«Նեմեսիս»-ի 100- ամյակին նվիրված միջոցառումներ Բեռլինում
Գլխավոր » Լրահոս » «Նեմեսիս»-ի 100- ամյակին նվիրված միջոցառումներ Բեռլինում

«Նեմեսիս»-ի 100- ամյակին նվիրված միջոցառումներ Բեռլինում

Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի միջոցառումները «Նեմեսիս»-ի 100- ամյակի առթիվ տեղի ունեցան 2021թ. հոկտեմբերի 24-ին, 26-ին և 29-ին Բեռլինում: Դրանք մի քանի անգամ հետաձգվել էին «կորոնա-19» համավարակի պատճառով: Միջոցառումները սկսվեցին հոկտեմբերի 24-ին, նախ «Երկրատարածքի քաղաքական դաստիարակության կենտրոնում» պրոֆ. Տեսսա Հոֆմանի ներածականով և նույն փողոցում տեղի ունեցած գործողության՝ Թալեաթ փաշայի պատժի արժանանալու վայրի այցելությամբ։ Հոկտեմբերի 26-ին վերը հիշատակված կենտրոնում պրոֆ. Հոֆմանը մանրամասն անդրադարձավ գործողության հետ կապված հանգամանքներին, դերակատար անձերի, վկաների և դատավարության ժամանակ վկա Քրիստինե Թերզիբաշյանի որդի 94 տարեկան Արմեն Թերզիբաշյանի ողջույնի խոսքին, որը առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեղավ անձամբ մասնակցել միջոցառմանը։

Պրոֆ. Տեսսա Հոֆմանն իր ելույթում նշեց, որ լրացել է Բեռլինում տեղի ունեցած քրեական մի դատի 100-ամեակը, որը ազդակ հանդիսացավ 1948թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի համար։

«Այդ դատավարությունը խոր տպավորություն թողեց Ռաֆայել Լեմկինի վրա։ Նա Լեմբերգ քաղաքում իրավաբանության ուսանող էր և դատավարության ընթացքի մասին իրազեկվում էր մամուլից։ Այդ ճակատագրական դեպքի մասին Լեմկինն իր կենսագրականում գրում է. «Դատարանը ազատ արձակեց Թեհլիրյանին, որը մարդկային բարոյական կարգը բարձր էր գնահատում…. Այդ ժամանակից ի վեր սկսեցի մտածել անմեղ մարդկանց սպանությունների մասին։ Թեպետ ես չունեի բոլոր հարցերի պատասխանները, բայց զգում էի, որ մի օրենք պիտի սահմանվի, որպեսզի ռասայական կամ կրոնական սպանություններ հրահրած ոճրագործները պատժվեն։ Եթե այդ առնչությամբ օրենքներ լինեին, ապա պետական մեծ ոճրագործությունները, ինչպիսիք են հայերի և օսմանյան սուլթանության մյուս քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ կատարվածը, կամ խափանվելու էին, և կամ ոճրագոծները պատժվելու են»,- մեջբերեց պրոֆ. Հոֆմանը։

Նա շարունակեց, նշելով, որ Լեմկինն իր Հայդելբերգյան իրավագետ պրոֆեսորից տեղեկացավ, որ գոյություն չունի այնպիսի օրենք, որով մի պետության ոճրագործություններն իր իսկ քաղաքացիների նկատմամբ դատապարտվեին։ Լեմկինը նկատեց այդ բացը։

«Եթե Թեհլիրյանն ահաբեկի մեկին, այդ արարքը համարվում է ոճրագործություն, բայց ոճրագործություն չէ մի կեղեքող-իշխանավորի համար, երբ նա միլիոնավոր մարդկանց է կոտորում։ Սա անտանելի հակասություն է»,- կարծում էր Լեմկինը։ Նրա կյանքի մեծ գործը այդ նախագծի իրականացնումն էր որպես միջազգային համաձայնագիր, որպեսզի խափանի ցեղասպանությունը և պատժի ցեղասպաններին։ Նրա ջանքերը իրականացան միայն 2-րդ աշխարհամարտից հետո՝ 1948-ին։

«Բեռլինի դատավարությունը եղավ առաջինը, որտեղ Հայոց ցեղասպանությունը դարձավ խնդրո առարկա։ Իհարկե պրուսական արդարադատության և արտաքին գործերի նախարարությունները մեծ շահագրգռվածություն ունեին, որպեսզի Թեհլիրյանի դեմ դատավարությունն արագ և առանց աղմուկի ավարտվի, և այդ պատճառով էլ դատավարությունը տևեց ընդամենը երկու օր։ Ցեղասպանությունը վերապրած երկու հայ վկաների՝ Գրիգորիս Պալակյանի և Քրիստինե Թերզիբաշյանի ցուցմունքները հաստատեցին Ս. Թեհլիրյանի վկայությունները»,- իր խոսքում ասաց պրոֆեսորը:

Պրոֆ. Հոֆմաննի ներածականից հետո ելույթ ունեցավ դոկտ. Փիքելը, դատական ատյանի «Իրավունք և մշակույթի Ֆորում»-ի նախագահը։

Դոկտ. Փիքելը նշեց, որ տարածված է այն կարծիքը, թե քրեական դատարանը Ս. Թեհլիրյանին ազատ արձակեց, քանի որ նա անմեղսունակ էր։ «Դա ճիշտ չէ։ Ուշադրություն դարձնենք երդվյալների ավագի հայտարարությանը։ «Պատվով և խղճով հանդես եմ գալիս երդվյալների վճռով։ Ամբաստանյալ Սողոմոն Թեհլիրյանը մեղավո՞ր է 1921թ. մարտ 15-ին Շառլոթենբուրգում դիտավորությամբ մի մարդու, Թալեաթ փաշային սպանելու մէջ։ Ոչ,- Օտտո Հայնիկե, երդվյալների ավագը»։

«Նեմեսիս»-ի և Հարդենբերգ փողոցի մասին զեկուցեց Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, Բեռլինիպետական ազատ համալսարանի դոցենտ, դոկտոր Ժիրայր Քոչարյանը։ «Աբդուլհամիդյան ջարդերից հետո, երբ 300.000 հայեր ջարդվեցին, 100.000 պանդուխտ դարձան և 100.000 էլ բռնի թրքացվեցին-իսլամացվեցին, հայերի մոտ 20-րդ դարի սկզբին նոր անձնանուններ տարածվեցին, որոնք նախկինում ծանոթ չէին, ինչպես Վրեժ, Վրեժուհի, Անդրանիկ, Հայդուկ և այլն։ Ցեղասպանությունից և բռնագաղթից հետո, բռնագրավված հայրենիքի աշխարհագրական և տեղանունների անվանումները հիշելու և դարձյալ վերատիրանալու կարոտով, երևան եկան նոր անուններ՝ Կարին, Վան, Վանուշ, Անի, Կարս, Արարատ, Տարոն …. Ներկայումս էլ ՀՀ-ում բազում են Արևմտյան Հայաստանի տեղանուները՝ Նոր Արեշ, Նոր Հաճն, Զեյթուն , Մարաշ, Մուսալեռ …. Երբ հայերը լինում են Բեռլինում, փնտրում են այն վայրը, որտեղ իրենց զգացումի համաձայն, Սողոմոն Թելիրյանն իր ժողովրդի արժանապատվությււնը փրկեց, և գլուխները բարձր քայլում են Հարդենբերգ փողոցով»,- իր ելույթում նշեց դոկտ. Ժիրայր Քոչարյանը։

Տիկին Բեա Քերբեքյան-Էլերզը կարդաց Դողան Ախանլիի «Մադոնայի վերջին երազը» (2019) և «Մոր լռությունը» (2006) վեպերից Ցեղասպանության հետ առնչվող հատվածներ։

«Նեմեսիս»-ի 100-ամյակին նվիրված 3-րդ միջոցառումը տեղի ունեցավ Բեռլինի Շառլոթենբուրգ թաղամասի քրեական դատարանի 700-րդ դահլիճում, որտեղ 1921թ. հուլիսի 2-ին և 3-ին Սողոմոն Թեհլիրյանի դեմ քրեական դատ էր տեղի ունեցել: Այն պատմութեան գիրկը անցավ որպես «Թալեաթ փաշայի դատավարություն»։ Դատավարությունը ներկայացրին մի քանի դերասաններ, այդ թվում՝ բեռլինաբնակ Ստեփան Գանթրալյանը։

1