Նոր պատերազմ, հին դասեր
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հերթական պատերազմը սանձազերծեց: Երբ դեռ թարմ են տավուշյան դասերը, հարց է ծագում, թե ինչու Ադրբեջանը նախաձեռնեց նոր արկածախնդրություն: Մյուս կողմից` ադրբեջանական իշխանությունների` վերջին շաբաթների ագրեսիվ հռետորաբանությունը, ռազմական միջոցների և վարձկան ծայրահեղականների ակտիվ ներմուծումը երկիր իրական էին դարձնում հնարավոր պատերազմի հավանականությունը: Բացի այդ` թշնամի երկրի ղեկավարի համար միեւնույն է, թե ինչպես կգնահատեն իր հանցավոր քայլերը «դրսում»` նկատի ունենալով ընթացող բանակցություններն ու պայմանավորվածությունները հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ:
Ալիևը ցանկանում է հայությանը ներշնչել, որ երբեք հանգիստ չի տալու, մաշող ու սողացող, պարբերաբար սառչող ու տաքացող հակամարտությունը շարունակվելու է, մինչև հայկական կողմը հրաժարվի Արցախի նկատմամբ հավակնություններից: Սրան կարող ենք ավելացնել ներքին խնդիրները, որոնցից սեփական ժողովրդին մշտապես ձգտում է շեղելու նավթի ու արյունի բռնապետը: Բոլորիս համար ակնառու դարձավ նաև, որ այս անգամ և գուցե այսուհետ գլխավոր թելադրողի դերում է նեոօսմանիզմի ցնորքներով համակված Թուրքիայի նախագահը, ով այսօր արդեն իշխում է Նախիջևանում և ձգտում է իր իշխանությունը տարածելու ողջ Ադրբեջանում: Սահմանակից և ոչ սահմանակից տարածաշրջաններում ազդեցության հաստատման համարձակ ու կոշտ մրցակցության մեջ նետված Թուրքիան, կարելի է ասել, որ իրականացնում է իր նվիրական երազանքներից ևս մեկը, ներգրավվում է կովկասյան գործերում և, ձգձգվող հակամարտության մեջ դերակատար դառնալով, փորձում է այն դարձնել գերուժերի և մասնավորապես Ռուսաստանի հետ իր աշխարհաքաղաքական առևտրի խաղաթղթերից մեկը:
Հայկական կողմը պետք է լրջորեն գնահատի այս իրողությունը և անի ճիշտ հետևություններ՝ առաջնորդվելով միայն իր շահերով և դիմակայելով արտաքին թելադրողների ճնշումներին: Չավարտված այս նոր պատերազմում ևս հայության գլխավոր զենքը իր միասնականությունն է: Այն ողջախոհությունն է, որով առաջնորդվելով` ընդդիմության հիմնական ուժերը և առաջին հերթին Դաշնակցությունը հայտարարեցին, որ ճակատագրական պահին անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր ներքաղաքական տարաձայնությունները և համախմբվել միասնական ուժերով երկիրը նոր փորձությունից հաղթականորեն դուրս բերելու նպատակի շուրջ:
Նոր պատերազմի համար Ադրբեջանի արկածախնդիր ղեկավարությանը հավանաբար ոգևորեցին նաև Հայաստանի ներքին կյանքում արձանագրված որոշ գործընթացներ, որոնց դասը նույնպես մենք պարտավոր ենք քաղել, ինչպես և խաղաղասիրության պատրանքներից սթափվելով` մտածել առաջնային անելիքների մասին` վերականգնել ներքին միասնականությունը, իրական քայլեր ձեռնարկել տնտեսական կայուն զարգացման մայրուղի դուրս գալու ուղղությամբ, վարել ակտիվ արտաքին քաղաքականություն այն հարթակներում, որոնցում ունենք արդյունավետ գործելու փորձ ու հնարավորություն, ինչպես և շահերի համընկնումներ: Պահի աներկբա թելադրանքն է, որ Հայաստանը Արցախի հետ կնքի ռազմաքաղաքական դաշինք` հստակորեն արտահայտվելով այն բաների մասին, որոնցով արդեն իսկ զբաղվում է` հավաստելով բազմակողմանի հովանավորությունը հայկական երկրորդ պետության և այնտեղ ապրող ժողովրդի հանդեպ: Քաղաքականորեն ամրագրելով հանձնառությունները՝ պետք է բարեկամ պետությունների համար հիմնավորի Արցախի անկախության ճանաչման իրավական անհրաժեշտությունը: Աշխարհաքաղաքական ուժեղ, ակտիվ դերակատար, գրավիչ Հայաստանը կկարողանա վերջնականապես հաղթահարել այն փորձությունը, որը կարելի է անվանել ադրբեջանաթուրքական ֆաշիզմ: Ժամանակն ու թավալգլոր զարգացումները սխալվելու և հապաղելու շռայլությունը չեն ընձեռում մեզ:
Ա. Շ.
հոկտեմբեր, 2020 թ.