Մոսկվան ուզում է Թուրքիայի հետ կապերը վերաամրացնել. Շահան Գանտահարյան
Գլխավոր » Լրահոս » Մոսկվան ուզում է Թուրքիայի հետ կապերը վերաամրացնել. Շահան Գանտահարյան

Մոսկվան ուզում է Թուրքիայի հետ կապերը վերաամրացնել. Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

— Վերջին օրերին ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքների և դիրքային առաջխաղացում ունեցել։  Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ ունեն նրանց այս քայլերը, իրավիճակի ավելի թեժացումը, եթե մյուս կողմից էլ երկու կողմն էլ հայտարարում են խաղաղությանը պատրաստ լինելու մասին՝ մեղադրելով դիմացինին։

— Բաքուն շարունակում է իր ռազմաքաղաքական դասական վարքագծի հիման վրա ծրագրեր իրականացնել․ մեկ ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցելու և խաղաղության համաձայնագրի համար իմիտացիոն գործողություններ դրսևորել։ Արցախյան շփման գծի խախտումը, ադրբեջանական զորքերի սահմանափակ տեղաշարժը և անընդհատ հրադադար խախտելը տեղավորվում է Բաքվի դասական քաղաքականության շրջածիրում։ Ադրբեջանը ուզում է ամբողջականորեն իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի 6-րդ կետը, և դա զուգահեռացնում է ու պայմանավորում 9-րդ կետով, այսինքն, Նախիջևան-Ադրբեջան կապ՝ Սյունիքի վրայով։ Մնացյալը դեկլարատիվ բնույթից են և ծխածածկույթ առաջացնելու գործիքակազմ։

— ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարել է, որ եթե գարնանը Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա, ապա ԵՄ առաքելությունը կարելի է հաջողված համարել։ Ի՞նչ էր սա նշանակում, և արդյո՞ք կկարողանանք խուսափել լայնամասշտաբ ռազմական գործողություններից։

— Գարունը տարածաշրջանի համար կարող է դիտարկվել շրջադարձ՝ Թուրքիայի համապետական ընտրությունների առումով։ Բրյուսելը նման հայտարարությամբ, կարծում եմ, պարզ է դարձնում, որ Ադրբեջանը չի դիմի ռազմական գործողությունների՝ առանց Թուրքիայի համաձայնության։ Դա գիտակցելով՝ ԵՄ-ը մինչև գարուն իր առաքելությունը հաջողված է համարում։

— Հաջորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարարը Մևլութ Չավուշօղլուի հրավերով Թուրքիա կմեկնի։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, թե, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև ԼՂ հարցը։ Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ հանդիպումից, ի՞նչ հետևանքներ այն կունենա՝ իհարկե հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունը տարածաշրջանում։

— ՌԴ արտգործնախարարի՝ Թուրքիա գնալու հիմնական շարժառիթը, կարծում եմ, Թուրքիայի արտաքին քաղաքականությունում նկատվող որոշակի փոփոխություններն են։ Մոսկվա-Անկարա մերձեցումը նախկին տեսքը չունի։ Թուրքիան կանաչ լույս տվեց Ֆինլանդիային ՆԱՏՕ անդամակցությանը։ Չի բացառվում, որ բանակցություններ սկսվեն Շվեդիայի հետ։ Վաշինգտոնը երկրաշարժը լիարժեք օգտագործեց՝ վերահսկելի դարձնելու համար Թուրքիային և, դրան զուգահեռ, արդեն հասցեական չի խոսում Ադրբեջանի հետ։ Գրանցվել է բովանդակային և ոճային կտրուկ փոփոխություն ԱՄՆ-ի կողմից։ Ադրբեջանին ուղղված պահանջներ և մեղադրանքներ չեն հնչում, անգամ միջանցքի վերաբացման մասին շատ ընդհանուր և անբովանդակ դիրքորոշումներ են հրապարակվում։ Մոսկվան ուզում է Թուրքիայի հետ կապերը վերաամրացնել։ Այս իրավիճակը կձգվի մինչև Թուրքիայի ընտրություններ։

— Այս իրավիճակում խաղաղության գնալու հեռանկարն արդյո՞ք ավելի մշուշոտ չի դառնում, եթե, այնուամենայնիվ, էսկալացիայի վտանգն ավելի առարկայական է։

— Չեմ կարծում, որ լայնամասշտաբ գործողություններ կձեռնարկվեն։ Դրան հակված չէ ո՛չ Անկարան, և ո՛չ էլ Մոսկվան։ Ավելի շատ արծարծվում է Իրանի դեմ ադրբեջանական տարածքներից իսրայելյան սահմանափակ հարձակումների հավանականությունը։ Միջին Արևելքում իրավիճակ է փոխվում արմատապես։ Դրանից դժգոհ է Թել Ավիվը, որն ուզում է գրանցել հակամարտության աշխարհագրության փոփոխություն։ Այս դեպքում՝ միջին Արևելքից անցում դեպի Հարավային Կովկաս։

— Այս համատեքստում կխնդրեի անդրադառնալ նաև Իրանի ներգրավվածությանը տարածաշրջանային հարցերում, մանավանդ, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իրանա-հայ եղբայրությունն ամրապնդվել է, և Իրանը մեղադրում է Բաքվին։           

— Իրանի դիրքորոշումները պիտի դիտարկել իսրայելյան վտանգի առկայության հարաբերակցությամբ։ Որքան հայտարարվեն իսրայելա-ադրբեջանական ռազմավարական համագործակցության մասին, այնքան կլինեն իրանա-հայկական գործընկերության մասին բարձրաձայնումներ։

Հայկ Մագոյան

1