Նորից սկսել են Արցախում խուճապ և երկյուղ տարածել․ Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Արցախում նորից սկսել են խուճապ և երկյուղ տարածել հանրության շրջանում։
«Վերջին մի քանի օրերին, երբ Արցախում ներքաղաքական ճգնաժամը, կարծես թե, հարթվելու փուլ է մտել և գտնվում է շատ փխրուն ու հեղհեղուկ վիճակում, մի շարք, չգիտես՝ նույնիսկ ինչպես նկարագրես` «երկոտանիներ», որոնց բանուգործը եղել է նիկոլական մեթոդներին համահունչ Արցախի պետականության կազմաքանդումը, մի քանի օրվա դադարից հետո նորից սկսել են կյանքի նշույլներ ցույց տալ` այս անգամ արդեն խուճապ և երկյուղ տարածելով հանրության շրջանում:
Ըստ այդմ նորից կրկնում եմ՝
1. Այլ տարբերակ չկա։ Ներքին երկաթյա կարգապահություն՝ հիմնված սոցիալական արդարության, կեղծ ժողովրդավարությունից հրաժարվելու, մասնակի կամ լրիվությամբ քաղաքական-հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու, բոլոր պառակտիչներին և սադրիչներին պատժելու ու այլ նեգատիվ երևույթները պետական հանրային կյանքից վերացնելու հիմքի վրա:
2. Համախմբում գաղափարի ու պայքարի շուրջ` հանուն Արցախի և Հայաստանի»,- գրել է նա։