Նվագել ու երգել Արցախի համար. Արցախի խաղաղության փառատոն
Գլխավոր » Լրահոս » Նվագել ու երգել Արցախի համար. Արցախի խաղաղության փառատոն

Նվագել ու երգել Արցախի համար. Արցախի խաղաղության փառատոն

Օրեցօր երկարող հերթերի, օրվա հացի փնտրտուքի մեջ ապրող Արցախի բնակիչների համար գոտեպնդիչ նշանակություն ունի դրսից հնչող ապրումակցման, զորակցման ցանկացած խոսք ու գործ՝ հատկապես երբ այն հնչում է օտարազգիների կողմից ու առավել ևս արվեստի միջոցով։

Ինչո՞ւ ոչինչ չի արվում, իսկ ե՞ս ինչ եմ անում՝ ես ինքս, իսկ կա՞ բան, որ կարող եմ անել։ Երկար մտորումներից հետո այս հարցերի պատասխանը գտել է երգահան, կատարող, «Մուզանավ» մշակութային հկ նախագահ Լիլիթ Բլեյանը՝ փորձելով իր հնարավորության սահմաններում լսելի դարձնել շրջափակված Արցախի ձայնը։  Իսկ այդ պատասխանը արվեստն է, օգոստոսի սկզբից մեկնարկած Արցախի խաղաղության առցանց փառատոնը։

«Շրջափակման սկզբում փորձեցինք նմանատիպ մի բան կազմակերպել՝ երաժիշտների ֆլեշմոբ կամ առցանց համերգ, բայց հետո տարատեսակ լուրերը, թե՝ այ հեսա ճամփան բացվելու է, մեզ տարան անորոշ ակնկալիքների ճանապարհով, ու ոչինչ չարեցինք։ Իսկ երկու ամիս առաջ, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ ծրագրված է Արցախը կտրել աշխարհից, մեր նյարդերը հասան լարվածության պիկին։ Ամեն օր մտքումս հարցերի շարք էր պտտվում, որոնցից մեկը ինձ ստիպեց հաշվարկել իմ ունեցած ռեսուրսները»,- նախաձեռնության մասին պատմում է Լիլիթ Բլեյանը։

Նրա խոսքով՝ որպես երգահան, կատարող ինքն ունի շատ սիրելի, շատ յուրահատուկ, բայց փոքր լսարան, որը հիմնականում երկրի ներսում է, իսկ երկրի ներսում թիրախային անելիքն այլ է։ «Երկրի ներսում մենք պահանջելիք ունենք իշխանություններից և հենց նրանց պիտի ուղղենք բոլոր հարցերը։ Բայց դա չի նվազեցնում մյուս կարևոր խնդիրը․ մեզ պետք է հնարավորինս բարձր ու ազդեցիկ ձայնով խոսել Արցախի այսօրվա վիճակի մասին նաև դրսի լսարանի հետ, քանի որ նաև շատ լուրջ տեղեկատվական շրջափակման մեջ ենք, հայկական դիվանագիտությունն էլ շատ տխուր վիճակում է, ու մենք պիտի ամեն եղանակ փորձենք՝ միջազգային տեղեկատվական սառույցը կոտրելու համար»,- ասում է նա։

Քանի որ շատ ընկերներ ունի դասական երաժշտության ոլորտից, որոնք հիմնականում հենց դրսի լսարանի համար են հանդես գալիս, մտածեց, որ հենց նրանք կարող են իրենց լսարանն ակտիվացնել ու ներգրավել այս թեմայի տարածմանը։ «Ես դիմեցի մի հրաշալի, ամուր մարդու, որի նյարդերն ու փորձը հերիքում են դժվար ու երկար ճանապարհ անցնելու համար («Հայ Ձմեռ պապ» հկ նախագահ Արմինե Պետրոսյանին), և մենք սկսեցինք դիմել աշխարհի տարբեր բեմերում ակտիվորեն հանդես եկող մեր դասական երաժիշտներին»,- մանրամասնում է Լ․ Բլեյանը։

Փառատոնի պաշտոնական մեկնարկը տրվել է օգոստոսի մեկին՝ հատուկ Մանիֆեստով, որը ստորագրել ու տարածել են փառատոնի սկզբնական կազմում հանդես եկող արտիստները։ «Մենք` երաժիշտներս, այսօր նույնպես զրկված ենք Արցախի մեր հանդիսատեսի համար ելույթ ունենալու հնարավորությունից։
Այդ պատճառով մենք հայտարարում ենք Արցախի խաղաղության փառատոնի մեկնարկը՝ վիրտուալ փառատոնի, որը կոչված է երաժշտության միջոցով պատմելու պաշարված ժողովրդի մասին, կոտրելու լռության պատը, մեր ձայնը դարձնելու Արցախի ձայնը»,- ասվում է երաժիշտների տարածած մանիֆեստի մեջ։ Այս պահին շուրջ հինգ տասնյակ արտիստներ կան, որոնք պատրաստակամությամբ մասնակցում են առցանց փառատոնի աշխատանքներին։ Դա ներառում է աշխատանք մամուլի հետ, երաժշտական կատարումների տրամադրում, այլ գործընկերների հետ կապերի հաստատում և ներգրավում, ստեղծագործական գաղափարներ։ Արդեն ահագին երաժշտական համարներ կան, երաժշտական տեսանյութեր, որոնք կազմակերպիչները վերածում են տեղեկատվական հոլովակների։ Այդպիսով ստացվում է, որ իր սիրելի արտիստի կատարումը լսել ցանկացող հանդիսատեսը կատարման հետ միաժամանակ ստանում է նաև տեղեկատվություն Արցախում կատարվողի մասին՝ բավականին մեծ ծավալով։

Նախաձեռնությանն ամեն օր տարբեր երկրներից միանալու հայտեր են ստանում, հաճախ՝ այլազգի երաժիշտներից, որոնց մեջ կան լուրջ, մեծ հեղինակություն ունեցող արտիստներ։ «Սա ձնագնդի էֆեկտն է․ ինչքան համառորեն «գլորվում ենք», այնքան ավելանում ենք։ Դասական արտիստներն աշխատում են լուրջ երաժշտության հետ, որը հաճախ շոշափում է մարդասիրության, խաղաղության, փոխօգնության գաղափարները, և նրանցից շատերն իրենց ներսում կրում են այդ արժեքները։ Նրանց պետք է տալ տեղեկատվություն, շատերը պարզապես տեղյակ չեն, թե ինչ է կատարվում։ Մեր մասնակից արտիստներից երբեմն ինձ գրում են՝ զարմացած արձագանքներ ենք ստացել, թե՝ այս ի՞նչ է կատարվում ձեր երկրում։ Մենք դրսում տեղեկատվության տարածման լուրջ խնդիր ունենք։ Նույնիսկ համացանցում Արցախ բառով որևէ նյութ տարածելն արդեն բավականին բարդացել է։ Մենք անընդհատ ճանապարհներ ենք փնտրում՝ այդ արհեստական խոչընդոտները հաղթահարելու համար»։

Խոսելով նախաձեռնության արդյունքների մասին՝ մեր զրուցակիցը նշում է, որ դժվար է հաշվարկել նման ցանկացած միջոցառման վերջնական ազդեցությունը․ «Ինձ թվում է՝ բոլոր հարթակները, բոլոր հնարավոր լսարանները պետք է թիրախավորել՝ դրական իմաստով։ Արտիստների լսարանը շատ յուրահատուկ է և ընդգրկուն, և կարևոր է, որ մշակութային ակտիվ կյանքին մասնակից հանդիսատեսը ամեն օր տեսնի, որ իր սիրելի արտիստի երկրում, հոգում, մտքում կատարվում է այնպիսի բան, որի մասին նա լռել չի կարող։ Ու առավել ևս կարևոր է, որ Արցախում այսօր պաշարված մեր հայրենակիցները, հարազատները լսեն, զգան, որ իրենց մասին բոլոր հարթակներով խոսվում է, որ մեծ բեմերում երգող ու նվագող արտիստները նույնիսկ այս փակ վիճակում ելույթներ են ունենում Արցախի համար, որ բոլորիս մտքում ու սրտում պաշարված ժողովուրդն է։ Որովհետև այսօր դրսի ու ներսի հակառակորդը մեծ ջանք է թափում, որ մեզ բոլորիս համոզի, թե վատն ենք, անտարբեր ենք, թքած ունենք։ Դա ամենևին այդպես չէ, ու ասենք միջազգային լուրջ մրցույթի մեկնող, օրուգիշեր այդ մրցույթին պատրաստվող երիտասարդ բարիտոնը իր ողջ հանրային ակտիվությունը նվիրում է հենց Արցախի թեմային, գնում մրցույթը հաղթում է ու էլի խոսում Արցախի մասին։ Սա արհեստական, ձևական բան չէ։ Այս արտիստները մեր մեծ ներուժն են, որը պետությունը, ցավոք, չի օգտագործում, և հանրային նախաձեռնությունները գոնե թույլ են տալիս այս մտահոգ, մտածող, սիրտ ու գլուխ ունեցող մարդկանց հարթակ տրամադրել, որ իրենց ձայնը դարձնեն պաշարված Արցախի ձայնը»։

Լիլիթ Բլեյանը նաև  մի քանի անուն առանձնացրեց, որոնք առաջին օրից մեծ պատրաստակամությամբ միացել են գաղափարին ու մեծ գործ են անում՝ կոնտակտներ ստեղծելով, իրենց կոլեգաների հետ կապվելով, հարցազրույցներ ու ելույթներ ունենալով։ «Փառատոնի բացման խոսքը ստանձնեց մաեստրո Տիգրան Մանսուրյանը, որը շատ լուրջ ու զգացմունքային խոսք հնչեցրեց։ Հրաշալի արտիստների անուններ կուզեի տալ, որոնք իրենց մեծ զբաղվածության մեջ ամեն օր գոնե մի պստիկ բան կարողանում են անել՝ մեր փառատոնի ու ընդհանրապես Արցախի շրջափակման թեման ակտիվ պահելու համար՝ Լիաննա Հարությունյան, Ռուզան Մանթաշյան, Գուրգեն Բավեյան, Ակսել Դավեյան, Նարինե Դելլալյան, Սուրեն Շահիջանյան, մեր փառատոնի «ընտանիքի անդամ» դարձած խորվաթուհի Էվա Կիրխմայեր Բիլիչը, որն իր երկրում մշակութային հանրությանն ամեն առիթով տեղեկացված է պահում Արցախում կատարվողի մասին, սիրելի և զգացմունքային Մարիա Գուլեգինան, որն իր ողջ հանրային գործունեությունը նվիրել է խնդրի բարձրաձայնմանը։ Էլի շատ անուններ կան և ավելանում են։ Մեզ շուտով կսկսեն միանալ նաև այլ ժանրերի արտիստներ, հայտեր շատ ունենք, կընդլայնվի մեր ընդգրկումը»,- եզրափակել է երգահանը՝ կարևորելով, որ լինի այն հարթակը, որից երաժիշտները կկարողանան օգտվել և տարածել իրենց խոսքը, որպեսզի Արցախի ձայնը բարձր ու հստակ հնչի աշխարհում։

1