Նախագահականից կիսանախագահական համակարգ. առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱՀ Սահմանադրության նախագիծը
Գլխավոր » Լրահոս » Նախագահականից կիսանախագահական համակարգ. առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱՀ Սահմանադրության նախագիծը

Նախագահականից կիսանախագահական համակարգ. առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱՀ Սահմանադրության նախագիծը

ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում 25 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը:

Այն լիազորված էր ներկայացնել ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: Նրա խոսքով՝ նախագիծը մշակվել է 2022թ. հունիսի 1-ին ԱՀ նախագահի հրամանագրով ստեղծված նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից: Նախագիծն առանց փոփոխության պահպանում է 2017թ. Սահմանադրության անփոփոխելի 1-4-րդ հոդվածները:

Նախագծով առաջարկվում է նախատեսել բացառիկ դեպքերում հանրապետության նախագահի անուղղակի ընտրության հնարավորություն:

Երկքաղաքացիության հետ կապված իրավահարաբերությունների համար առաջին անգամ ամրագրվում են սահմանադրական հիմքեր: Ներկայացնում ենք որոշ դրույթներ ևս՝

Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 5 տարում միայն ԱՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 5 տարում ԱՀ մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն ԱՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում ԱՀ-ում մշտապես բնակվող ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Նախագծով առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ կառավարման նախագահական համակարգից անցում կատարելով կիսանախագահական համակարգի, որտեղ հանրապետության նախագահը պետության գլուխն է, պետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը, նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Առաջարկվում է ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովին վերապահել հանրապետության նախագահ ընտրելու լիազորություն՝ սահմանելով այդ լիազորությունների իրականացման կարգը:

Նախագծի 5-րդ գլուխը նվիրված է Ազգային ժողովի ձևավորման և գործունեության հիմունքներին: Առաջարկվում է անփոփոխ թողնել գործող Սահմանադրությամբ Ազգային ժողովի կարգավիճակին առնչվող հիմնական իրավակարգավորումները. միաժամանակ կառավարման համակարգի փոփոխությամբ պայմանավորված առաջարկվում է սահմանել նոր գործառույթներ: Մասնավորապես սահմանել, որ կառավարությունը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարումից կամ իր կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը՝ Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:

Սահմանվում է, որ Արցախի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը, որը կազմված է վարչապետից և նախարարներից: Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով: Հանրապետության նախագահն Ազգային ժողովի համաձայնությանն է ներկայացնում վարչապետի թեկնածությունը: Ազգային ժողովը վարչապետի թեկնածությունը քննարկում է հնգօրյա ժամկետում: Պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Ազգային ժողովի համաձայնությանն արժանացած վարչապետի թեկնածուին եռօրյա ժամկետում նախագահը նշանակում է վարչապետ:

Իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրավական միջոցներ ձեռնարկել հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները տարբեր ժամկետներում անցկացնելու համար: Օրենսդիր և գործադիր իշխանությունների բնականոն գործունեության ապահովման նպատակով նախատեսվում է 2023թ. ընթացքում անցկացնել Ազգային ժողովի, իսկ 2024թ. ընթացքում հանրապետության նախագահի ընտրություններ:

1