Նախ և առաջ պետք է փրկել Արցախի ապագան. Բաբայանը` «Ճանաչում հանուն փրկության» թեզի մասին
Գլխավոր » Լրահոս » Նախ և առաջ պետք է փրկել Արցախի ապագան. Բաբայանը` «Ճանաչում հանուն փրկության» թեզի մասին

Նախ և առաջ պետք է փրկել Արցախի ապագան. Բաբայանը` «Ճանաչում հանուն փրկության» թեզի մասին

Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի անկախության ճանաչման հեռանկարին։

Մեզ համար Արցախի անկախության ճանաչումը եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը։ Մեր գերնպատակներից է նաև Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետորեն առաջ տանել ճանաչման գործընթացը: Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով «Ճանաչում հանուն փրկության» թեզին։ «Մեզ համար կարևոր է նաև հակամարտության համապարփակ կարգավորումը։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե որքան կարող է «3+3» ձևաչափն օգտակար լինել Արցախյան հիմնախնդրի լուծման գործում, ապա դեռ 2020 թվականի նոյեմբերի մեր կանխատեսման համաձայն` նման ձևաչափերի առաջարկներ լինելու էին, բայց դրանք ոչ թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլ տարածաշրջանում հարաբերությունների հստակեցման ու զարգացման հարթակներ են»,– նշեց ԱՀ արտգործնախարարը։

Բաբայանի խոսքով` ըստ երևույթին կլինեն նաև այլ հարթակներ, սակայն ոչ ոք չի ասում, որ դրանք կարող են փոխարինել Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին` որպես Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ անմիջականորեն զբաղվող հարթակ։ Ըստ նրա` Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը և բացահայտ կերպով սատարում է Ադրբեջանին և եթե «3+3»–ի դեպքում նախապայմաններ առաջ չի քաշում, ընդունում է խաղի կանոնները, ապա դա մի բան է, բայց այլ բան է, երբ շարունակում է նախապես որդեգրած քաղաքականությունը։

Բաբայանի կարծիքով` անհրաժեշտ է հետևել զարգացումներին, դիտարկել մոտեցումներն ու հայտարարությունները, բայց հակամարտության կարգավորմանը պետք է նայել ավելի լայն` հաշվի առնելով երեք հիմնական սկզբունքները. նախ և առաջ պետք է փրկել Արցախի ապագան, պահպանել նրա պետականությունը, և որ ամենակարևորն է` Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Հիշեցնենք` ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանը պետք է առաջ տանի Արցախի հարցով «Ճանաչում հանուն փրկության» թեզը։
Նրա խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչման հարցով Հայաստանը սերտորեն համագործակցում է Արցախի ԱԳՆ-ի հետ։

armeniasputnik.am

1