Նրանք դեռ անհաշիւ ասելիքներ ունեն իրենց ժառանգորդներին
Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր, վերլուծաբան՝ Լեւոն Մկրտչեանը (1919-1998թթ․), վերլուծութեան առարկայ դարձնելով հայ ազատագրական պատմութեան դրուագներից՝ Արցախի «Թեւանական շարժում»-ը, այսօրեայ նշանակութեան մտքեր է յայտնում Արցախի ազատագրման եւ ինքորոշման նպատակին տանող պայքարի անհրաժեշտութեան եւ այդ պայքարի ոգին անսասան պահպանելու պարտաւորութեան մասին, 1979թ․։ Նա գրում էր․
«Երբ դիտենք, թէ ինչի՛ համար էին պայքարում թեւանականները եւ նրանց դէմ հիւսիսից թուրքերին օգնութեան հասած կարմիր զօրքերը՝ կարող ենք որոշել նաեւ երկուստեք տրուած զոհերի գինը։ Պայքարը վերջացաւ նրանով, որ հայոց պապենական Հայրենիքի արցախեան հատուածը գրաւուեց ու նուիրաբերուեց թուրքերին: Բայց այդ գրաւումը, ինչպէս վկայում է պատմութիւնը, առանց դիմադրութեան չեղաւ։ Եւ դիմադրութեան մնայուն խորհրդանշան են հանդիսանում թեւանականները։
«Հայ ազգային–ազատագրական պայքարի պատմութիւնը պարունակում է բազմաթիւ դրուագներ։ Դրանցից մէկն է 1920թ. սեպտեմբերից մինչեւ 1921թ. ապրիլի վերջը տեւած հայրենամարտն ու ազատամարտը Հայոց Արցախում։ Հայ աշխատաւոր գիւղացիութիւնը, իր առողջ բնազդին հնազանդուելով, ոտքի կանգնեց իր հայրենի երկրի ինքնութիւնը պաշտպանելու համար։ Ուժերի յարաբերակցութեան այն ժամանակի պայմաններում այդ քայլը, յիրաւի, պահանջում էր ոչ միայն հայրենասիրութիւն, այլեւ արտակարգ արթնամտութիւն եւ խիզախութիւն։
«Եւ այդ արթնամտութեան ու խիզախութեան ապացոյցները իրականում շատ են ու անվիճելի։ Դեռեւս 1920 թուին հայ շարքային գիւղացիները նախօրօք հասկանում էին այն, ինչ որ ուրիշները տասնեակ ու տասնեակ տարիներ անցնելուց յետոյ միայն պիտի կարողանային հասկանալ։ Այն, որ կոմունիստական «ինտերնացիոնալիզմի» անունով հայութիւնը անխղճօրէն զոհաբերւում է թրքութեանը, այսինքն հայութեան ոխերիմ թշնամիներին։
«․․․ Այսօր գաղտնիք չէ, որ Ղարաբաղի (եւ ոչ միայն Ղարաբաղի) հայութեան բախտը 1921 թուականին տնօրինել են Ստալինն ու Նարիմանովը՝ ընդդէմ այդ նոյն հայութեան կամքի․․․ Ահա թէ ինչու Արցախի հայ գիւղացիները չէի՛ն ուզում, որ հայութեան կամ նրա որեւէ հատուածի բախտը տնօրինեն Ստալինները, Նարիմանովները եւ նրանց ցեղին պատկանող միւս բոլոր մեծ ու փոքր աւազակները: Նրանք ուզում էին իրենք տնօրինել իրենց բախտը։ Դրա համար էլ պայքարում էին անձանազոհութեամբ ու յամառօրէն։
«Ազատագրական պայքարի «թեւանական» ճակատի մարտիկները իրենց պարտքը կատարեցին եւ բնութեան օրէնքով պատմութեան անցան: Բայց, դրա դիմաց, նրանց ոգին ու գործը չի կարող միայն պատմութեան պատկանել։ Այդ ոգին ու գործը շարունակւում են նրանցից յետոյ ապրողների երակներում, սրտերում ու մտքերում:
«Քանզի իւրաքանչիւր սերունդ, իր հաւաքական ինքնութիւնը, տեղն ու կշիռը որոշելու համար, անհրաժեշտաբար կարիք ունի դիմելու իր նախնիների պատկերին ու օրինակին, նրանց գործի ձայնի արձագանգներին, առաջնորդող ոգուն: Ահա թէ ինչու թեւանականները եւս իրենց հերթին անհաշիւ ասելիքներ ունեն իրենց բնաշխարհիկ ժառանգորդներին»:
(Մկրտչեան Լեւոն, Հայ ազատագրական պայքարի դրուագներից մէկի շուրջ, Ազդակ շաբաթօրեակ-Դրօշակ, ՀՅԴ պաշտօնաթերթ, Բէյրութ, 1979 օգոստոսի 20, էջ 553)