Ներկա իրավիճակում պետք է ավելի զարգացնենք մենապայքարային մարզաձևերը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ներկա իրավիճակում պետք է ավելի զարգացնենք մենապայքարային մարզաձևերը

Ներկա իրավիճակում պետք է ավելի զարգացնենք մենապայքարային մարզաձևերը

Արթուր Առուշանյանը Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունում նվաճել է 70 կգ քաշային կարգի բոլոր գոտեմարտերը և դարձել աշխարհի քառակի չեմպիոն: Նա նաև առաջնության լավագույն մարզիկի կոչմանն է արժանացել:

28-ամյա մարզիկը այդ առաջնությանը նաև մարզչի կարգավիճակով էր մասնակցում: Արթուրի սաներից Արեն Կարապետյանը 16-17 տարեկանների 60 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Արտյոմ Մնացականյանը 14-15 տարեկանների 75 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր:

«Ապառաժ»-ի հետ զրույցում անվանի մարզիկը նշել է, որ այդ առաջնությունն առանձնանում էր նախ նրանով, որ կորոնավիրուսի համավարակից հետո առաջին անգամ է Կիոկուշին մարզաձևում աշխարհի առաջնություն անցկացվում, նաև այն առաջինն էր Արցախյան վերջին պատերազմից հետո:

«Վերջին երկու տարվա ընթացքում մեր ապրած ցավից, դժբախտությունից հետո առաջին աշխարհի առաջնությունն էր: Աշխարհի առաջնությունները հիմնականում կազմակերպվում են առանձին՝ պատանիների և մեծահասակների համար, և ամեն անգամ մրցագորգ եմ դուրս գալիս կամ որպես մարզիկ, կամ որպես մարզիչ: Այս դեպքում կարելի է ասել մեջտեղից կիսվում էի, որովհետև և տղերքն էին պայքարում, և ես պետք է մենամարտեի»,- նշել է Արթուր Առուշանյանը:

Խոսելով պատերազմից հետո իրենց գրանցած արդյունքների մասին՝ Արթուր Առուշանյանը շեշտել է, որ դրանք անհատական չեն: «Սա միայն մեր հաղթանակը չէ, բոլորի հաղթանակն է»,- կարծում է աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի չեմպիոնը:

Արթուր Առուշանյանը մինչ աշխարհի առաջնությունը՝ սեպտեմբերին, մասնակցել էր Եվրոպայի առաջնությանը: «Այնտեղ մրցավարական որոշ սխալների պատճառով պարտվել եմ: Կարելի է ասել՝ դա էլ մեծ խթան էր, որ ավելի լավ պատրաստվեմ աշխարհի առաջնությանը: Այդտեղ գրավել եմ երրորդ տեղ (KWU վարկածով)»,- նշել է նա: Մարզիկի խոսքով՝ իրենց համար ոգևորիչ է, որ ամեն անգամ Արցախի անունը շոշափվում է:

«Ադրբեջանը, կարելի է ասել, սև փիառով է զբաղվում: Շատ անգամ դատարան են դիմել, և դա հօգուտ մեզ է աշխատել: Բոլորն ավելի շատ են իմացել Արցախի մասին, որ հայկական հող է, ինչի համար էր պայքարը, պատերազմը:

Ադրբեջանցիները դեմ առ դեմ խոչընդոտ չեն կարողացել ստեղծել, բայց սեպտեմբերին կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ խոչընդոտ էր այն, որ Արցախի գրանցման պատճառով շենգենյան գոտին հրաժարվել էր տալ վիզա: Մի շարք կառույցների ենք դիմել, արդեն մտածում էինք միջազգային դատարան դիմելու մասին, երբ վերջին օրը տեղեկացրին, որ ստացվում է: Եվ եթե այսքան դժվարություն հաղթահարելուց հետո ենք գնում, ուրեմն՝ կրկնակին պետք է անենք»,- կարծում է Արթուր Առուշանյանը:

Խոսելով պատերազմից հետո իր սաներին փոխանցվող ուղերձների մասին՝ նա նշել է, որ ամենաառաջինն այն է, որ ոչ մի հայ, ոչ մի արցախցի իրավունք չունի մեկը մյուսին թշնամական աչքով նայելու, իրարից նեղանալու։ «Միշտ ասում եմ՝ եթե թշնամի եք ուզում տեսնել, նա օկուպացված Շուշիում է, բարձրացեք, աչքերին նայեք, մյուսները ձեր եղբայրները, ազգակիցներն են, նրանց հետ պետք է լինեք միայն սիրով»,- ասում է մարզիչը՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ, երբ բոլոր ուղղություններով թշնամին է, պետք է ավելի շատ զարգացնենք մենապայքարային մարզաձևերը. ոչ միայն տղաները, այլև աղջիկները պետք է ինքնապաշտպանվեն, հոգեբանորեն, ֆիզիկապես կոփված լինեն:

Անդրադառնալով մարզիկի կարիերան ավարտելու մասին հարցին՝ նա նշել է, որ դեռևս նպատակներ ունի, բայց բավականին լուրջ է վերաբերվում մարզչական գործունեությանը, ուստի պիտի աննախադեպ տարի լինի։

1