Թատրոնում գրվող հեքիաթը՝ բարի վերջաբանի ակնկալիքով
Գլխավոր » Լրահոս » Թատրոնում գրվող հեքիաթը՝ բարի վերջաբանի ակնկալիքով

Թատրոնում գրվող հեքիաթը՝ բարի վերջաբանի ակնկալիքով

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի կողքով անցնելիս նկատելի է շենքի տարածքում տիրող իրարանցումը, լսելի՝ Ռուբեն Հախվերդյանի «Մեր սիրո աշունը» երգը թատրոնի պահակի՝ շենքի պես հին ու փոքրիկ սենյակից: Շենք մուտք գործելուն պես հանդիպում ես շուրջ 15 կամավորի, ովքեր՝ մեկը ավել, մյուսը բահ, մեկ ուրիշը լամպիկներ ձեռքին թեթեւաշարժ այս ու այն կողմ են շտապում: Թատրոնի շենքի տարածքում տիրող այս անսովոր երեւույթը պատճառ ունի. վաղը՝ հոկտեմբերի 5-ին, կմեկնարկի «ARTSakh Fest» ժամանակակից արվեստի փառատոնը:

Շքամուտքում «Խոստովանություններ» ինտերակտիվ նախագիծն է՝ նախընտրական տեղամասի տեսքով: Փառատոնի համակարգող Իննա Բաղդասարյանը շտապում է բացատրել, որ ընտրական շտաբի նմանօրինակով նախագիծը միտված է մարդկանց ազատելու իրենց ներսում թաքցրած տագնապներից եւ հույզերից: Մենախցում թղթին հանձնելով անհանգստություն պատճառող երեւույթները՝  դրանցից զրկվելու, իսկ համապատասխան կախիչից «ընտրությունը» կախելը՝ հասարակության առջեւ բաց եւ ճշմարիտ լինելու առաջին քայլերն են:

Խոստովանության մենախցում հայտնվելը նման է թատերական ներկայացման գնալուն. առաջին դեպքում ափիդ մեջ է քո ներաշխարհը, արժեքները, զգացմունքները, երկրորդի դեպքում սեփական արժեքների եւ գործողությունների դիտորդն ես:

Շքամուտքին հաջորդում է թատերասրահը կամ՝ «383 հոգի»-ն: Նախագիծը ժամանակակից արվեստագետ Վահրամ Գալստյանինն է: 383-ը թատերասրահի նստարանների թիվն է, ավելի ճիշտ՝ նստարաններին փակցված լամպիկների տեսքով հանդիսատեսի թիվն է, որի կարոտն ունի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը:

«Փառատոնին պետք է այլ աշխատանքով ներկայանայի, սակայն թատրոնի թատերասրահը հուշեց եւ թելադրեց հանդիսատես ապահովել: Ես էլ որոշեցի այդ հանդիսատեսին վառ պատկերել՝ լամպիկների միջոցով, որոնց զոդելու գործին անհրաժեշտ եղավ ավելի քան 10 օր»,- նշել է Վահրամ Գալստյանը:

Մուրճի ձայնը թատերասրահին հաջորդող սենյակից է գալիս: Կամավորներից մեկն է երկաթե բարակ ձողեր ամրացնում առաստաղին: Վաղն այդ ձողերից կկախվեն թատրոնում ստեղծված 300-ից ավելի բեմադրություններից պահպանված որոշ թատերական զգեստներ՝ ներկայացումների նկարների ներքո:

Երկրորդ հարկում է գտնվում երաժշտության ու պարի սենյակը: Սենյակի անկյունում դրված դաշնամուրը երաժշտության ձայն չի լսել վաղուց: Դաշնամուրը, թատրոնի մյուս բնակիչներն ու արցախցիները երաժշտություն կլսեն վաղը՝ հոկտեմբերի 5-ին. ժամը 19:00-ին՝ Արտո Թունջբոյաջյանին, իսկ հոկտեմբերի 7-ի երեկոյան՝ Միքայել Ոսկանյանին:

Երկրորդ հարկի մյուս երեք փոքրիկ սենյակները երկու շվեյցարացի արվեստագետի ոգեշնչման աղբյուրը դարձան՝ ներկայացնելու Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի անցյալը, ներկան ու ապագան:

Անցյալն առաջին սենյակում է. դռան փոքրիկ պատուհանից կցուցադրվեն թատրոնում բեմադրված ներկայացումների տեսագրությունները:

Ներկան երկրորդում է՝ բորբոսով պատված, նեխած, փտած կահույքով:

Երրորդը ապագայի սենյակն է, որը դեռեւս մութ է, բայց սենյակի կենտրոնում կախված փոքրիկ կանթեղը ապագայի նկատմամբ հույս է ներշնչում:

 

Հենց այս հույսով է Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում այս օրերին գրվում 1930-ականներին կառուցված այս շենքի անավարտ պատմության հեքիաթը: Հեքիաթի գլխավոր հեղինակը Երեւանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի ծրագրերի ղեկավար Աննա Կամայն է՝ Արցախի, Հայաստանի եւ արտերկրի շուրջ 30 ժամանակակից արվեստագետների մասնակցությամբ: ARTSakh Fest ժամանակակից արվեստի փառատոնը նպատակ ունի ստեղծել համագործակցության բեմահարթակ դրսի արվեստագետների եւ կազմակերպությունների հետ՝ մեկ անգամ եւս սեւեռելու բարի մարդկանց ուշադրությունը դեպի «Ստեփանակերտի գեղեցկուհու» երբեմնի տեսքն ու փառքը վերականգնելու վրա:

Լուսինե Թեւոսյան

Գլխավոր լուսանկարը՝ ARTSakh Fest ֆեյսբուքյան էջից, մյուսները՝ հեղինակի։

1