Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը. ԱԳՆ արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը
Գլխավոր » Լրահոս » Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը. ԱԳՆ արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը. ԱԳՆ արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահի  «101 տարի անց Զանգեզուր վերադառնալու» հայտարարությանը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից:

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը:

Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:

Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ:

Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագայի շահերին:

«Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»,- ասել է Ալիևը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

1