Գասպար Կարապետյան. Արցախի հարցը հողային հարց չէ, այլ Արցախի ժողովրդի կյանքի եւ գոյության հարց
Քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած իրադարձությունների, ինչպես նաեւ Արցախի հարցի ուղղությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ:
— Ի՞նչ ազդեցություն ունեցավ Հայ Դատի աշխատանքների վրա Արցախյան քառօրյա պատերազմը, եւ արդյո՞ք այն որեւէ կերպ փոխել է ձեր աշխատանքների ուղղությունը:
— Հաշվի առնելով Ալիեւի վարած քաղաքականությունը եւ նրա կատարած հայտարարությունները՝ բոլորս էլ սպասում էինք, որ մի օր պիտի կատարվեր այն, ինչ եղավ: Անշուշտ, առաջին պահին մենք էլ հանկարծակիի եկանք եւ անմիջապես փորձեցինք հասկանալ մանրամասնությունները: Կապվեցինք այստեղի պատասխանատուների հետ, որպեսզի կողմնորոշվենք եւ համապատասխան որոշումներ կայացնենք: Անմիջապես գրություններով դիմեցինք պատկան եվրոպական կազմակերպություններին, նաեւ Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամական խմբին, տարբեր պատվիրակությունների, մեր շրջանային Հայ Դատի հանձնախմբերին: Ստանալով Երեւանի կենտրոնական գրասենյակի կողմից ուղղություններ՝ անհրաժեշտ էր համադրված կերպով աշխատանքներ կազմակերպել, թե՛ անձնական հանդիպումների , թե՛ գրությունների միջոցով փաստել, որ Ադրբեջանն է նախահարձակը:
Աշխատանքներ տարվեցին, որպեսզի այդ մասին խոսակցություն լինի Եվրոպական Միության լիագումար նիստում, եվ մենք Ստրասբուրգ այցելեցինք՝ համադրելով Հայաստանի դեսպանի հետ մեր աշխատանքները :
Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ջանքերով կատարվեցին բազմաթիվ հանդիպումներ, որոնց ընթացքում, եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը քննադատեցին Ադրբեջանին՝ որպես նախահարձակ կողմի: Որոշ պատգամավորներ խոսեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, Ադրբեջանի կողմից իրականացված անմարդկային արարքների մասին, եւ ընդհանրապես Ադրբեջանը քննադատող ելույթներ եղան:
Մեր հիմնական ջանքերն այն ուղղությամբ էին, որ շարունակենք պնդել, որ Ադրբեջանը չի կարող պատերազմի ճանապարհով լուծել Արցախի հարցը եւ նաեւ փաստենք, որ Ադրբեջանը ձախողվեց: Այո՛, Ադրբեջանը գրավեց մի քանի ռազմավարական նշանակության դիրքեր, բայց նրա հիմնական նպատակը ձախողվեց, քանի որ ԼՂՀ ՊԲ-ն կարողացավ արժանի հակահարված տալ:
Մենք փորձեցինք հասկացնել, որ պատերազմի վերսկսումը դոմինոյի էֆեկտ կունենա բոլորի համար: Պատերազմի շահող կողմ չկա: Մեզ համար մեկ զինվորի կորուստն էլ արդեն մեծ պարտություն է /մենք միշտ շեշտում ենք այդ մարդկային գործոնը/: Լուրջ վնասներ կկրեն երկու երկրներն էլ, սակայն ավելի մեծ վնասներ կկրի Ադրբեջանը , հնարավոր է՝ դադարի գոյություն ունենալ, եւ դա կարող է ազդել ոչ միայն ամբողջ տարածաշրջանի վրա, այլեւ՝ ընդհանուր իրավիճակ կարող է փոխել աշխարհում:
Նկատի ունենալով Թուրքիայի արկածախնդիր քաղաքականությունը՝ պետք է նշել, որ այն միակ երկիրն է, որ քաջալերեց Ալեւին՝ մինչեւ վերջ շարունակել պատերազմը: Եթե պատերազմը շարունակվեր, Թուրքիայի նպատակը, անշուշտ, ոչ միայն Ղարաբաղն էր, այլեւ՝ Հայաստանը: Այդ պարագայում էլ խաղադաշտ պետք է իջներ Ռուսաստանը՝ հաշվի առնելով ռազմական գործընկերոջ ստանձնած պարտականությունները: Եթե իրավիճակը հասնի դրան, այդ դեպքում արդեն Եվրոպան չի կարող անմասն մնալ: Այս ամենը մենք փորձեցինք բացատրել եվրոպացի պաշտոնյաներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին, եւ կարծես թե նրանք ընկալեցին պահի լրջությունը:
Ինչ վերաբերում է մեր աշխատանքների ուղղությանը, ապա հարկ եմ համարում նշել, քառօրյա պատերազմի չի կարող փոխել մեր ընդհանուր սկզբունքը: Մեզ համար կարեւորագույն թիրախ է այն հանգամանքը, որ Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի մասնակցությունը բանակցություններին: Մեծագույն սխալ էր Արցախին բանակցությունների սեղանից դուրս մղելը՝ անկախ նրանից, թե ինչ ճնշումներ են եղել այն ժամանակ:
Եթե իսկապես ցանկանում են, որ հարցը լուծվի, ապա Արցախը ներկա պիտի լինի այդ համաձայնությունների ընդունմանը:
Մեզ համար հստակ է, որ նախապայմանը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը: Հետո միայն թող որոշվի, թե ինչ զիջումների կարող է գնալ Արցախը, եթե այդպիսինները կան:
Դրանից հետո թող շարունակվեն բանակցությունները, որովհետեւ իրատեսական եւ ընդունելի չէ ասել՝ հանձնեցեք հողերը եւ տեսնենք, թե հետո ինչ կլինի:
Կան հարցեր, որոնք պետք է խորությամբ քննվեն, եւ այդ կարգի համաձայնությունները չեն կարող ընդունվել տասնամյակը մեկ: Օրինակ՝ Մադրիդյան սկզբունքները ստորագրվել են 15 տարի առաջ, որից հետո շատ բան է փոխվել, պայմանները տարբեր են այժմ եւ, ըստ այդմ, դրանք չեն կարող իրագործելի լինեն: Ամեն անգամ, տվյալ իրավիճակից ելնելով, պետք է բանակցել եւ համաձայնություններ առաջ քաշել:
— Արցախյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործվել են մի շարք պատերազմական ոճրագործություններ: Այդ ձեռագիրը ոչնչող չի տարբերվում ԻՊ-ի ձեռագրից: Ի՞նչ է արվում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից եվրոպական բարձր ատյաններում այս հարցը բարձրացնելու ուղղությամբ:
— Այդ ամենը տարածվեց իրենց՝ադրբեջանցիների կողմից, որովհետեւ հենց իրենք սկսեցին ամեն տեղ հրապարակել իրենց «քաջագործությունները»: Մայիսին, երբ այստեղ էինք գործակիցներիս՝ Պետո Դեմիրճյանի եվ Աշխեն Ֆիքսովայի հետ, հանդիպեցինք ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ եւ հրավիրեցինք Բրյուսել, որպեսզի նա անձամբ ներկայացնի հարցը:Մենք, անշուշտ, ներկայացրել էինք, սակայն, հաշվի առնելով, որ մենք մասնագետ չենք, անհրաժեշտ համարեցինք մասնագիտորեն ներկայացնել հարցը: Ռուբեն Մելիքյանի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում կազմակերպեցինք մի շարք քաղաքական հանդիպումներ: Նրան միացավ, քաղաքական հանդիպումներին, մեր գրասենյակի Եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Եվրիյանը եւ միջանկյալ զեկույց ներկայացվեց , ուր գրքույկի էր վերածված հրապարակված լուսանկարները : Այն ամբողջությամբ ներկայացնում էր, թե ինչ վայրագություններ են իրականում տեղի ունեցել:
Հանդիպումներ եղան մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով ամբողջ իրականությունը: Չեմ կարող ասել, որ բոլոր հարթակներում կարողացանք ներկայացնել հարցը, սակայն մի շարք կարևոր աշխատանքներ տարվեցին:
Այսօր բավական տեղեկություններ կան Ադրբեջանի գործած ոճրագործությունների , մարդկային իրավունքների խախտման մասին: Հայկական կողմն այդ հարցով դիմել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարան : Ադբեջանն էլ փորձում է հայկական կողմին մեղադրել ինչ-ինչ ոճրագործությունների մեջ՝ թե իբր ռմբակոծվել են իրենց խաղաղ բնակավայրերը: Սակայն Ադրբեջանն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ, եթե իր զորանոցները տեղակայել է իր իսկ գյուղաբնակ վայրերում եւ այնտեղից է մեզ ռմբակոծում: Դա անհերքելի փաստ է, եւ ըստ այդմ էլ նա լուրջ փաստարկներ չունի հայկական կողմին մեղադրելու վերաբերյալ:
— Ադրբեջանը հրաժարվում է սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմներ կիրառելուց: Որոշ քաղաքագետների կարծիքով մոտակա տարիներին դա գրեթե անհնար է իրականացնել: Արդյո՞ք հնարավոր է որեւէ կերպ ազդել Ադրբեջանի վրա՝ ստիպելով նրան գնալ այդ քայլին:
— Հարցն ավելի խորքային է, եւ նման մեխանիզմների կիրառումն ինքնին հարցի լուծում չէ: Պարզապես պիտի ստեղծվեն հարմար պայմաններ, որպեսզի հնարավոր լինի երկխոսություն ծավալել կողմերի միջեւ: Քառօրյա պատերազմի ընթացքում երկու կողմից այսքան զոհեր ունենալուց հետո հարցի լուծումն ավելի խորքային է դարձել (չնայած՝ չեմ կարծում, որ Ալիեւը մտահոգված է իր կողմի զոհերով, նա ավելի շատ մտահոգված է, թե որքան գումար կարող է մտնել իր կնոջ գրպանը): Մեզ համար մարդկային կորուստներն աղետալի նշանակություն ունեն: Այս պայմաններից ելնելով՝ չգիտեմ, թե սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմների կիրառումը որքանով կարող է նպաստել հարցի լուծմանը: Ադրբեջանը չի հարգում իր իսկ համաձայնությունները: Ինչի՞ մասին կարող է խոսք լինել, երբ բանակցելուց մի քանի րոպե հետո նորից զոհ ենք ունենում Արցախի սահմանին:
Սխալ հասկացողություն կա Արցախի հարցի էության վերաբերյալ: Շատերի կարծիքով դա միայն հողային հարց է , եւ Ադրբեջանը իր քարոզչությունն այդպես է կառուցել տարիներ շարունակ: Մենք բոլորս, իբրեւ հայ ժողովուրդ, տարիներով թերացել ենք մեր գործում: Մտածել ենք, որ պատերազմում հաղթելով հարցը վերջացրինք, սակայն դա այդպես չէր: Տարիներով մենք չենք զբաղվել մեր հարցերով, եւ երբ Ադրբեջանը փող ունեցավ եւ անցավ հարձակման՝ մենք արթնացանք, հետքայլ արեցինք՝ մնալով պաշտպանողական դիրքում: Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը շատ կարծր աշխատանք է տարել վերջին 6-7 տարիների ընթացքում, որպեսզի այս պատկերը փոխվի: Ինչ վերաբերում է Եվրոպական Խորհրդարանին, ապա դա մեզ հաջողվեց: Նույնը չէ պատկերը ԵԽԽՎ-ում, ուր պայմաններն ամբողջությամբ տարբեր են: Ունենք լուրջ հարցեր, սակայն այդ ուղղությամբ եւս աշխատում ենք Ստրասբուրգում Հայաստանի պատվիրակության հետ, քանզի այսօր այնտեղ հավասարակշռությունը մեր դեմ է:
Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը առանձին անձերի հետ հանդիպումների ժամանակ փորձել է համոզել, որ Արցախի հարցը հողային հարց չէ, այլ Արցախի ժողովրդի կյանքի եւ գոյության հարց. այստեղ հարցը մարդկային է: Արցախում 150000 կյանք կա, ովքեր հազարավոր տարիներ այստեղ են ապրել, նրանց տունն այստեղ է, ընտանիքն այստեղ է, ապագան՝ այստեղ: Ինչպե՞ս եք կարծում՝ սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հողա՞յին հարց է, թե՞ 150000 մարդու կյանքի հարց է: Եւ նրանց հարց է տրվում, եթե ձեր երկրում լիներ նման հարց, դուք ինչպե՞ս կանեիք նման պարագայում: Սակայն այս ուղղությամբ տակավին շատ աշխատանք պետք է կատարենք:
Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ