Նոր մարտահրավերներ եւ նոր առաջնորդ
Դժվար է որևէ ժողովրդի պատմության մեջ ցույց տալ իրականում «թավշյա» հեղափոխություն: «Թավիշը» միայն թվացյալ է: Եթե արյունը չի հոսում հեղափոխության սկզբում, այն հոսում է դրանից հետո: Տարբերությունը արյան չափաբաժնի մեջ է: Եվ պարտադիր չէ, որ արյունը լինի զենքի կրակոցի հետևանք և լինի ուղղակի իմաստով: Այն կարող է լինել նաև վատ կառավարման հետևանք, որի ականատեսն ենք մենք այս օրերին՝ ի դեմս կորոնավիրուսային համավարակի հաղթարշավի, որը օրը օրին ավելի ինքնավստահ ու ցինիկ է դառնում: Եվ կարծես նրա առջև անզոր ենք ոչ միայն մենք՝ շարքային քաղաքացիներս, այլև երկրի իշխանությունները, որոնք դեռ երեկ մեծ ինքնավստահությամբ զանազան մեղադրանքներով ձերբակալում և մեկուսացնում էին իրենց քաղաքական մրցակիցներին: Այն տպավորությունն է, որ իրենց իշխանության ճակատագիրը կախված է այդ մադկանց դրսում, թե մեկուսարանում լինելու հանգամանքից:
Երբ հեծանվորդին վստահում ես ինքնաթիռի ղեկը, նախապես պիտի իմանաս, որ ոչ միայն նրան ես ուղարկում մահվանն ընդառաջ, այլև նրա հետ ուրիշ շատերին: Մի օր էլ՝ գուցե նաև քեզ:
Թավշյա, թե բռնի, 2018-ի ժողովրդային շարժումը, որ այլևս կտրվել է իր ժողովրդական հիմքերից, հասել է տրամաբանական վախճանակետին: Կան իրավիճակներ, երբ խոսքով ոչ մի կերպ չես կարող հակազդել իրադարձությունների զարգացումներին, որովհետև դրանք երկարատև կուտակումների և հետևողական նախապատրաստության հետևանք են:
Այդպես եղավ 1917-ի հոկտեմբերին, երբ բոլշևիկները Ռուսաստանում զավթեցին իշխանությունը: Այդպես եղավ 1920-ի հոկտեմբերին, երբ հայ զինվորը բոլշևիկյան քարոզչության ազդեցության տակ հրաժարվեց զենքը ուղղել ցեղասպան թուրքի դեմ, լքեց ռազմաճակատը և առանց կռվի հանձնեց Կարսի անառիկ ամրոցը: Այդպես եղավ նաև 2 տարի առաջ՝ 2018-ի մայիսին, երբ առողջ տրամաբանությունը իր տեղը զիջեց կույր լավատեսությանը, և հեղափոխական ալիքը երկրի ղեկը հանձնեց պետական կառավարման փորձից զուրկ երիտասարդների մի խմբի, որոնք եկան արդարություն հաստատելու կարգախոսով, բայց կարճ ժամանակ անց վարակվեցին բոլոր կամ գրեթե բոլոր իշխանություններին բնորոշ ինքնավարձատրության և պաշտոնատենչության ախտով: Նախկիններին կոռուպցիայի մեջ մեղադրողները այժմ իրենք զերծ չեն կոռուպցիոն դրսևորումներից: Մի՞թե կոռուպցիա չէ, երբ իշխանությունը գաղտնի և ապօրինի կերպով պարգևատրում է ինքն իրեն, իսկ երբ բացահայտվում է ապօրինությունը, դրան օրինական ձևակերպում է տալիս: Արդյո՞ք բարոյազուրկ չէ այն իշխանությունը, որը իր ուսուցչից, իր դասախոսից ու գիտնականից 8-10 անգամ ավելի բարձր աշխատավարձ է նշանակում ինքն իրեն: Կասեն՝ նախկինները դա անում էին գողանալով, իսկ իրենք՝ օրենքով: Եվ մի՞թե էական է, թե ինչ ձևով եք դուք դա անում:
Ո՞ր երկրում խնդիրներ չկան: ԱՄՆ-ում այս օրերին տեղի ունեցող անկարգությունները արդյո՞ք չեն վկայում, որ ամբոխային բնազդը միշտ էլ արթուն է զանգվածների մեջ, նրա դրսևորման համար պարզապես առիթ է պետք: Կատարյալ իշխանություն լինում է միայն բռնապետության պայմաններում, որը ինքնին ամենաանկատարն է: Իշխանությունը կատարյալ չի լինում մանավանդ բազմաբնույթ լուրջ խնդիրներ ունեցող երկրներում, որոնց շարքին դասվումէ նաև մեր երկիրը:
Իհարկե, խոսքը բոլորվին էլ այն մասին չէ, թե անկախ ամեն ինչից պիտի համակերպվել իշխանության վարքագծին և սեփական իրավունքների մասին չբարձրաձայնել: Բայց դա պիտի անել այն դեպքում, երբ ակնհայտ են իշխանության ապիկարությունը, անկարողությունը և բարոյալքումը, այլ ոչ թե, օգտվելով զանգվածների անտեղյակությունից և կուտակված դժգոհությունից, հրապարակ նետել կեղծ օրակարգեր: Որ նախկին իշխանությունները անսխալական չէին, այսօր դա կեսբերան խոստովանում են նաև իրենցից ոմանք: Բայց նրանք պետական կառավարման բավականաչափ փորձ ունեին և հնարավորինս ինքնուրույն էին իրենց գործողությունների մեջ: Այլ կերպ ասած, նրանք ինքնաթիռի ղեկին նստած միջակ հեծանվորդներ չէին, այլ միջակ օդաչուներ: Նրանցից ոմանց գուցե չէինք սիրում ամենատարբեր պատճառներով՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ, անձնական և ոչ անձնական: Ինչպես որ անթերի չէին նախկին իշխանավորները իբրև մարդ, այնպես էլ անթերի չէին նրանք իբրև պաշտոնյա: Բայցևայնպես, պետական կառավարումը քմահաճույքի հարց չէ, որովհետև պետական կառավարման որակից կախված է ոչ միայն մեր՝ բոլորիս բարեկեցությունը, այլև կյանքը, անկախ այն բանից, մենք ներկայացնում ենք «սպիտակների» ճամբարը, թե «սևերի»: Պետական համակարգում կադրային ջարդը այն հիմնավորումով, թե նրանք աշխատել են նախկինների հետ և չեն կիսում իրենց գաղափարները, համարժեք է պետական դավաճանության, որովհետև արհեստավարժ կադրերին անփորձներով փոխարինելը թուլացնում է պետությունը: Պետական պաշտոնյայի գնահատման միակ չափանիշը նրա արդյունավետ կամ անարդյունավետ աշխատանքն է, այլ ոչ թե յուրային կամ ոչ յուրային լինելը:
Ի տարբերություն կորոնավիրուսի, որը անտարբեր է գույների հանդեպ, մարդը բնությունից բանականությամբ օժտված միակ արարածն է, որը կոչված է և կարող է ոչ միայն պաշտպանել ինքն իրեն, այլև նույնիսկ հակազդել բնությանը: Եթե, իհարկե, մարդու մեջ իշխում է Մարդը, այլ ոչ թե կույր ատելությունը («… Եվ հեռու է մինչև մարդը իր ճամփան»): 1920-ին հայ բոլշևիկը կույր գործիք էր օտարների ձեռքին և կործանեց սեփական երկիրը՝ ջուր լցնելով մեր թշնամու ջրաղացին: Նա չարաշահեց երկարաձգվող պատերազմների պատճառով շարքային հայ մարդու մեջ բույն դրած հուսահատությունը՝ նրան խաբելով «Կարմիր Ռուսաստանի» այդպես էլ տեղ չհասած փրկարար օգնությամբ: Դյուրահավատ հայ զինվորը հավատաց նրան և առանց կրակոցի հանձնեց Կարսը, Կարսի հետ էլ՝ իր պետական անկախությունը: Իսկ երբ 1921-ի փետրվարին ճարահատ զենքի դիմեց նույն բոլշևիկների դեմ, այլևս կորցրած Կարսը վերադարձնել հնարավոր չէր:
Բոլշևիկների նման 2018-ին հայ ժողովրդին խաբեցին նաև ներկայիս իշխանությունները, անկախ այն բանից, դա արեցին գիտակցաբար, թե այդպես ստացվեց իրենց կամքից անկախ: Փաստն այն է, որ այսօր ունենք գրեթե անկառավարելի վիճակ գրեթե բոլոր ոլորտներում: Երկրի վարչապետը, փոխանակ վճռական, բայց հավասարակշռված քայլերի դիմելու, հանդես է գալիս «հպարտ և երջանիկ քաղաքացուն» խնդրողի դերում: Որոշ առումով նա հիշեցնում է Ռուսական Ժամանակավոր կառավարության ղեկավար Ա. Կերենսկուն՝ «փափկասուն տիկնանց սրտերի տիրակալին», բայց մի տարբերությամբ. եթե Ա. Կերենսկին բոլշևիկներին սպառնում էր ուժով հակազդել՝ իրականում չգիտակցելով, որ իր կառավարության ոտքերի տակի հողն արդեն հոսել է, և ինքը կորցրել է զանգվածների վրա ունեցած իր ազդեցությունը, ապա մեր «թավշյա» վարչապետը շարունակում է «հպարտ քաղքացիներին» չնեղացնելու իր այլևս անպտուղ գործելաոճը: Իսկ արդյունքը երկու դեպքում էլ նույնն է:
Պատկերցնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե 1918-ին Արամ Մանուկյանը, վճռական կոչ անելու և ըստ անհրաժեշտության՝ նաև ուժի դիմելու փոխարեն, հուսահատության եզրին հասած հայ մարդուն խնդրեր զենք վերցնել և գնալ մահվանն ընդառաջ: Արդյո՞ք կլիներ հաղթական Սարդարապատ: Չեմ կարծում:
Մեր ազգային մարտահրավերներին գումարվել է ևս մեկը՝ համավարակը, որը սպառնում է վերածվել պետական անվտանգության խնդրի: Այս իրավիճակի երկարաձգումը առաջին հերթին կարող է բերել ֆինանսատնտեսական համակարգի փլուզման՝ շղթայական բոլոր հետևանքերով: Այդ մասին շատ են գրում տնտեսագետները և քաղաքական վերլուծաբանները, ուստի ավելորդ ենք համարում նորից անդրադառնալը: Մանավանդ որ լավատես չենք, թե հնչած տեսակետները իշխանությունների կողմից ուսումնասիրվում և դրանցից պատշաճ հետևություններ են արվում: Չմոռանանք, որ մեր երկրի ռեսուրսները, նաև հունիսի 3-ի իր հեռուստաուղերձում վարչապետի կեսբերան հնչեցրած խոստովանության համաձայն, մեծ չեն: Եվ դա բնական է՝ տնտեսաշրջանառության ավելի ու ավելի վատթարացող վիճակը չի կարող չհանգեցնել դրան:
Վճռականորեն գործելու, այլ ոչ թե խոսելու ժամանակն է: Բայց … անսխալ գործելու, որովհետև ստեղծված պայմաններում նոր սխալների հետևանքը պարզապես աղետալի կլինի: Նման իրավիճակում երկրի ղեկը պիտի ստանձնի արդեն իսկ փորձված գործիչ, որի անցած ճանապարհը կտա նաև ապագայի երաշխիքներ: Այդպես վարվեց Ալեքսանդր 1-ին ցարը 1812-ին, երբ Նապոլեոն Բոնապարտի զորքերի դեմ պատերազմում հասարակական կարծիքի ճնշման տակ ռուսական զորքերի գլխավոր հրամանատար նշանակեց Մ. Կուտուզովին՝ վերջինիս նկատմամբ, մեղմ ասած, չտածելով որևէ համակրանք: Ցարը իր անձնական զգացմունքները ստորադասեց երկրի շահերին, իսկ հասարակական կարծիքը դրա համար ուներ շատ լուրջ հիմքեր:
Դա Մ. Կուտուզովի անցած մարտական ուղին էր՝ որպես Սուվորովի ամենից տաղանդավոր գեներալի: Եվ դա Ռուսաստանի համար ճակատագրականորեն ճիշտ որոշում էր: Ցավոք, վստահ չեմ, թե մեր՝ «երկաթից ամուր կամք ունեցող» վարչապետը կդրսևորի համարժեք իրատեսություն, իր համակրանքներից ու հակակրանքներից վեր կանգնելու կամք (առայժմ այդպիսի նախադեպ չկա): Նաև հասկանում եմ, որ իրականում էլ նման քայլ անելը հեշտ չէ ինչպես հոգեբանորեն, այնպես էլ այլ պատճառներով (օր.՝ կուսակիցների հնարավոր դիմադրության), բայց հենց այսպիսի իրավիճակներում է երևում ղեկավարի իմաստնությունը, և թե իրականում նա որքանով է սիրում իր ժողովրդին: Այդպիսի օրինակ արդեն իսկ ցույց են տվել ինչպես առաջին, այնպես էլ երրորդ նախագահները, իրենց բոլոր վրիպումներով հանդերձ, գործնականում փաստելով, որ իշխանությունն իրենց համար գերնպատակ չէ: Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովրդի հավաքական միտքը, ի դեմս առաջին հերթին իր մտավորականության (ա՛յն մտավորականության, որի ճնշող մեծամասնությանը, որպես կանոն, բնորոշ է քաղաքական և հասարակական չեզոքությունը գրեթե բոլոր իրավիճակներում), կդրսևորի համապատասխան կամք և կկարողանա ազդել իրադարձությունների զարգացման հետագա ընթացքի վրա:
Նոր մարտահրավերները առաջադրում են նոր առաջնորդի պահանջ, բայց վստահելի փորձառությամբ առաջնորդի: Մնում է վեր կանգնել մեր զանազան օրախնդիր քմահաճույքներից, խիստ անձնավորված համակրանքներից ու հակակրանքներից, դրսևորել իրականությունը սթափ գնահատելու ունակություն և նրանց փորձն ու կարողությունները օգտագործել ի շահ երկրի և մեզ բոլորիս: Միշտ պիտի հիշել. որևէ մեկի, առավել ևս՝ պետական գործչի և երկրի ղեկավարի աշխատանքի գնահատականը ոչ թե պերճախոսությունն է, այլ ընդհանուր արդյունքը: Ա. Կերենսկին 20-րդ դարասկզբի Ռուսաստանի լավագույն հռետորն էր, բայց նաև անվճռական, հետևաբար՝ թույլ ղեկավարներից մեկը: Չկան և չեն լինում քաղաքական գործիչներ, որոնց վարքագիծը կգոհացնի բոլորին, առավել ևս, եթե նրանց բնորոշ չէ ամբոխահաճո գործելաոճը: Իսկ թե ինչի կարող է հանգեցնել ամբոխահաճո վարքագծով քաղաքական գործչին տրված իշխանությունը, դրա վառ օրինակը ունենք այսօր:
Շ.Հ.
arfd.am