Մուրադ Փափազյանը պարգեւատրվել է Պատվո լեգեոնի ասպետի մեդալով
Դեկտեմբերի 2-ին Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը Պատվո լեգեոնի շքանշան է հանձնել ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին: Շքանշանը շնորհվել է Փափազյանի ավելի քան քառասուն տավա գործունեության, ինչպես նաև մասնագիտական հաջողությունների համար, գրում է armenews.com-ը:
Միջոցառմանը ներկա են եղել շուրջ երեք հարյուր հյուրեր, այդ թվում՝ բազմաթիվ քաղաքական գործիչներ, գործարարներ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Հյուրերի շարքում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանին, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Պատվո լեգեոնի շքանշանը ազգային շքանշան է, որը սահմանվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802 թ. մայիսի 19-ին։ Շքանշանով պարգևատրվում են Ֆրանսիայի համար տարբեր ոլորտներում մեծ ավանդ ունեցող անձինք։
Նշենք, որ Մուրադ Փափազյանը կարևորագույն դեր է խաղացել և խաղում հայ-ֆրանսիական հարաբերություններում և ընդհանուր առմամբ Ֆրանսիայում հայկական պետականության շահերի պաշտպանության հարցերում։
Մուրադ Փափազյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ է եւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ: