Արեւային ջրատաքացման համակարգը՝ ժամանակի պահանջ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արեւային ջրատաքացման համակարգը՝ ժամանակի պահանջ

Արեւային ջրատաքացման համակարգը՝ ժամանակի պահանջ

ՀՅԴ Արցախի կառույցի սոցիալական հանձնախմբի նախաձեռնությամբ եւ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի «Արմեն Գարո» կոմիտեության «Երկիր» հանձնախմբի հովանավորությամբ Մարտունու շրջանում տեղադրվել է 28 այլընտրանքային ջրատաքացման համակարգ, որից 18-ը՝ Մարտունի քաղաքում, 10-ը`շրջանի համայնքներում:

Ջրատաքացման համակարգի տեղադրումից շուրջ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 12-ին, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ԱՀ Էկոնոմիկայի նախարար Լեւոն Գրիգորյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը եւ «Արփի Սոլար» ընկերության տնօրեն Զավեն Սարգսյանը հանդիպել եւ այցելել են շահառուներին, լսել նրանց արձագանքները եւ մտքեր փոխանակել ծրագրի շուրջ:

 

Դիմելով ներկաներին՝ Դավիթ Իշխանյանը նշել է, որ ծրագիրը կյանքի է կոչվել 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, եւ ՀՅԴ ԿԿ-ում ծավալված քննարկումների արդյունքում որոշվեց նախապատվություն տալ սոցիալական այնպիսի խմբերի, որպիսիք են՝ զոհվածների ընտանիքները, հաշմանդամները եւ բազմազավակ ընտանիքները. «Այլընտրանքային ջրատաքացուցիչների շնորհիվ այս ընտանիքները տարվա կտրվածքով կխնայեն զգալի գումար` հաշվի առնելով առկա գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները»,- նշել է պատգամավորը:

Մարտունի քաղաքում 2 ջրատաքացուցիչ համակարգ նվիրաբերվել է Արցախյան պատերազմի հաշմանդամություն ունեցող ընտանիքների, 16-ը՝ բազմազավակ ընտանիքների:

 

Արինա Ալլահվերդյանն անչափահաս 8 զավակների մայր է: Նախքան ջրատաքացման համակարգին անցնելը՝ ամառային շրջանում էլեկտրաէներգիայի համար վճարում էին շուրջ 8000 ՀՀ դրամ. տեղադրումից հետո մեկ ամսվա գումարը կազմեց 2500 ՀՀ դրամ:

«Այս ծրագիրը մեծ աջակցություն է մեր ընտանիքին: Ամուսնուս աշխատավարձը, երեխաների նպաստը եւ մեղվաբուծությունից ստացված գումարը հազիվ է հերիքում մեզ, եւ էլէկտրաէներգիայից տնտեսված գումարով մի հոգս հաստատ կլուծենք: Շնորհակալ ենք մեզ դարման լինող բարերարներին»,- նշել է Արինան:

«Արփի սոլար» կազմակերպության ջրատաքացուցիչները տարվա բոլոր եղանակներին կարողանում են արևի լույսից կլանված էներգիայի շնորհիվ ջուրը տաքացնել 55-ից մինչև 60 աստիճան: Ընկերության տնօրեն Զավեն Սարգսյանի խոսքով՝ ոլորտի զարգացման խթանումը երկրի տնտեսության զարգացման եւ բնակչության կենցաղային բարելավման լուրջ հեռանկարներ է խոստանում:

«Արեւային ջրատաքացման համակարգին անցնելով՝ հնարավոր է ընդհանուր առմամբ 90 տոկոսով տնտեսել Արցախի բնակչության կողմից էլեկտրաէներգիայի եւ գազի համար ծախսվող գումարների չափերը: Բացի այդ, համակարգը կարող է բարձրացնել էներգետիկ անկախության մակարդակն ու էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր լինել: Ի տարբերություն բնական գազի՝ այն բնապահպանական խնդիրներ չի ստեղծի»,- նշել է Զ.Սարգսյանը եւ նշել, որ ջրատաքացուցիչները շահառուներին 25 տարի ապահովելու են տնտեսական նշանակության տաք ջրով։

Ընկերության տնօրենը կարեւորել է նաեւ նախագծերում տեղական աշխատուժի ներգրավումը: Այդպես, Մարտունիում ջրատաքացման համակարգերի տեղադրման աշխատանքներում ներգրավվել են մարտունեցի երկու երիտասարդ, որոնք հետագայում եւս կզբաղվեն շահագործման հետ կապված հարցերով:

«Բացի նրանից, որ այս ծրագրի շնորհիվ մեր ընտանիքը մեկ ամսվա կտրվածքով խնայեց 5000 ՀՀ դրամ, այն նաեւ կարող է աշխատատեղ հանդիսանալ Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի երկրորդ կուրսում սովորող որդուս համար»,- նշել է 5 զավակների մայր Լիլիթ Գաբրիելյանը:

Արեւային ջրատաքացուցիչներն աշխատում են երեք հնարավորությամբ՝ բնական լույսի, գազի եւ էլեկտրաէներգիայի միջոցով: Արևային էներգիայի անբավարար լինելու ժամանակ համակարգը 80 տոկոս խնայողությամբ միացվում է էլեկտրական հոսանքին եւ գազին՝ ապահովելով ջրի ջերմաստիճանը:

«Բարեգործական այս ծրագիրը նպաստում է մի շարք խավերի սոցիալական բեռի թեթեւացմանը: Բացի 28 ընտանիքներից՝ Մարտունու, հարակից գյուղերի եւ այլ շրջանների բնակիչները եւս ունեն այս համակարգի նվիրատվության կարիքը: Արեւային ջրատաքացման համակարգը ժամանակի պահանջ է»,-իր խոսքում նշել է Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը:

«Արփի Սոլար» ընկերությունը Հայաստանում ունի մի քանի հազար շահառու, Արցախի շահառուների թիվը շուրջ 60 է: Այս ծրագրի շրջանակներում մինջեւ նոյեմբերի սկիզբ Արցախի եւս 4 ընտանիք էներգետիկ անկախություն կստանան: Այս ծրագրի հաջող ավարտից հետո ակնկալվում է այն դարձնել շարունակական՝ ներգրավելով նոր շահառուների ինչպես վերոնշյալ, այնպես էլ այլ բնակավայրերից՝ նպատակ ունենալով աջակցելու արցախցիների սոցիալական խնդիրներին եւ էներգետիկ անկախություն ապահովելու Արցախին:

Լուսինե Թեւոսյան

1