Մոսկվայի որոշումը՝ բռնագրավյալ Կիպրոսում հյուպատոսական ծառայություն մատուցելու ուղերձ է նաև միջազգային հանրությանը

Կիպրոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հայտարարել է, որ սկսում է հյուպատոսական ծառայություններ մատուցել Հյուսիսային Կիպրոսում։ «Այս փաստը ինչպե՞ս եք մեկնաբանում»։
Նոյյան Տապան-ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։ Նախ թույլ տվեք տերմինաբանական օգտագործման առաջարկ անել։ «Հյուսիսային Կիպրոս» բառակապակցության փոխարեն առաջարկում եմ օգտագործել «բռնագրավյալ Կիպրոս» կամ «Հյուսիսային Կիպրոսում թուրքական ինքնահռչակ հանրապետություն» տարբերակները, որովհետև առաջինի դեպքում անուղղակի լեգիտիմացվում է այդ տարածքի վրա թուրքական օկուպացիան։
Այո՛․ Կիպրոսի ՌԴ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը խոսել է գրավյալ Կիպրոսում հյուպատոսական ծառայություններ մատուցելու մասին։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ 50.000 ՌԴ-ի քաղաքացի կայք են հաստատել բռնագրավյալ Կիպրոսում։
Այս հայտարարությանը առընթեր Էրդողանն ասել էր, որ Կիպրոսի հակամարտության բանակցություններից առաջ նախ պետք է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը։ Սա գուցե անուղղաի առաջարկ էր Մոսկվային, գնալու այդ քայլին։ Հյուպատոսական ծառայությունների մատուցումը չպետք է ընկալել Մոսկվայի կողմից ճանաչում։ Բայց սա մեկնարկ է ինչ որ ընթացակարգի եւ կարող է «բազար»ի թեմա համարվել հատկապես Մոսկվա-Անկարա հարաբերություններում։ Բռնագրավյալ Կիպրոսի տրանսպորտի նախարարն ասել էր, որ հույս ունի, որ հյուպատոսական գործունեության մեկնարկը կհանգի ճանաչմանը։ Իսկ նրա գործընկերը՝ արտգործնախարարը ընդգծել էր, որ հյուպատոսական ծառայության մատուցումը չի նշանակում ճանաչում։
Այս խաղը դեռևս շարունակվելու է։ Պարզը, կարծում եմ՝ այն է, որ սա կարևոր թեմա է լինելու Մոսկվա-Անկարա հարաբերությունների պարանաձգման մեջ։ Գուցե արժե հիշել, որ երկու տարի առաջ բռնագրավյալ Կիպրոսում Էրդողանը խոսեց «մեկ ազգ երեք պետություն» բանաձևի մասին, ինչը համարժեք արձագանք չունեցավ Բաքվի կողմից և այդ ձևակերպումը դուրս եկավ շրջանառությունից։
Մի հանգամանք ևս։ Չի բացառվում, որ ՌԴ-ն այս կերպ ուղերձ է հղում նաև իրեն մեկուսացնող միջազգային ընտանիքին։