Նման հայտարարություններն ավելի են լարում իրավիճակը. Վահրամ Բալայան
Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն, Ժելենա Զավկոն, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարիա Կալյուրանդը հունիսի 11-ի հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ քննադատելով Արցախը ՀՀ-ին կապող նոր մայրուղու շինարարությունը և մի շարք հակահայկական ձևակերպումներ հնչեցրել:
ԱՀ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ նման հայտարարությունները ոչ թե նպաստում են տարածաշրջանում լարվածության մեղմացմանը և խաղաղության պահպանմանը, այլ նոր, ավելի լարված իրավիճակ են ստեղծում:
«Այդ հայտարարությունը խոսում է նրա մասին, որ Եվրոխորհրդարանի պատասխանատուները շատ դեպքերում ճիշտ տեղեկատվություն չեն ստանում: Մեր հայրենիքի մի մասը կազմող այդ տարածքները, որտեղով պետք է երրորդ ճանապարհը կառուցվի և Արցախի Հանրապետությունը կապվի Հայաստանի Հանրապետության հետ, ոչ մի կապ չունեն օկուպացիայի հետ: Արցախահայությունը պայքարել է իր ազատության համար, Ադրբեջանը մեզ պատասխանել է պատերազմով և արդյունքում մեր հայրենիքի մի մասն ազատագրել ենք: Հայրենիքի այս փոքր հատվածում այսօր ապրում են Ադրբեջանից բռնատեղահանված հայության ներկայացուցիչները և մենք որպես երկիր պարտավոր ենք այդ մարդկանց համար ապրելու սովորական պայմաններ ստեղծել, իսկ ԱՀ և ՀՀ իշխանությունները փորձում են այդ պայմաններն ապահովել: Դա մարդու իրավունքներից բխող մոտեցում է»,- ասել է Վահրամ Բալայանը:
Ըստ Վահրամ Բալայանի, Ադրբեջանը մշտապես փորձում է Եվրոպական կառույցներում անցկացնել հակահայկական տարբեր բանաձևեր, որոնց մեծ մասը ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների գործունեության արդյունքում չեզոքացվում է, բայց Ադրբեջանի լոբբիստական աշխատանքի արդյունքում երբեմն նման հակահայկական մոտեցումներ են հնչեցվում Եվրախորհրդարանի ամբիոնից:
Նրա խոսքով՝ Արցախի չճանաչված լինելու պարագայում Արցախի Հանրապետության համապատասխան մարմինները չեն կարողանում ակտիվ գործունեության ծավալել, իսկ ՀՀ պատասխանատու մարմինները բավարար աշխատանք չեն տարել, որպեսզի նման սխալ տեղեկատվությունը մեզ վնասող հանգամանք չդառնա: