Արցախի հարավը շենանում է
2004 թվականին «Թուֆենկյան» բարեգործական հիմադրամի կողմից Արցախի հարավում հիմնադրված Առաջամուղ գյուղը տարեցտարի ընդլայնվում է. երեկ՝ ապրիլի 4-ին, առաջամուղցի 6 ընտանիք բնակարանամուտ է տոնել:
«Առաջամուղը ռազմավարական կարեւորություն ունի Արցախի համար։ Ուստի մեր հետագա քայլը դպրոցի վերակառուցումն ու բուժկետի շենքի կառուցումը կլինի»,- ասել է Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը եւ հույս հայտնել, որ տարիներ հետո նորակառույց գյուղը կվերածվի քաղաքի:
Նորակառույց 6 տները կառուցվել են Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ու ԱՄՆ «Արցախ» ֆոնդի ֆինանսավորմամբ եւ Արցախի կառավարության աջակցությամբ։
«Մենք ուրախ ենք եւ երջանիկ այդ պարտականությունը մեզ վրա վերցնելու համար: Արցախը մեր հայ ազգի ուժն է, եւ այն, ինչ մենք արել էինք այսօր, նվազագույնն էր»,- նշել է ԱՄՆ «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչ Ռաֆֆի Կիլիյանը:
Տան բանալիները տանտերերին հանձնեցին Սերժ Թանգյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը եւ Էրիկ Նազարյանը։ Վերջիններս երկօրյա այցով Արցախում էին։
Հանրահայտ ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանն իր խոսքում նշել է, որ այս օրերի ընթացքում Արցախում տեղի ունեցած շատ միջոցառումների է մասնակցել, սակայն այս միջոցառումը ամենազդեցիկն էր:
«Մենք երախտապարտ ենք այս մարդկանց, որ այստեղ են ապրում»,- նշել է Ս.Թանկյանը:
Նազարյանների ընտանիքն Արարատից 2013թ․-ին է տեղափոխվել Արցախ։ Մինչ այդ տարբեր բնակավայրերում վարձով էին բնակվում։
«Վերջապես մեր սեփական տունն ունեցանք։ Աշխատանքն էլ խնդիր չի լինի այստեղ։ Քանի որ նախկին զինծառայող եմ եղել, հիմա էլ պատրաստվում եմ վերադառնալ զինվորական գործիս, բայց՝ արդեն Արցախում»,- ասում է Գ․ Նազարյանը։
Այսօր գյուղը 18 նորակառույց առանձնատուն ունի: Ծրագրի համաձայն, պետք է կառուցվի եւս 32-ը: Նախատեսված է նաեւ ընդարձակել գյուղի դպրոցն ու բուժկետ կառուցել:
«8 տարի առաջ եմ այցելել Արցախ եւ հենց այդ տպավորություններն են ինձ այսօր այստեղ բերել: Այս անգամ ես հետ կգնամ նոր տպավորություններով: Հուսամ, որ սփյուռքահայությունը եւս ժամանակ կտրամադրի Արցախի հետ ծանոթանալու համար»,- «Ապառաժ»-ի թղթակցի հետ զրույցում նշել է դերասանուհի Արսինե Խանջյանը:
«Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձու Անդրանիկ Գասպարյանը նշել է, որ այսուհետ Առաջամուղի ծրագիրն իրականացնելու է ԱՄՆ «Արցախ» ֆոնդը:
«Նպատակ ունենք մեր հիմնադրամի ծրագրերի միջոցով այլ բարերարների ուշադրությունը սեւեռել դեպի Արցախ»,- նշել է Անդրանիկ Գասպարյանը եւ ավելացրել, որ չպետք է հպարտանանք մեկ գյուղով, սահմանամերձ գոտում պետք է 20 նման գյուղ ունենանք:
Այգեստանում ապրող Նախշուն Հակոբյանի ընտանիքը մի քանի օր անց կտեղափոխվի Առաջամուղի նոր բնակարանը:
«Տները պատրաստի մեզ հանձնեցին, մենք էլ մեր ընտանիքներով կշենացնենք այս տարածքը»,- ասում է Նախշունը եւ ավելացնում, որ լվացքի մեքենայի համար վարկ վերցնելու անհրաժեշտություն այլեւս չի լինելու, քանի որ բնակարանամուտի միջոցառման ժամանակ մի բարերար խոստացել է բոլորին լվացքի մեքենա, սառնարան ու հեռուստացույց նվիրել:
Լուսինե Թեւոսյան