Մշակույթի միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում կազմակերպվել է ցուցահանդես
Գլխավոր » Լրահոս » Մշակույթի միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում կազմակերպվել է ցուցահանդես

Մշակույթի միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում կազմակերպվել է ցուցահանդես

Ապրիլի 15-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում կազմակերպվել է ցուցահանդես՝ նվիրված մշակույթի միջազգային օրվան: Ցուցադրությունը կրում է «Մշակութային ջարդ» խորագիրը: Լուսանկարներում ներկայացված են Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում, Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում, Նոր Ջուղայում գտնվող եկեղեցիներ, վանքեր, գերեզմանոցներ՝ իրենց երբեմնի և ներկայիս ավերված տեսքով: «Պարադոքս է, որ մշակույթի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված ցուցադրությունն այդ անունով ենք կոչել, բայց այսպիսին է մեր պատմությունը»,- բացման խոսքում նշել է թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը՝ ներկայացնելով ցուցանմուշները:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր կանգնած ենք ոչ միայն  լուրջ գոյաբանական, ֆիզիկական, այլ նաև հայկական ինքնությունը կորցնելու վտանգի առաջ: Իսկ ինքնություն ասելով՝ ֆիզիկական անվտանգությունից բացի պետք է հասկանալ նաև մշակութային, ազգային անվտանգությունը:

ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, ի մի բերելով այսօրվա իրավիճակը, հիմնական թերություններից մեկը համարում է այն, որ մենք հոգևոր, մշակութային արժեքները ստորադասել ենք այլ արժեքների: «1988թ. մենք պայքարել ենք մեր արժեքների՝ մեր եկեղեցիների, հայոց պատմության, հայոց լեզվի համար ու այդքան փոքրաթիվ ուժերով կարողացել ենք հաղթել Ադրբեջանին»,- նշել է Արմեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ մշակութային արժեքների ոչնչացում թույլ չտալու համար պետք է ապրենք մեր հողի վրա և տեր կանգնենք դրանց:

Ցուցադրված լուսանկարների մեծամասնության հեղինակը հայտնի հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանն է, ով իր կյանքը նվիրել է հայկական մշակութային հուշարձանների արձանագրմանը, գոնե թղթի վրա դրանց պահպանմանը: ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը հիշում է, որ  երջանկահիշատակ գիտնականի հետ խոսել են Արցախի մշակութային հուշարձանների պահպանության մասին: «Ասում էր՝ Արցախն էլ չեմ ավարտել, բայց Արցախն այսօր ապահով է, Արցախի արժեքները փրկված են: Ցավոք, այսօր այլ իրականության առջև ենք կանգնել:  Ցավալի է, որ այսպիսի միջոցառմամբ ենք նշում մշակույթի օրը: Այս եկեղեցիների, այլ կոթողների կոտրված քարերը մեր նախնիների գաղափարների, երազանքների արտահայտությունն են եղել: Մեր նախնիները մի կողմից պայքարել են ահավոր դաժան արհավիրքների դեմ, մյուս կողմից՝ արարել, ստեղծել մշակույթ»,- ասել է Մ. Բալայանը:

Նրա խոսքով՝ վերջերս շատ է խոսվում, որ պատմությունը կրկնվում է, բայց պատմությունը երբեք չի կրկնվում, մենք ենք կրկնում մեր սխալները՝ չիմանալով մեր պատմությունը: «Եկեք մեր պատմությունը, կենսագրությունը մեր կենցաղը մտածելակերպը դարձնենք, որպեսզի պատմությունը չկրկնվի»,- հավելել է նա:

1