2017թ. պետական բյուջեի կատարողականը ներկայացվեց խորհրդարանին
Գլխավոր » Լրահոս » 2017թ. պետական բյուջեի կատարողականը ներկայացվեց խորհրդարանին

2017թ. պետական բյուջեի կատարողականը ներկայացվեց խորհրդարանին

ԱՀ Ազգային ժողովում այսօրվանից մեկնարկել է ԱՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը:

Բյուջեի կատարման հաշվետվությունը ԱԺ մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝  նշելով, որ ԱՀ  2017 թվականի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված էր նորդրումային քաղաքականության զարգացմանը, նոր տնտեսաիրավական հարաբերությունների կառուցմանը, պետության նկատմամբ գործարար շրջանակների վստահության ամրապնդմանը, կայուն տնտեսական աճի  ապահովմանը, երկրի տնտեսական աճի կայունությանը ու փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցությանը:

«2017 թվականին ՀՆԱ-ը կազմել է 272.1 մլրդ ՀՀ դրամ: Մեկ շնչի ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1,855.9 հազար ՀՀ դրամ՝ նախորդ տարվա 1.577.3 հազար ՀՀ դրամի  դիմաց: Այս ցուցանիշով մենք առաջին անգամ գրեթե հավասարվել ենք ՀՀ-ի ցուցանիշին եւ գերազանցել Ադրբեջանի համապատասխան ցուցանիշը»,- ասել է Գ.Մարտիրոսյանը եւ նշել, որ այդպիսի ՀՆԱ-ի ծավալը հնարավորություն է տվել արձանագրել տնտեսական աճի բավականին բարձր ցուցանիշ՝ 15.6 տոկոս:

2017 թվականին տնտեսական միջավայրի վրա հատուկ ներգործություն է ունեցել հանքաարդյունաբերության ոլորտը՝ կազմելով շուրջ 10 տոկոս:

2017 թվականի ԱՀ պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 41.355.865.0 հազար ՀՀ դրամ կամ՝ տարվա ծրագրով նախատեսված մուտքերի մակարդակի 106,6%-ը:

ՀՀ-ից ստացված միջպետական վարկը հաշվետու տարում  կազմել է 47.437.511.2 հազար ՀՀ դրամ, եւս 3.303.523.8 հազար ՀՀ դրամ հաշվանցվել է ՀՀ կողմից տրամադրված վարկերի գծով մարումների հետ:

2017 թվականի ընթացիկ տարում ծախսերի գծով պետական բյուջեից կատարվել է 74.295.035.6 հազար ՀՀ դրամի ծախս՝ աշխատանքի վարձատրության, ծառայությունների եւ ապրանքների ձառքբերման, տոկոսավճարների, սուբսիդիաների, դրամաշնորհների, սոցիալական նպաստների եւ կենսաթոշակների եւ այլ ծախսերի համար: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 3.7 տոկոսով կամ՝ 2.678.398.4 հազար ՀՀ դրամով:

Հաշվետվությունից հետո ԱԺ պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչներին առաջադրել են բյուջեի կատարողականին վերաբերող հարցեր:

1