Նոր Ջուղայի համայնքը՝ Արցախի կողքին

Նոր Ջուղայի հայ համայնքը 44-օրյա պատերազմի հետևանքով կորուստներ ունեցած ու ծանր վիրավորում ստացած զինծառայողների, պահեստազորայինների 68 ընտանիքների ֆինանսական աջակցություն է տրամադրել: Ծրագիրն իրագործվել է Հայ Օգնության Միության Արցախի միավորի միջոցով: Միավորին է փոխանցվել 20300 դոլար գումար:
«Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանը նշել է, որ ընտանիքների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով նրանց սոցիալական դրությունը, ընտանիքում երեխաների թիվը:
«Մայրաքաղաքից ավելի հեռու ապրող ընտանիքներին մեր վարչության անդամներն անձամբ են գումարը փոխանցել, մյուսներին հրավիրել ենք մեր գրասենյակ»,- ասել է Արմինե Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ հետագա ծրագրերի ընթացքում կկարողանան ավելի մեծ թվով ընտանիքների ներգրավել:





