Նիկոլը, ճակատագրական սպառնալիքներն ու ընդդիմությունը
2022 թ. ապրիլ-հունիս ամիսներին Հայաստանում ընթացավ հայրենիքի փրկության կարգախոսներով
հրապարակ իջած դիմադրական շարժման երկրորդ փուլը։ Ճիշտ չի լինի ասել, թե շարժումը պարտություն
կրեց, քանի որ այն ունեցավ մի շարք ձեռքբերումներ և ընդլայնեց իր շրջանակները Հայաստանում, Արցախում
և Սփյուռքում։ Մյուս կողմից՝ իրականությունից հեռու կլինի եզրակացնելը, թե շարժումը հաղթանակ տարավ,
քանի որ այն չհասավ իր գլխավոր նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի ու ապազգային իշխանական համակարգի
հեռացմանը։
Իսկ կարելի՞ է մտածել, թե հաղթեց Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, իրականությունը նա այդպես
կներկայացնի թիմակիցներին, հանրությանը, ինչպես և արտաքին շահագրգիռ ուժերին, որպեսզի թույլ
չտա թիմի թուլացումն ու քայքայումը, երկրի ներսում դիմադրական շարժման ընդլայնումը և միևնույն
ժամանակ արտաքին ուժերին համոզի, թե նրանք պետք է շարունակեն իր հետ գործ ունենալ, քանի որ
երկրի լեգիտիմ իշխանությունն է ներկայացնում, և ընդդիմության ներուժը համարժեք այլընտրանք չէ
իր իշխանության համար։ Թե՛ սեփական թիմը և թե՛ արտաքին ուժերը, իհարկե, որոշ ժամանակ կձևացնեն,
թե հավատում են այս պնդումներին, թեև միայն Նիկոլի անվտանգությունն ապահովող միջոցառումները
բավական են փաստելու, որ նա ինքը վստահ չէ իր իշխանության կայունության հարցում։ Նիկոլ
Փաշինյանը լավ գիտի, որ այլևս չի կարողանալու սեփական երկրում ազատորեն կատարել ղեկավարի
իր պարտականությունները, այլևս մերժված է Հայաստանի հասարակական, մտավորական ու
քաղաքական ակտիվ հատվածի, եկեղեցու, Արցախի ու Սփյուռքի կողմից։ Այլ խոսքով՝ որպես պետության
ղեկավար և ժողովրդի առաջնորդ՝ նա կորցրել է իր լեգիտիմությունը և, ըստ էության, սեփական երկրում
մեկուսացած վիճակում է՝ գլխում մշտապես կրելով մեծ բանտից փոքր բանտ տեղափոխվելու վախը։
Վերջնականապես կորցնելով երբեմնի համաժողովրդական աջակցության վերականգնման հույսը՝
ներքին կյանքում իշխանությունը պահպանելու համար նրա քաղաքական հենարանը մնում է արտաքին
շահագրգիռ ուժերի աջակցությունը, ինչի երաշխիքն էլ բոլոր շահագրգիռ կողմերի՝ անգամ իրար
հակասող նպատակներին ու շահերին ծառայելու նրա պատրաստակամությունն է։
Իհարկե, իր գավառական խորամանկությամբ, անսկզբունքայնությամբ, բոլորին խոստանալու և
բոլորին խաբելու խուսանավումներով Փաշինյանը հասցրել է բացարձակապես անվստահելի դառնալ
բոլորի համար, մյուս կողմից՝ նմանվել է Նիկարագուայի երբեմնի դիկտատոր Սամոսային, որի մասին
ամերիկացիները (ենթադրաբար նախագահ Ռեյգանը) ասել են «Սամոսան շան որդի է, բայց մեր շան որդին
է»։ Իհարկե, բոլոր տեսակի սամոսաները պետք են, քանի դեռ հնարավոր է նրանց օգտագործել, որից հետո
դառնում են ավելորդ ու հաճախ խանգարող։ Արտաքին ուժերի աջակցության մյուս պատճառը ընդդիմության
նկատմամբ եղած կասկածներն են։ Մի ընդդիմություն, որը կախման մեջ չէ որևէ արտաքին ուժից և, ըստ
էության, վարում է ազգային-ազատագրական պայքար, բացառում է Արցախի ներառումը Ադրբեջանի
կազմում, խստորեն քննադատում է պարտված վարչապետի կնքած պարտվողական պայմանագրերը,
հաղթելու դեպքում կարող է շատ խաղաթղթեր իրար խառնել, զգուշավորության է մղում շահագրգիռ
բոլոր կողմերին։ Մյուս կողմից՝ դեռևս մշուշոտ է ընդդիմության հաղթելու հավանականությունը, և
նման պարագայում օտարները չեն կարող հաշվի նստել կասկածելի հեռանկարի հետ՝ այդպիսով դեպի
հակառակ բևեռ վանելով սկզբունքներից ու ազգային պատասխանատվությունից զուրկ քաղաքական բախտախնդիրների իշխանությանը։
Իհարկե, երկրի ներսում, իշխանության և հատկապես քաղաքական առաջնորդի ֆիզիկական
անվտանգությունը աչալրջորեն ապահովում են ուժային կառույցները, սակայն ժողովրդային աճող
դժգոհության, խորացող քաղաքական, տնտեսական ու այլ հիմնահարցերի պայմաններում մարում է որևէ մեկին մինչև վերջ վստահելու և ապավինելու կասկածամիտ ու անհավասարակշիռ ղեկավարի հավատը։
Ներկայումս, երբ ընդդիմադիր հրապարակային շարժումը տեղատվության մեջ է, իշխանությունն ու
նրա առաջնորդը ձգտում են առավելագույնն անելու՝ շարժման նոր և անխուսափելի մակընթացությանը
հնարավորինս նախապատրաստվելու, դրա թափի վրա ազդելու համար։ Վարչապետի աթոռի պահպանման հետ ապագան կապած ղեկավարը շարունակում է կենտրոնացնել իշխանությունը առավել վստահելիների նեղացող շրջանակի ձեռքում։ Ավտորիտար իշխանության գոյության երկարաձգմանն են ծառայում օրենսդրական փոփոխությունները, ակտիվ ընդդիմադիրների ձերբակալություններն ու դատական հետապնդումները, ուժային կառույցների օգտագործումը որպես ներքաղաքական պայքարի գործիք։
Իշխանության անբարո էության հերթական ապացույցն է աչքի ընկնող մի շարք ընդդիմադիր գործիչների
զորակոչումը եռամսյա հավաքների։ Զինվորական ծառայությունից հիմնականում խուսափած օտարասուն իշխանավորների խառնախումբը հայրենիքին ծառայությունը դարձրել է ընդդիմադիր բազմաթիվ
գործիչների գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու միջոց։ Հետապնդած նպատակի համար
վարչապետը դիմում է նաև մրցակից ճամբարը պառակտելու, շանտաժի և այլ մեթոդներով անհատ
գործիչներին չեզոքացնելու՝ իրեն հոգեհարազատ գործելակերպին։ Պետք է սպասել, որ մոլագար
ղեկավարի մթագնած ուղեղը նորանոր դավեր ու դավադրություններ կնյութի սեփական իշխանության
ժամանակը երկարաձգելու համար։
Միևնույն ժամանակ նա իր առջև տեսնում է ի հայտ եկող նորանոր հիմնահարցեր, որոնք
բարդացնում են իր ստեղծած ոստիկանապետության անօրինական գործելակերպը։ Որքան էլ որ
արտաքին պատվիրատուները փորձեն աչք փակել Հայաստանում ծավալվող հակաժողովրդավարական
ու հակաօրինական գործընթացների վրա, ի վերջո ստիպված են արձագանքել դրանց աղաղակող
դրսևորումներին։ Իհարկե, անհասկանալի է մնում, թե ինչու հակադարձելով իշխանությունների
քայլերին՝ ընդդիմությունը լուրջ քայլեր գրեթե չի ձեռնարկում բռնապետական իշխանությունների
հակաժողովրդական գործունեության փաստերի փաթեթը ներկայացնելու համապատասխան բոլոր
միջազգային ատյաններին, կառավարություններին ու խորհրդարաններին, համապատասխան
ատյաններում չի պայքարում ժողովրդավարության ու խաղաղության հաստատման կեղծ կարգախոսերի
ներքո Հայաստանը թշնամիների առջև ծնկի բերելու ծրագրի բացահայտման ուղղությամբ։ Չէ՞
որ այս դեպքում հարցը ոչ թե իշխանության համար պայքարին է վերաբերում, այլ Հայաստանի ու Արցախի
փրկությանը ներքին թշնամուց։
Ընդդիմությունն առհասարակ չի կարող հաջողության հասնել, եթե դիմադրական շարժմանը
թափ հաղորդելուց առաջ հստակ չլինի հաղթանակի ճանապարհային քարտեզը՝ մինչև վերջնակետ։
Այդ քարտեզը, իր գործադրողներով հանդերձ, հնարավորինս հստակ պետք է ներկայացվի նաև
հանրությանը՝ ցրելու նպատակով գերիշխող այն անորոշությունը, թե ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի
հեռացումից հետո։
Շարժման հաջողության ակնկալիք չպետք է ունենալ նաև այն դեպքում, եթե դիմադրության ալիքը
չտարածվի հանրապետությունով մեկ, իսկ եթե դա հնարավոր չհամարվի, ապա ավելի լավ է չսկսել
գործընթացները։
Շարժումը պետք է ներկայացնի երկիրը համապարփակ ճգնաժամից դուրս բերելու
ամբողջական ծրագրեր՝ լուծումներ անվտանգության, սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների վերաբերյալ։
Այն պետք է ձգտի ձեռնպահ մնալու այնպիսի գործընկերների հետ գործակցությունից, որոնք խոցելի
են։
Ավելորդ է կրկնելը, որ գործող իշխանության օր առաջ հեռացումով է պայմանավորված
հայրենիքի ու ազգային շահերի առավելագույնը փրկելու հնարավորությունը։ Ամեն սթափ մտածող
մարդու համար պետք է պարզ լինի, որ եթե ադրբեջանա-թուրքական տանդեմը հնարավոր
բոլոր ճանապարհներով, այդ թվում՝ պատերազմի միջոցով, դեռևս չի համարձակվում դիմել Հայաստանի
ու Արցախի նկատմամբ իր հավակնությունների իրականացմանը, ապա դա ոչ թե Հայաստանի
իշխանությունների, այլ ռուսական պարտադրանքի հետևանք է։ Իհարկե, ռուսները ոչ թե մեր գեղեցիկ
աչքերի համար, այլ իրենց շահերից ելնելով թույլ չեն տալիս, որ թուրքական եղբայրական դաշինքը
Հայաստանից կորզի այնպիսի զիջումներ, որոնցից հետո ռուսական զինվորական ուժերի ու առհասարակ
ռուսների ներկայությունը Անդրկովկասում կդառնա անիմաստ։ Ռուսները հնարավորինս զսպում են
սադրանքների ու ռազմական գործողությունների սանձազերծումը երկրորդ ճակատում, և այս վիճակի
պահպանման հնարավորությունը ուղղակիորեն պայմանավորված է ռուսական ուժերի կայուն
հաջողություններով ուկրաինական ճակատում։ Սրանով հանդերձ՝ անակնկալ և կարճաժամկետ
պատերազմի հավանականությունը չի բացառում անգամ Հայաստանի իշխանությունը, որը մինչ այդ
տարփողում էր տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու իր «մեծ առաքելության» մասին։
Լավ ճանաչելով Հայաստանի այսօրվա իշխանությունների հակազգային, խարդախ բնույթը՝
հավանական է թվում նաև, որ պատերազմի մասին իշխանավորների հնչեցրած ենթադրությունները ունեն
հանրային կարծիքը նախապատրաստելու միտում։ Չի բացառվում, որ, Արևմուտքի օրհնությամբ կամ առանց
դրա, Ադրբեջանը դարձյալ Թուրքիայի աջակցությամբ կայծակնային և լոկալ պատերազմ սկսի անկլավ
ճանաչած հայկական բնակավայրերի, ինչպես և միջանցքի հարցը լուծելու համար։ Այդ դեպքում
Նիկոլ Փաշինյանը դարձյալ հնարավորություն կունենա արդարանալու, որ եթե հող հանձնող լիներ,
կհանձներ առանց պատերազմի։ Իսկ մինչ այդ, քանի դեռ ռուսներն էլ զբաղված են պատերազմով,
ադրբեջանցիներն ու թուրքերը հապճեպորեն դեպի «սեփական խաղադաշտեր» հանդիպումների են քարշ
տալիս Հայաստանի պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց՝ վստահ լինելով, որ լավ սեղմելու
դեպքում սրանց կարելի է պարտադրել ամեն ինչ։
Հայաստանի ու Արցախի առջև ծառացած են ճակատագրական սպառնալիքներ, որոնք ազգային
ուժերին պարտադրում են դրությունը փրկելու քայլեր։ Այլապես գլխներիս կախված բախտորոշ վերջին
պարտությունից հետո, թե՛ ընդդիմության ուշացած քայլերը և թե՛ ինքը՝ ընդդիմությունը, այլևս կկորցնեն
իրենց նշանակությունը։
«Դրօշակ»-ի առաջնորդող,
թիվ 7(1665), հուլիս, 2022 թ.