«Մշուշի միջից» խորագրով ցուցահանդես՝ նվիրված արցախյան շարժման 35-ամյակին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Մշուշի միջից» խորագրով ցուցահանդես՝ նվիրված արցախյան շարժման 35-ամյակին

«Մշուշի միջից» խորագրով ցուցահանդես՝ նվիրված արցախյան շարժման 35-ամյակին

Այսօր՝ փետրվարի 20-ին, Ստեփանակերտի պատկերասրահում արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես, որին ներկայացված էին Շուշիի կերպարվեստի թանգարանի հավաքածուից հրաշքով փրկված գեղանկարներից։

Շուշի քաղաքի թանգարանների ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանի խոսքով ներկայացված են այն գեղանկարները, որոնք 2020թ․ պատերազմի ընթացքում գտնվում էին Շուշիից դուրս տարբեր ցուցադրություններում, և տոնական միջոցառումներ շրջանակում կազմակերպվել է դրանց ցուցադրությունը։

«Ներկայացված բոլոր 35 գեղանկարները Շուշիի թանգարանի հավաքածուի մաս են կազմում, որոնք  տարբեր ժամանակներում, տարբեր հեղինակների, բարերարների կողմից նվիրաբերվել էին թանգարանին»,- ասել է Լ․ Գասպարյանը։

Ցուցահանդեսի բացմանը, որը կրում է «Մշուշի միջից» խորագիրը, ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պատգամավորները, ԱՀ ԿԳՄՍ նախարար Հասմիկ Մինասյանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը, արվեստի գործիչներ, մշակութասերներ։

«35 տարի առաջ արցախցին տեր կանգնեց իր ճակատագրին, արցախցին ինքը որոշեց իր ճակատագիրը, իսկ այլընտրանքը պայքարն էր։ Այդ պայքարը մեզ հաղթանակ բերեց, սակայն մենք չսիրեցինք մեր հաղթանակը, այն չփայփայեցինք։ Մենք վայելեցինք փառք, այդ հաղթանակը վայելեցինք, իսկ այսօր երևի դրա համար մենք հայտնվեցինք մշուշի մեջ։ Մշուշի մեջ արցախցին նորից սկսեց իր պայքարը և ամեն մեկը՝ յուրովի։ Նկարիչներն էլ իրենց վրձնով ու աշխատանքով են պայքարում»,- բացման խոսքում նշել է Լուսինե Գասպարյանը։

ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն նշեց, որ ցուցահանդեսի «Մշուշի միջից» խորագիրն արդեն ամեն ինչ ասում է։

«Բոլորս հիշում ենք Շուշիի մշուշը։ Երբ արևի ցոլքերը տալիս էր քաղաքին, ներքևն ամբողջությամբ մշուշ էր, և այդ մշուշի միջից վեր հառնեցին և փրկվեցին այս նկարները։ Ցուցադրելով այս նկարները մեր հայրենակիցներին՝ ուզում ենք ասել, որ ամեն ինչ չէ, որ կորցրել ենք, ամեն ինչ չէ, որ կորսված է և, բնականաբար, սա հիմք պետք է հանդիսանա, որ նորից գնանք և 1846թ․ կառուցված շենքում՝ Շուշիի կերպարվեստի թանգարանում, վայելենք ոչ միայն այս, այլ նաև այն նկարներն ու կտավները, որոնք աշխարհի տարբեր անկյուններից պատրաստակամ են, որ նորից ցուցադրվեն Շուշիի կերպարվեստի թանգարանում»,-նշել է Լ․ Հովհաննիսյանը։

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ մենք նորից պետք է զգանք Շուշիի ոգին․

 «Շուշիի  ոգին թևածում է մեր մեջ, ինչպես 1920թ․ մարտի 22-ից հետո թևածել է բոլոր շուշեցիների մոտ, որովհետև նրանք համոզված էին, որ եթե ոչ իրենք, ապա իրենց սերունդները։ Այդպես էլ եղավ, և հույս ունենանք, որ մենք այդ օրը կտեսնենք»,-եզրափակել է փոխնախարարը։

Ցուցահանդեսին ներկայացված են հայ և օտարազգի հեղինակների՝ Վադիմ Պապով-Ամշելի, Անդրեյ Շուգարովի, Նիկոլայ Զոլոտարևի, Յուրի Եղիազարյանի, Սևադա Սարգսյանի, Սերգեյ Ավագյանի, Կարեն Աղամյանի,Կորյուն Նահապետյանի, Լուսինե Հովհաննիսյանի,Վլադիմիր Գրիգորյանի, Զուլում Գրիգորյանի, Աշոտ Թադևոսյանի, Գևորգ Մշեցի-Ջավրուշյանի, Գրիգորի Գրիգորյանի, Համլետ Հարությունյանի, Յուրի Գրիգորյանի, Հակոբ Հովհաննիսյանի, Հրաչ Հակոբյանի, Ռուբեն Կոնստանդյանի, Կարեն Գասպարյանի, Ավետիք հակոբյանի և այլոց կտավները։

Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս։

1