ԱԳ նախարարը Կալիֆոռնիայի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին Կալիֆոռնիայի համալսարանում հանդես է եկել «Արցախի արտաքին քաղաքականությունը և պետականաշինությունը» թեմայով դասախոսությամբ։
Դասախոսությունից առաջ նախարարն ընդգծել է, որ իր բոլոր արտասահմանյան այցերի ընթացքում ձգտում է հանդիպումներ ունենալ տարբեր գիտակրթական հաստատություններում՝ հաշվի առնելով նմանատիպ հանդիպումների փոխադարձ օգտակարությունը։
Հանդիպման վերջում նախարարը պատասխանել է դասախոսական և ուսանողական կազմի հարցերին, երախտագիտություն հայտնել անմիջական ու հետաքրքիր քննարկումների համար։

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանն այցելել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելո քաղաք։
Այցի սկզբում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում նախարարը հարգանքի տուրք է մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել Դավիթ Բաբայանի և Մոնթեբելոյի քաղաքապետ Քիմբերլի Էն Կոբոս-Քոութորնիի հանդիպումը, որին մասնակցել են նաև քաղաքային իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ։
Քննարկվել են Մոնթեբելո-Արցախ փոխհարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Բաբայանն ընգծել է, որ Արցախում կարևորում են Մոնթեբելոյի հետ փոխհարաբերությունները՝ այս համատեքստում արժևորելով Ստեփանակերտ-Մոնթեբելո քույր-քաղաքների համաձայնագիրը, որը տարիներ շարունակ կարևոր դերակատարություն է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
nkr.am