Նոր ծրագիր՝ արցախցի տեղահանված ձեռնարկատերերին աջակցելու համար

Մեկնարկել է Արցախ Միության կողմից և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արցախյան տեղահանված գերփոքր ու փոքր ձեռնարկատերերի (ձեռնարկությունների) քարտեզագրում, իրազեկում և կարողությունների զարգացում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է՝ աջակցել ՀՀ-ում գործող արցախյան գերփոքր ու փոքր ձեռնարկություններին՝ բարելավելով նրանց տնտեսական կայունությունն ու մրցունակությունը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է արցախյան ձեռնարկությունների կարիքների գնահատում և տվյալների շտեմարանի ձևավորում, կարիքահեն վերապատրաստումներ՝ բիզնես կառավարման թեմաներով, անհատական բիզնես խորհրդատվություն և մենթորություն, ամբողջական փաթեթով աջակցություն կստանան միայն 30 շահառուներ, որոնցից լավագույն 5-ը՝ նաև դրամաշնորհ:
Բոլոր այն ձեռնարկությունները, որոնք կդիմեն ծրագրին ու կընդգրկվեն տվյալների շտեմարանում, պարբերաբար կստանան տեղեկատվություն շուկաների հասանելիության աճի և գործարար կապերի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
Ծրագրին կարող են դիմել Արցախից տեղահանված այն անձինք, որոնք այս պահին ՀՀ-ում իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն, ունեն մինչև 20 աշխատակից, միջին ամսական շրջանառությունը չի գերազանցում 12․5 միլիոն դրամը:
Դիմելու վերջնաժամկետը հունիսի 8-ն է:
Ծրագրի տևողությունը՝ 2025թ․մայիսից մինչև 2026թ․ հունվար։