չէինք իրավիճակի որևէ չափի սրման դեպքերում։

Ընդհանրապես ուսանողությունը, երիտասարդությունը, մտավորականությունը բոլոր ժամանակներում եղել են հասարակությունների շարժիչ ուժերը։ Նրանք են իրենց ուսերին կրել առաջընթացի, նորարարության, զարգացման նախաձեռնողականության զգալի ծանրությունը։ Նրանք են, որ եղել են անվախ ու ոգեշնչող։ Թաթուլն ու ես հենց այդպիսի ընկալում ենք ունեցել, այդ կերպն ենք ընդունելի համարել։ Թաթուլ Կրպեյանն իր կյանքով, պայքարով, նվիրումով ու անձնազոհությամբ ցույց տվեց, որ կյանքից առավել Հայրենիքի փրկությունն է կարևոր հենց այն պահին, երբ այն վտանգված է։

Նա գործեց աննախադեպ հերոսություն, երբ ընդամենը 26 տարեկան էր։

Այսօր էլ հրաշալի երիտասարդություն ունենք։ Նրանք ավելի հուսառատ ու հուսավառ են, քան, կարելի է ասել, մեծահասակների մեծ մասը, և, հատկապես, այն երիտասարդությունը, որ քաղաքական ակտիվություն է դրսևորում․ նրանք բարձր գիտակցական, մտավոր ու ազգային գաղափարական ներուժ ունեն։

Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա նկատած կլինեք, որ ես իմ հրապարակային խոսքում ազատորեն արտահայտում եմ իմ անհանգստությունները։ Համոզված եմ, որ մենք՝ մտավորականներս, նվազագույնը, որ պետք է անենք մեր հայրենիքի համար այս բարդագույն իրավիճակում, ուղղակի չլռելն է։ Ես միշտ քարոզել եմ, որ ամեն ոք իր տեղում, իր չափով իր գործը, աշխատանքը կամ պարտականությունները  կատարելով՝ կարող է նպաստել մեր հայրենիքի ու պետականության վերելքին, բայց, երբ դրանք վտանգված են, ոչինչ այլևս նշանակություն ունենալ չի կարող, բացի համազգային համախմբումից, ջանքերից, նվիրումից ու պայքարից։

1