Ներկայացումը պատմում է արևի մարդկանց մասին, ովքեր խաղաղ էին ապրում իրենց արևոտ հայրենիքում

Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՛ր…» գրքի պատմությունների հիման վրա բեմադրիչ Ռուզաննա Խաչատրյանի կողմից Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում բեմադրված «Արևի մարդիկ» ներկայացումը հունվարի 30-ին իր առաջնախաղն ունեցավ։
Այս ներկայացումը պատմում է արևի մարդկանց մասին, ովքեր խաղաղ էին ապրում իրենց արևոտ հայրենիքում՝ ներդաշնակ բնության գեղեցկությանը և մարդկային հոգատարությանը։ Նրանց կյանքը լցված էր սիրով, ծիծաղով, երազանքներով և հույսով։ Սակայն այդ ներդաշնակությունը խաթարվում է, երբ պատերազմի ստվերը ծանրանում է նրանց վրա՝ խլելով խաղաղությունը և ստիպելով բախվել կյանքի դաժան իրականությանը։

«Արևի մարդիկ» ներկայացումը հանդիսատեսին տանում է Արցախի հեռավոր ու գողտրիկ մի գյուղ, որտեղ արևն այնքան մոտ է ծագում, որ թվում է՝ արթնանում ու քնում է մարդկանց սրտերում։ Այնտեղ՝ Արևաշենում, կողք կողքի բնակվում էին մարդիկ, իրենց ցավերով, կորուստներով, կամակորությամբ ու միամտությամբ։ Բայց նույն պահին այդ վայրում արթնանում են անկեղծ հումորը, ապրելու ու արարելու անսպառ կամքը։ Այս գյուղի ներսում թաքնված է Արցախի դիմագիծը՝ իր գեղեցիկ հմայքով, դաժան ճակատագրով ու ապրելու հանդեպ անսպառ հավատով։ Ներկայացումը պատմում է կյանքի մասին, որտեղ միահյուսված է հավատարմությունը սեփական հողին։

Թեև Արցախը շատերի մոտ նույնացվում է ռազմադաշտի հետ, սակայն «Արևի մարդիկ» ներկայացումը հիշեցնում է, որ Արցախը առաջին հերթին լուսավոր հայրենիք է՝ բնօրրան, որտեղ ապրում էին խենթ ու կրակ, միամիտ ու պարզ, ուրախ ու ժրաջան մարդիկ։ Հանդիսատեսը յուրաքանչյուր դերակատարի խաղում, յուրաքանչյուր դրվագի մեջ գտնում է իրեն հարազատ հիշողություններ, մարդկանց ու կյանքի պատմություններ։
Ներկայացման շեշտադրումը դրված է գյուղական կոլորիտային կենցաղի և մշակույթի վրա, սակայն այնչի շրջանցում նաև պատերազմի թեման։
Ծիծաղի տակ թաքնված արցունքներ, հուզմունք ու կարոտ՝ այս բառերն ամենաճիշտն են նկարագրում ներկայացումը։

«Արևի մարդիկ» ներկայացումը հանդիսատեսին հնարավորություն է տալիս վերադառնալ Արցախ՝ տեսնելու նրա պայծառությունը և լսելու նրա ձայնը։ Այսօր, երբ Արցախի մասին խոսելը ավելի կարևոր է, քան երբևէ, «Արևի մարդիկ» ներկայացումը դառնում է մի կամուրջ, որը միացնում է մեր սրտերը Արցախի հետ։ Այն մեզ հիշեցնում է, որ Արցախը մեր հոգու մասն է, և որ արևը, որ ծագում էր Արցախում, միշտ կլինի մեր սրտերում։
«Աշխարհի համար մենք ընդամենը մի փոքրիկ բզեզ ենք, բը՜զզ, բըզզում ենք ու անցնում։ Ու միայն այստեղ է, որ արևը մեր բըզզոցից է արթնանում․․․Բը՜զզ-բը՜զզ․․․
Իրիքնյակը տուսա եկալ․․»
Ներկայացումը բեմադրվել է նաև այսօր՝ հունվարի 31-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Վահագն Խաչատրյան
Ապառաժ