Ներկա պահին ամեն ինչի քանակը սահմանափակ է

Արցախի շրջափակման պայմաններում ամենաառաջնային խնդիրներից մեկը շարունակում է մնալ դեղերի, մանկական կերերի, հիգիենայի պարագաների հայթայթումը: Դեղատան աշխատող Նոնա Մարտիրոսյանի խոսքով՝ սկզբնական շրջանում՝ մինչև դեկտեմբերի 25-ը, ամեն ինչ դեֆիցիտ էր, հատկապես՝ մանկական կերերը, ջերմիջեցնողները, հակաբիոտիկները:
Դրանից հետո սկսել ենք քիչ քանակությամբ դեղորայք ստանալ, բայց ներկա պահին ամեն ինչի քանակը սահմանափակ է: Մարդիկ դիմում են, տարբեր դեղեր են պատվիրում, և չենք կարողանում ժամկետ նշել, թե երբ կհասնի, կամ կհասնի՞ արդյոք»,- ասում է նա: Դեղատանը հիմա էլ տակդիրներ չկան, միայն մանկական կերեր են, սակայն, նրա խոսքով, երեխաներին անհրաժեշտ են հավելյալ կերեր, պյուրեներ, պեչենիներ, հատկապես՝ որ բանջարեղեն ու միրգ չկա:

«Հիմնականում մանկական հակաբիոտիկներն են շատ գնում: Տարբեր հիվանդությունների դեպքում տարբեր չափաբաժնով հակաբիոտիկներ են պետք, բայց մենք միայն մի ձև ենք կարողացել ձեռք բերել: Տրամադրում ենք փոխարինողները: Մանկական կերերը ստացել ենք, բայց միայն սահմանափակ տեսակներից: Շատ երեխաների համար հատուկ մոտեցում է պետք, որը չենք կարողանում ապահովել»,- ասում է Ն. Մարտիրոսյանը: