Խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները

Խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները

Խորհրդարանական հանրապետության հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կառավարությունը ձեւավորվում է խորհրդարանական հիմքով եւ ամբողջապես պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջեւ:

 

Խորհրդարանական հանրապետությունը հիմնականում բնութագրվում է նրանով, որ իշխանական գերակայությունը պետական կառավարման այդ համակարգում պատկանում է խորհրդարանին, իսկ կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի, այլ ոչ թե նախագահի առջեւ, եւ հրաժարական է տալիս խորհրդարանի կողմից անվստահություն հայտնելու դեպքում: Կառավարման այս համակարգում նույնպես օգտագործվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ փոխադարձ զսպումների մեխանիզմը: Գործադիր իշխանությունը, ի դեմս կառավարության, ունի ինքնուրույնություն, որի օրինակ կարող է լինել այն, որ խորհրդարանի կողմից կառավարությանը երկրորդ անգամ անվստահություն հայտնելու դեպքում կառավարությունը կարող է դիմել երկրի նախագահին խորհրդարանը ցրելու եւ նոր ընտրություններ նշանակելու համար: Խորհրդարանական կառավարման դեպքում կառավարությունը որոշակի կախվածություն է ունենում խորհրդարանից, որն արտահայտվում է նրանում, որ կառավարության ղեկավար է նշանակվում խորհրդարանում մեծամասնություն ունեցող կուսակցությունից կամ կոալիցիայից, կառավարությունը հաշվետու է միայն խորհրդարանին եւ վերահսկվում է նրա կողմից, եւ ցանկացած ժամանակ խորհրդարանը կարող է կառավարության հրաժարականը պահանջել անվստահության քվեի միջոցով:

 

Խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունն այն է, որ, ի տարբերություն նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգերի, խորհրդարանական կառավարման համակարգում ներառված սկզբունքներով եւ կազմակերպվածությամբ ահագին նվազեցնում է քաղաքական ճգնաժամի առաջացումը երկրում` զսպելով օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ դիմակայության առաջացման հնարավորությունը:

 

Խորհրդարանական կառավարման համակարգի մեկ այլ առավելություն է` երկրի կառավարման համար կարեւորագույն որոշումներ ընդունելու ժամանակ երկրի բնակչության առավել ներկայացվածությունը, այսինքն` եթե նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգում երկրի համար կարեւորագույն որոշումներն ընդունվում է հիմնականում նախագահի կողմից, ով հանդիսանում է ընտրությունների միջոցով բնակչության մեծամասնությունը ներկայացնողը, ապա խորհրդարանական կառավարման համակարգում կարեւորագույն որոշումներ ընդունելու ժամանակ խորհրդարանում առկա բոլոր քաղաքական ուժերին մասնակցության հնարավորություն է տրվում, այսինքն` նույնիսկ նվազագույն քվե ստացած եւ երկրի բնակչության փոքր հատվածը ներկայացնող քաղաքական ուժերը նույնպես հնարավորություն են ունենում մասնակցելու երկրի համար կարեւորագույն որոշումներ ընդունելու գործընթացին:

 

Խորհրդարանական հանրապետության դեպքում կարելի է ասել նաեւ, որ երկրի համար կարեւորագույն որոշումներ ընդունելու գործընթացն ավելի ծավալուն եւ մանրակրկիտ է լինում, քանի որ այս դեպքում ընդունվելիք որոշումների վերաբերյալ իրենց կարծիքներն են արտահայտում տարբեր քաղաքական ուժեր, եւ տարաբնույթ մոտեցումների արդյունքում ընդունվում է առավել նպատակահարմար որոշում:

 

Վահե Հարությունյան

1