Նոր որակի պետություն ստեղծելով` հնարավոր է դուրս գալ այս մղձավանջից
Ի՞նչ ունենք պատերազմից մեկ տարի անց, որո՞նք են պարտության պատճառները, որո՞նք են այսօրվա մեր հիմնական անելիքները: Այս հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ:
-Պարոն Հակոբյան, ըստ Ձեզ` 44-օրյա պատերազմից մեկ տարի անց կարո”ղ ենք հստակ մատնանշել պարտության հիմնական պատճառները: Որո՞նք են դրանք:
-Ցավոք սրտի, իմ դիտարկումներն այս հարցի շուրջ լինելու են զուտ վերլուծական բնույթի, քանզի կա մեծ ծավալի տեղեկատվություն, որին տիրապետում են միայն մի քանի անձինք, որոնք ներկայացնում են իշխանությունը և որոնք թաքցնում են այդ իրական տեղեկատվությունը, որը կարևոր է` հասկանալու համար և՛ պատերազմի սկսման, և՛ պատերազմին պատշաճ չարձագանքելու, և՛ պատերազմը ժամանակին չկանգնեցնելու պատճառները: Սակայն, միանշանակ է, որ այս պատերազմի ելքը վճռված էր դեռևս մինչև սեպտեմբերի 27-ը, քանզի 2018 թվականին Հայաստանում իշխանության եկավ մի քաղաքական ուժ, որը հետևողականորեն քանդեց հայկական բանակը, առ ոչինչ դարձրեց Արցախյան հերոսապատումը:
2020 թվականին այս իշխանությանը միացավ նաև Արցախի նորընտիր իշխանությունը, որը ստորակետի ճշտությամբ համաձայն էր նրանց վարած հակահայ քաղաքականությանը: Պատահական չէ, որ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ ավարտից հետո, հենց հայաստանյան և արցախյան իշխանությունները շրջանառության մեջ դրեցին դավաճանության առկայության եզրույթը և սկսեցին ակտիվորեն տարածել: Արդյունքում մեղավոր էին բոլորը, բայց ոչ իրենք: Հիմա էլ մեծ թափով փորձ է արվում մեղավորությունը բարդել ժողովրդի կամ զինվորի վրա:
Սակայն պետք է փաստել, որ 44 օրյա պատերազմի նման խայտառակ և կործանարար ելքի և՛ պատճառը, և՛ մեղավորները միայն ու միայն Հայաստանի և Արցախի ներկայիս իշխանություններն են: Իմ կարծիքով, այս պետական դավաճանական վարքագիծը երկու իշխանությունների հիմնական դերակատարները՝ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարութունյանը, դրսևորեցին ոչ թե չիմացության կամ սխալի պատճառով, այլ հատուկ, դրսից կազմակերպված ուժերի թելադրանքով՝ իրենց համաձայնության պարագայում:
-2020թ. հոկտեմբերի կեսերից հետո կարծես թե արդեն պարզ էր պատերազմի ելքը: Դուք այդ օրերին արդյո՞ք կանխատեսում էիք պատերազմի այսպիսի վերջաբան:
-Այն, որ պատերազմը սկսվել էր ոչ միայն մեր հայրենիքը օկուպացնելու նպատակով, այլև հայկական բանակը հիմքից քանդելու և հայ ազգի մեջ բնաջնջվելու վախ ներշնչելու համար, և այս գործընթացին օգնում էին ներսից, արդեն իսկ պարզ էր հենց առաջին օրերից: Հայաստանյան իրականության մեջ տարածելով «հաղթելու ենք» հեշտեգը, իսկ բանակում անկազմակերպվածության միջոցով պանիկա տարածելը՝ հենց ասածիս հավաստումն էր: Ցավոք, տեղում ոչ ոք չկարողացավ կանգնեցնել այս ազգադավ և կործանարար գործընթացը, անկախ նրանից` կանխատեսում էին, թե ոչ:
-Պատերազմից հետո Արցախում մեծածավալ շինարարական, վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Ձեռնարկվող միջոցառումները դուք համարժե”ք եք համարում տիրող իրավիճակին:
-Վերջին պատերազմի վերքերը ոչ միայն դեռ չեն սպիացել, այլև չեն սպիանալու չափազանց երկար ժամանակ, եթե կարող են սպիանալ երբևէ։ Ցավոք, 2020 թվականի սեպտեմբերից հետո տեղի ունեցած ողբերգալի և կործանարար իրադարձություններից հետո առ այսօր անցել է ավելի քան մեկ տարի և ոչ մի էական փոփոխություն չկա, էլ չենք խոսում առաջընթացի մասին: Սոցիալական լարվածության աճ, վտանգի օրեցօր ուժգնացող զգացողություն և արտագաղթի մեծ ծավալներ՝ ահա այն, ինչ ունենք այս ամիսների ընթացքում կառավարության գործունեության արդյունքում:
Տարերային սոցիալական ծրագրեր փող բաժանելու տեսքով, ոչ հասցեական օգնություններ, որտեղ շահառուն ծանոթ –բարեկամ-խնամի անձն է, այլ ոչ թե գնահատման միջոցով հայտնաբերված կարիք ունեցող ընտանիքը: Անհասկանալի շինարարական աշխատանքներ՝ անօթևաներին տուն հատկացնելու քողի տակ, ասֆալտապատում, սալիկապատում, բնակավայրերից դուրս ճանապարհների լուսավորում, որը նույնիսկ պատերազմով չանցած երկրները իրենց երբեմն թույլ չեն տալիս: Իսկ վերջերս նախարարություններում չարաշահումների և թալանի մասին հայտարարեցին իրավապահ մարմինները: Սա է ձեռնարկվող միջոցառումների գնահատականը:
Այս իշխանություններն ունակ չեղան կանխելու երկրում ընկճախտի և շփոթվածության մթնոլորտի ձևավորումը, չկարողացան պայմաններ ստեղծել, որպեսզի բոլորը կարողանան աշխատել, այլ ոչ թե սպասեն հերթական 68000 դրամին, հատկապես չկարողացան կամ չուզեցին ապահովել պետական համակարգի կարգապահ և համակարգված աշխատանքը։ Մենք գտնում ենք, որ հնարավոր է նոր որակի պետություն ստեղծելով դուրս գալ այս մղձավանջից՝ բացառիկ հայրենասիրությամբ, հմուտ կառավարմամբ և ռեսուրսների լիարժեք օգտագործմամբ:
-Ինչպե՞ս եք բացատրում ՀՀ իշխանությունների հակասական հայտարարություններն ու անորոշ քաղաքական պահվածքն Արցախի նկատմամբ:
-Սոսկ առաջին հայացքից է թվում, թե իշխանությունները հակասական հայտարարություններով են հանդես գալիս և ունեն անորոշ քաղաքական պահվածք Արցախի նկատմամբ: Իրականում այս իշխանությունները փակել են Արցախի հարցը և այժմ ամեն կերպ ձգտում են ձերբազատվել Արցախից: «Սերգոն որոշել է այլևս վատ չապրել Արցախի պատճառով»:
Հայաստանյան բարձրագույն իշխանությունները դադարել են այցելել Արցախի Հանրապետություն, Հայաստանում պետական միջոցառումների ժամանակ չկա Արցախի պետական պատվիրակություն, գրեթե քար լռություն Արցախում սահմանային միջադեպերի վերաբերյալ, Արցախում գերեվարվածներին օդանավակայանում չի դիմավորում որևէ հայաստանյան կամ Արցախյան պետական պաշտոնյա, և այլն: Եվ, վերջապես, ինչ կարելի է սպասել մի մարդուց, որը իր գործունեությամբ երկիրը բերեց հասցրեց մի իրավիճակի, որ ստորագրեր մի խայտառակ փաստաթուղթ, որը պարզապես աղետ դարձավ Արցախի և Հայաստանի համար։ Փաստաթուղթ, որը կոտրեց մեր երկու պետությունների ողնաշարերը, զրոյացրեց մեր ժողովրդի 30 տարվա սխրանքներն ու ձեռքբերումները։
-ՀՀ իշխանությունների կողմից վարվող ապազգային քաղաքականության պատճառով ականատեսն ենք լինում թշնամու կողմից սահմանային խախտումների և հայկական տարածքների զավթմանը: Մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել այս իրավիճակը:
-Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «ամեն ինչ՝ հանուն խաղաղության» սկզբունքով, այդ թվում՝ պատրաստ լինելով ոտնահարել Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը։ Խաղաղությունը, այո, արժեք է, որին պետք է ձգտի ցանկացած ողջամիտ հասարակություն ու պետություն։ Մյուս կողմից, խաղաղությունը չի կարող լինել գերնպատակ ու ինքնանպատակ, եթե դրան հասնելու ճանապարհները ոտնահարում են ազգային ու պետական արժանապատվությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը։
Եթե մինչ 2018 թվականը Արցախը հայաստանյան իշխանությունների համար կարմիր գիծ էր, ապա այսօր հայաստանյան իշխանությունները չունեն իրենց կարմիր գծերը, ուստի ամեն ինչ հնարավոր է, և ամեն հանդուրժման օր մեզ ավելի է մոտեցնում անդառնալի կորստին:
-Որպես ընդդիմադիր կուսակցության ղեկավար, որո՞նք եք համարում Արցախի ներքին քաղաքական հիմնական խնդիրները:
-Կարծում եմ, այսօր չկա առանձին Արցախի խնդիր, այլ սեղանին դրված է հայ ազգի խնդիրը, որին իբր թե լուծում են ուզում տալ պարտված իշխանությունները: Այն, որ Արցախի նախագահը ունակ չէ Արցախի Հանրապետության առջև ծառացած խնդիրները լուծել, մեր քաղաքական ուժը այդ մասին հայտարարել է դեռևս մինչև պատերազմը, երբ ահազանգում էինք, որ մեզ սպասվող պատերազմում նման իշխանությամբ մենք հաջողության չենք հասնելու: Պատերազմից հետո մենք առաջիններից էինք, որ պահանջել ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը և այդ պահանջը այսօր էլ մեր օրակարգում է: Երկիրը այս վիճակին հասցրած քաղաքական իշխանությունը պետք է օր առաջ հեռացվի, որը, սակայն, դեռևս չի հաջողվում: Կարծում եմ, որ այս դիտանկյունից պետք է նայել հետագա քաղաքական դաշտի զարգացման հեռանկարներն ուրվագծելիս:
Հեռացումից հետո նոր քաղաքական ուժերը պետք է մշակեն հստակ ճանապարհային քարտեզ երկիրը այս վիճակից հանելու համար: Այսօրվա հրամայականն է՝ մշակել ազգային անվտանգության քաղաքականություն, ռազմավարություն, հայեցակարգ՝ ուղենշելու համար, թե յուրաքանչյուր ոլորտում ինչպիսի միասնական պետական քաղաքականություն պետք է իրականացվի: Ցավոք, այս իշխանությունները ունակ չեն նման գործընթացներ իրականացնել, և ամեն ինչ անելու են փակելու նմանատիպ աշխատանք կատարելու ունակություն ունեցողների ճանապարհը:
-Քաղաքական գործիչների կողմից Արցախի կարևորագույն խնդիրներից են համարվում անվտանգության և կարգավիճակի հարցերը: Որո՞նք են Ձեր տեսակետներն այս կարևորագույն հարցերի վերաբերյալ:
-Անվտանգության բաղադրիչը միշտ եղել է Արցախի Հանրապետության գոյության իրավունքի կարևորագույն բաղադրիչը, որի մասին բազմիցս խոսել է մեր կուսակցությունը: Պատերազմից հետո այն դարձել է մեզ համար գոյաբանական հարց, քանզի Արցախում բնակչությանը գումար բաժանելով չես կարող ապագայի նկատմամբ հույս ներշնչել: Ամենակարճ ժամկետում անհրաժեշտ է մշակել և կիրառության մեջ դնել Արցախի Հանրապետության բանակի վերակենդանացման, վերազինման և կատարելագործման ծրագիր՝ լրջագույնս աշխատելով դրա համար տնտեսական հիմքեր ու ֆինանսական աղբյուրներ ստեղծելու ուղղությամբ։ Այդ բանակի կառուցվածքը, զինատեսակները և ընդհանրապես բնույթը պետք է համահունչ լինեն նոր ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին։ Այն պետք է տարբեր լինի դասական բանակից, վերածվի շատ ավելի շարժունակ, դիպուկ և նպատակամետ բանակի։
Պետք է սկսել երկրի պաշտպանունակության և զինված ուժերի կառուցման, բանակի նյութատեխնիկական ապահովման նոր հայեցակարգի մշակում` հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանի նոր իրողություններն ու պարամետրերը: Պետք է նոր իրականության պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր կարգավիճակներ փնտրել։ Պետք է ակտիվացնել աշխատանքը Ռուսաստանի հետ` սահմանելու համար նոր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր և համագործակցության նախագծեր անվտանգության, առողջապահության, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
Արցախի Հանրապետությունը կայացած պետություն էր մինչ պատերազմը, և շարունակում է կայացած մնալ պատերազմից հետո: Ռազմական գործողություններով հնարավոր չէ լուծել կարգավիճակի հարցը, որքան էլ որ Ալիևը հոխորտա, որ Լեռնային Ղարաբաղի հարց այլևս չկա: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ դիվանագիտական ճակատում ահռելի գործ ունենք անելու, և մեծ ջանքեր պետք է գործադրենք: Սակայն պետք է հասկանանք, որ պարտված ղեկավարը չի կարող արդյունավետ բանակցություն վարել: Միայն նոր իշխանությունները կկարողանան իրենց դիվանագիտական ողջ ներուժն ու Սփյուռքի կարողություններն օգտագործել Արցախի անկախության միջազգային ճանաչման համար։ Այս գործընթացին պետք է նոր ուժով միանա նաև Սփյուռքը: «Ես ճանաչում եմ Արցախը» կարգախոսով ակցիաները պետք է հզոր շարժման սկիզբ դառնան աշխարհի տարբեր երկրներում։
Տաթևիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ