Մոսկվայում նշել են Հայոց բանակի 28-ամյակը
Գլխավոր » Լրահոս » Մոսկվայում նշել են Հայոց բանակի 28-ամյակը

Մոսկվայում նշել են Հայոց բանակի 28-ամյակը

Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ՝ Հայոց բանակի 28-ամյակին նվիրված տոնական երեկո է անցկացվել, որին ներկա են եղել ռուս քաղաքագետներ, վելուծաբաններ, ազատամարտիկներ, համայնքի անդամներ: Միջոցառմանը մասնակցել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Այն բանակը, որի միջոցով մենք կարողացել ենք ձեռք բերել մեր հաղթանակը, որով ողջ մեր սերունդն է հպարտանում, այդ նույն բանակով պետք է կարողանանք հաղթանակը պահել: Կարևոր է, որ հաղթանակը պահելու գիտակցությունը բոլորն ունենան: Բանակը մեր սրբության սրբոցն է՝ ըստ էության, մեր միասնականությունը ապահովող պետական բացառիկ կառույցն է, որը միշտ ամենաբարձր վարկանիշն ունի և դա պատահական չէ։ Այդ առումով մենք պետք է բանակը պահենք ոչ միայն որպես մեր լինելիության գրավական, այլ նաև մեր ապագան կանխորոշելու և մեր նվաճումները սերունդներին փոխանցելու երաշխիք»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը վստահեցրել է, որ ջանք չեն խնայել տոնի խորհուրդը ճիշտ կերպով փոխանցելու համար․ «Նմանատիպ տոների հայեցի ոճով նշումը և արժևորումը մեծապես ունի նաև դաստիարակչական նշանակություն։ Այսօր հայրենիքից դուրս մեր երիտասարդները և պատանիները կարիք ունեն և կարոտ են նման դաստիարակության, բայց այն պետք է մատուցվի մաքրամաքուր կերպով և այսօր մեր թիմը ջանք չի խնայել այն ներկայացնելու որպես ազգային, մշակութային արժեք, որը պիտի կրեն և շարունակեն հայոց բանակի զորացման գործընթացը»։

Ռուս փորձագետ Իվան Կոնովալովը նշել է՝ սահմանափակ ռեսուրսներով լավ զինուժ ունենալու Հայաստանի կամքը տպավորիչ է և օրինակելի․ «Հայկական բանակը ապացուցեց իր մարտունակությունը ռազմի դաշտում, և այժմ էլ շատ կարևոր է, որ այդ մարտունակությունը պահպանվում է, զինվում է բանակը, հաղթանակից հետո չի թուլանում՝ ինչպես հաճախ է լինում։ Հայոց բանակը պատրաստվում է և շատ բաներով օրինակ է ոչ միայն հետխորհրդային տարածքի, այլև ողջ աշխարհի բանակների համար»։

Շատերին չէ, որ սա հաջողվում է՝ ընդգծել է ռուս փորձագետը։

1