Ժողովուրդը շատ լավ հոտառություն ունի. զգում է՝ երբ է առաջնորդը վերածվում խամաճիկի. Սպարտակ Ղարաբաղցյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ժողովուրդը շատ լավ հոտառություն ունի. զգում է՝ երբ է առաջնորդը վերածվում խամաճիկի. Սպարտակ Ղարաբաղցյան

Ժողովուրդը շատ լավ հոտառություն ունի. զգում է՝ երբ է առաջնորդը վերածվում խամաճիկի. Սպարտակ Ղարաբաղցյան

ՀՅԴ անդամ, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրեն, լրագրող, հրապարակախոս, պատմաբան Սպարտակ Ղարաբաղցյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ընդվզման մեկամյա արդյունքների, Հայաստան-Արցախ տարանջատման վտանգների, Դաշնակցության անելիքների եւ պետականության պահպանման հարցերի շուրջ։

-Մոտ մեկ տարի առաջ հայ ժողովուրդը ընդվզեց, որի արդյունքում ձեւավորվեց նոր իշխանություն: Արդյո՞ք տեղի ունեցածը կարելի է համարել հեղափոխություն, եւ ինչպե՞ս եք գնահատում հեղափոխական Հայաստանի մեկամյակը։

-Գնահատելու համար՝ հեղափոխություն էր սա, թե մեծ թատրոն, պետք է մի քիչ փորձ ունենալ։ Իմ կարծիքով՝ սա փոքր բեմադրություն էր, ոչ թե հեղափոխություն։ Բոլոր հեղափոխություններն ինչ-որ նոր ակնկալիքներ, մտածողություն են բերում, իսկ այս տարվա մեջ ես ծանրակշիռ փոփոխություններ չեմ տեսել՝ խոսքից, անհավասարակշռությունից, հռետորական տարբեր երանգավորումներից եւ աստիճանական հիասթափություններից բացի։

Կոռուպցիայի դեմ պայքարը նախ օգտագործվել է՝ որպես սոցիալական շերտերին հրապարակ բերելու, իսկ այսօր՝ որպես ավելի կարեւոր խնդիրներից հասարակությանը շեղելու գործիք։ Սա անթույլատրելի է։ Կոռուպցիան Հայաստանում կար եւ կա։ Անհատով հնարավոր չէ կոռուպցիայի դեմն առնել, անհրաժեշտ են անբասիր պաշտոնյաններ, թիմ։ Պետք է ունենալ համապատասխան համակարգ, երկրի այն պաշտոնյային եւ մշակին, որը ազնիվ կկատարի իր գործը։ Կոռուպցիայի դեմ ոչ թե ցուցափեղկային, այլ խորքային պայքար է պետք։ Նախասիրություններով ձերբակալումները կոռուպցիայի դեմ պայքար չեն։ Չի կարելի ժողովրդին կարգախոսներով եւ պոպուլիզմով կերակրել։

Ինչ վերաբերում է հետագայի հաշվարկներին՝ անկախատեսելի բաներ շատ կան, բայց կան նաեւ կանխատեսելի քայլեր. իսկ դա նշանակում է, որ մեզ կանխման հնարավորություն է ընձեռնվում, որ մինչեւ վերջ չգլորվենք, մինչեւ վերջ հեղափոխական ինտուզիազմով չապրենք։

-Բազմահազար քաղաքացիներ զգացին փոփոխությունների անհրաժեշտությունը, քայլեցին եւ վստահության քվե տվեց Փաշինյանին։ Կարծում եք՝ նրանց ակնկալիքները իրագործվեցի՞ն։

-Ամեն մեկի յուրովի ակնկալիքները գումարվել, ամբողջացվել են «ժողովուրդը վճռեց»՝ Նիկոլ Փաշինյանի հաղթաթղթում։ Բայց այսօր ոչ թե ժողովուրդն է Փաշինյանի թիկունքում, այլ Փաշինյանն է ժողովրդի թիկունքում։ Երբ որ ժողովուրդն իր թիկունքում էր, նա իրեն շատ ապահով էր զգում, իսկ դատարանների արգելափակման իրադարձությունները ցույց տվեցին, որ ինքն ավելի շատ պահմտոցի է խաղում՝ իր ձախողումները ներկայացնելով որպես ժողովրդի պահանջ։

Ժողովուրդը շատ լավ հոտառություն ունի, զգում է՝ երբ է առաջնորդը վերածվում խամաճիկի, եւ աստիճանաբար աճող այս հիասթափությունը փաստում է, որ ժողովրդի ակնկալիքները չեն արդարացել։ Մենք այն ժողովուրդն ենք, որի մոտ վտանգավոր պահերին առողջ բնազդներ են արթնանում։ Մենք շուրջ 30 տարի՝ 88-ից սկսած քայլում ենք, բայց ոչ մի անգամ ետ քայլ չենք արել, իսկ եթե ետ քայլն էլ է քայլ հաշվում, դա արդեն հեղափոխություն չէ։ Իսկ հեղափոխությունները երկու ծայր ունեն. եթե ժողովուրդը վստահում է՝ քայլում է, եթե հիասթափվում է՝ չի ներում։

-Որքանո՞վ վտանգավոր խաղի ականատեսն ենք։

Հեղափոխությունները կարող են դառնալ եւ առաջադիմության եւ ռեգրեսիայի խթան: Հեղափոխություններով խաղում են հետընթաց ապահովելու համար, իսկ վտանգավորության աստիճանը կախված է նրանից, թե ում հետ ես խաղում: Երբ խաղը սեփական ժողովրդի ճակատագրի եւ ապագայի դեմ է, ուզենք թե չուզենք՝ հասնում է մի հանգրվանի, որտեղ հաջորդ քայլը հանցագործություն է։ Ստեղծված ներքին լարվածությունը վերջիվերջո մի տեղ պայթելու է, եւ վտանգը հենց սրա մեջ է։

-Դաշնակցությունը կանգնել է համաժողովրդական շարժման կողքին, մաս է կազմել նոր ձեւավորված կառավարությանը, դուրս է եկել, չի անցել խորհրդարան եւ այժմ նախաձեռնել է հանրահավաք։ Ի՞նչ է սա նշանակում՝ արդյոք Դաշնակցությունը դառնում է այլընտրանք։

-Դաշնակցությունը ծնված օրվանից այլընտրանք է։ 130 տարեկան կուսակցությունը ոչ թե ժողովրդի կողքին էր, այլ ժողովրդի մեջ։ Նախկինում էլ ասել եմ, հիմա էլ կասեմ՝ Դաշնակցությանը չպետք է խառնել մյուսների հետ. մենք ոչ նախապատրաստվում ենք ձախողման, ոչ էլ չարախնդալու ենք այսօրվա իշխանությունների ձախողման վրա։ Մենք մտահոգ ենք պետականության պահպանման համար։ Մենք համախմբվել ենք, ձեւավորվել որպես ընդդիմություն եւ կազմակերպել Հայաստանի համար աննախադեպ մակարդակի հանրահավաք, որը այս օրերին քաղաքական եւ ոչ մի ուժ չի կարող նախաձեռնել։

Քայլը սա էր, քայլ էր՝ սաստելու, զգուշացնելու, դեղին քարտ ցույց տալու: Հանրահավաքը կոչված էր՝ համերաշխության քարոզի տակ սեւերի ու սպիտակների բաժանումներ չանելու, ատելություն չսերմանելու եւ, որ ամենակարեւորն է, Հայաստան-Արցախ, հայաստանցի-արցախցի բաժանարար, հատվածային սեպ չխրելու։

Քաղաքական դաշտը հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանելը, չակերտավոր արդարամիտ ձերբակալությունները հիշեցնում են հին Հռոմի՝ ճգնաժամի ժամանակ Գլադիատորների խաղեր կազմակերպելը՝ «հաց եւ արյուն»  քաղաքականությունը։

Այս երեւույթները «հեղափոխության» ծնունդ են եւ Բաքվի երազանքի կատարումը։

-Հանրության տարբեր շերտեր կասկածի տակ են դնում Դաշնակցության հետագա անելիքը։ Արդյո՞ք Դաշնակցությունն ունի անելիք։

-Նախ ասեմ, որ իշխանությանը մաս կազմելու, համագործակցելու՝ Դաշնակցությանն ուղղված մեղադրանքները զուտ այսօրվա ապաշնորհությունը քողարկելու, արդարացման միջոց են։ Եթե մենք ինչ-որ տեղ համագործակցել ենք, ապա օրվա իշխանությունների հետ ենք համագործակցել, ոչ թե թուրքերի։

Ինչ վերաբերում է Դաշնակցության առաջարկներին ու պայքարի ձեւերին, ասեմ, որ դրանք տարբեր են, բայց Դաշնակցությունը ոչ մի անգամ պոպուլիզմով չի  հիվանդացել։ Եվ սա երեւի ինչ-որ տեղ մեր թերությունն է։ Մենք սկսել ենք մեր գործունեությունը մի ժամանակահատվածում, որ ժամանակ չենք ունեցել հաշվարկելու մարդու հոգեբանական նրբությունները, այն, որ ժողովուրդը սիրում է պոպուլիզմը եւ էժանագին խաղերը։

Իսկ Դաշնակցության հետագա անելիքի շուրջ քննարկումներին ի պատասխան՝ կասեմ հետեւյալ համեմատությունը. 1918 թվականին դաշնակցական վարչապետի երկու որդիները զոհվել են թշնամու հետ ճակատամարտի առաջին գծում, իսկ մեծ շուքով Արցախ ծառայության եկած Նիկոլ Փաշինյանի որդին որտեղ է հիմա… Միգուցե մենք վրիպել ենք պոպուլիզմը որպես ռազմավարություն չընդունելու քաղաքականության մեջ, սակայն մեր 130-ամյա պատմությամբ լավ ենք հասկացել զինվորի հոգեբանությունը: Լավ ենք հասկանում Փաշինյանի որդու հետ ծառայած զինվորների հոգեբանությունը, այն, որ ինչքան էլ նրանց համոզեն, որ ամեն ինչ լավ է, նրանք մեկ է մտածելու են, որ վաղը երեւի պատերազմ է: Կարծում եք՝ Դաշնակցությունն անելիք չունի՞։

Դաշնակցության ու մյուս կուսակցությունների տարբերությունն այն է, որ մենք արհեստական տոնածառ չենք, որը տուն է բերվում Ամանորին՝ գունազարդ խաղալիքներ կախելու համար, եւ դեն նետվում՝ տոնի վերջանալուն պես։ Դաշնակցությունը 130 տարի արմատավորված կանգուն կաղնի է, Դաշնակցությունը տոնածառ չէ։

-Այս տարի տոնել ենք Հայաստանի Առաջին Հանրապետության 101-ամյակը։ Ի՞նչ դաս պետք է քաղենք պետականությունն այլեւս չկորցնելու համար։

-Պետականությունը պահում են սիմվոլները, խորհրդանիշները հարգելով եւ ամրանում եւ լիցքավորվում են դրանք արժեւորելով։ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսավեր տունը մեր վերաբերմունքն է մեր պետականության նկատմամբ։ Բայց մենք պետք է գիտակցենք, որ եթե չլիներ Առաջին Հանրապետությունը, չէր լինելու նաեւ երկրորդը, երրորդը, չէր լինելու Արցախյան ազատամարտը։

Մեր բոլոր ձեռքբերումները պայմանավորված են Առաջին Հանրապետությունով՝ Մայիսի 28-ով եւ այն կերտողներով։ Եվ հայկական Առաջին Հանրապետության հիմնադրումը պետք է նշենք ոչ միայն Մայիսի 28-ին. այդ օրը պետք է մեզ հետ լինի ամեն օր, որովհետեւ այն մեր հիշողության հիմքն է։ Պետականությունը հաց է, որն առանց հիշողության, առանց ազգային մտածողության չես թխի։ Իսկ Հայաստանի Առաջին Հանրապետության ծննդի հեգեմոն դերը Դաշնակցությունն է տարել, տարել եւ տանելու է նաեւ ապագայում, որովհետեւ Դաշնակցությունն այն թթխմորն է, որն անհրաժեշտ է հացը թխելու համար։

Սպարտակ Ղարաբաղցյանի հետ զրուցել է Լուսինե Թեւոսյանը

1