Նման ծրագրերն արցախցիներին հնարավորություն են տալիս ապրել և արարել Հայաստանում
«Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամը հիմնվել է Ամերիկայի Հայ մշակութային ընկերակցության կողմից և նրա գործունեության գլխավոր նպատակն է եղել Արցախի գյուղերի վերաբնակեցումն ու բնակչության համար ապրելու նպաստավոր պայմանների ստեղծումը։
Արցախի ամբողջական շրջափակման ժամանակ՝ 2022թ. դեկտեմբեր-2023թ. սեպտեմբեր ամիսներին, երբ գնալով ավելի ու ավելի զգալի էր դառնում պարենամթերքի անբավարարությունը, ֆոնդի բարեգործական ծրագրերը կենսական կարևորագույն նշանակություն ստացան:
2023 թվի սեպտեմբերին` արցախահայության բռնի տեղահանությունից հետո, «Արցախֆոնդ»-ն իր գործունեությունը շարունակեց Հայաստանի Հանրապետությունում։ ՀՅԴ Արցախի կառույցի առաջարկով և Ամերիկայի Հայ մշակութային ընկերակցության «Արցախֆոնդ» հանձնախմբի հաստատմամբ սկսեց իրականացնել տեղահանված ընտանիքներին օժանդակելուն կոչված անասնապահության ծրագրի առաջին փուլը:
Ֆոնդի տնօրենի խոսքով` Սիմենթալ և Անգուս ցեղատեսակի մսատու ցուլերի բիզնես-ծրագիրը բազմաթիվ արցախցիների համար կարող է դառնալ ընտանիքի սոցիալական կարիքների բավարարման և Հայաստանում ամուր հաստատման աղբյուր:
Բռնի տեղահանությունից հետո բազմաթիվ ընտանիքներ հաստատվել են Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում՝ հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվելու նպատակով։
Գուրգեն Դանիելյանի ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրը ջերմոցային մշակաբույսերից անասնապահությունից գոյացած շահույթն է:
Երիտասարդ ընտանիքի հայր Զորի Գրիգորյանը պնդում է, որ գյուղատնտեսական այսպիսի ծրագրերը կնպաստեն տեղահանված անձանց աշխատանքով ապահովմանն ու արցախցիների սոցիալական կացության բարելավմանը։
Ծրագրի շահառու Արման Սևումյանը հաստատում է, որ բարեգործական նմանատիպ ծրագրերը, ինչ-որ չափով կանխում են արտագաղթը, արցախցուն հնարավորություն տալով ապրել և արարել հայրենի հողի վրա:





«Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի ստեղծման գործում մեծ ներդրում ունեցած Սեպուհ Հացագործյանը նշում է, որ բարեգործական ծրագրերն անհրաժեշտություն են՝ արցախահայությանը համախմբելու, ինչպես նաև` հավաքական վերադարձի ապահովման հույսը միշտ վառ պահելու համար։
Գեղանուշ Սարգսյան
Մանրամասները՝ Hairenik Media-ի տեսանյութում.
