Նիկոլի ֆիզիկական վերացումը կազմակերպող Բադասյանը՝ անվտանգային հարցերով ներկայացուցիչ
Վահան Բադասյանը մարտի 11-ին իր հորինած «Միացյալ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ ու հաջորդ օրը նշանակվել հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։
Ըստ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության Վահան Բադասյանը զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով:
Քաղաքական տարբեր ճամբարների անդամակցած Վահան Բադասյանը եղել է ՀՅԴ անդամ, հեռացվել կուսակցությունից:
Ընդհանրապես ունեցել է ընդիմադիր կեցվածք Արցախի բոլոր իշխանությունների հանդեպ։ Համակրել է Սասնա ծռերին, ապա այդտեղից ևս հեռացվել է։
Նա 2018թ. գովերգում էր Նիկոլ Փաշինյանին, իսկ 2020թ. Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ Արայիկ Հարությունյանին կաշառակեր էր անվանում: Մասնակցել է Արցախյան բոլոր երեք պատերազմներին։ Առաջին և երրորդ պատերազմի ժամանակ ստացել ծանր վիրավորում։
2020թ. պատերազմական գործողություններից հետո Եռաբլուրում Բադասյանը կոչ է արել ֆիզիկապես չեզոքացնել Նիկոլին և հայտնել իր պատրաստակամությունը սպանությունը իրականացնելու համար. «Փաշինյանը պետք է վերանա ու հեռանա։ Եթե չի հեռանում, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես սկսելու եմ կազմակերպել»։
Այդ հայտարարության պատճառով Վահան Բադասյանը ձերբակալվել է, իսկ ազատ արձակվելուց հետո՝ վերադարձել Արցախ։