Մոմավառություն Արցախի բոլոր եկեղեցիներում՝ ի հիշատակ Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 18:00-20:00-ը, Ստեփանակերտի Աստվածամոր Հովանի մայր տաճարում և Սուրբ Հակոբ եկեղեցում անց է կացվել մոմավառություն՝ ի հիշատակ Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների։
Մոմավառությունը կազմակերպվել է երիտասարդների և Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության համատեղ նախաձեռնությամբ:
«Մոմավառությանը հրավիրվել են բոլոր կուսակցությունների երիտթևերը, հասարակական-երիտասարդական կազմակերպությունները, համալսարանների ուսանողական խորհուրդները, ինչպես նաև բոլոր շրջանների վարչակազմերը, որպեսզի տեղում իրականացնեն միջոցառումը»,-հայտնում է նախարարության Երիտասարդության վարչության պետ Դավիթ Ղուկասյանը:
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, նախարարությունը բոլորին հորդորել է պահպանել պարետի կողմից սահմանված կանոնները: Այդ պատճառով մոմավառությունը կազմակերպվել է երեկոյան ժամերին, որպեսզի մարդկանց կուտակումներ չառաջանան:
Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը նշել է, որ Լիբանանը մեր մեջ միշտ ջերմ զգացումներ է արթնացնում, քանի որ ընկալվում է որպես բարեկամ երկիր: Լիբանանը Ցեղասպանությունից անմիջապես հետո իր հյուրընկալ դռները բացեց բնաջնջումից մազապուրծ փախած մեր հայրենակիցների առաջ, և պատահական չէ նաև, որ Լիբանանում է ապաստանել Հայ առաքելական եկեղեցու երկրորդ նվիրապետական աթոռը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը:
«Այսօր մենք հավաքվել ենք մոմավառության և այս մի քանի օրերի ընթացքում մեր աղոթքներն ենք բարձրացնում առ Աստված, աղոթելով բոլոր զոհվածների հոգիների համար և աղոթելով նաև բոլոր վիրավորների առողջության համար՝ մաղթելով շուտափույթ ապաքինում և առողջություն: Հայտնում ենք մեր զորակցությունը Լիբանանի մեր քույրերին և եղբայրներին և Լիբանանի մեր բարեկամ ժողովրդին՝ անկախ իրենց ազգային և կրոնական պատկանելությունից»,- եզրափակել է իր խոսքը Տեր Ներսես քահանա Ասրյանը:
Ըստ Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի իրավաբան, հասարակական ակտիվիստ Սոնա Համբարձումյանի Լիբանանում կատարվածը մարդկային ամենասարսափելի աղետներից մեկն է, և այս վիշտը նաև համահայկական է: Այսօրվա աղոթքները առ Աստված ուղղված են նրան, որ հայ ժողովուրդը և մարդկությունը առհասարակ նման վիշտ չունենա:
«Մեր զորակցությունը և մեր ցավակցություններն ենք ուղղում Լիբանանի ժողովրդին և լիբանանաբնակ հայերին, այս կերպ ցույց տալով, որ մենք աջակից ենք, զորավիգ ենք և միշտ ձեր կողքին ենք: Թերևս միասնականությունը և համախմբվածությունը կարող է փրկել ամեն տեսակի արհավիրքներից»,-իր խոսքում նշել է Ս. Համբարձումյանը:
Լ. Խաչատրյան