Մնում է միավորվել և պայքարել, որովհետև այդ մարդիկ ներկայացնում են հայ քրիստոնյայի կերպարը՝ անկախ նրանց անուններից ու հանգամանքից

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այսօր՝ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մոտ կայացած ակցիայի ժամանակ, լրագրողների հետ խոսքում նշել է. <Եթե մենք ցավի մեջ գտնվող մեր եղբոր համար մտահոգ չենք և ձեռք չենք մեկնում, ուրեմն սուտ է մեր քրիստոնեական մտածելակերպն ու ապրելակերպը…
Խնդիրը խորքային է և մեր մեջ է՝ թե մենք ինչքանով ենք ցավում մեկս մյուսի համար: Առանց մարդուն ճանաչելու, նրա ներաշխարհն իմանալու, մենք շտապում ենք քննադատելու: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ տեղի է ունենում դատավարություն, բայց մենք գիտենք, որ այդ դատավարությունը արդար չէ: Մանրամասները մեզ անծանոթ են: Մեզ մնում է միավորվել և պայքարել, որովհետև այդ մարդիկ ներկայացնում են հայ քրիստոնյայի կերպարը՝ անկախ նրանց անուններից ու հանգամանքից: Եթե մենք ցավի մեջ գտնվող մեր եղբոր համար մտահոգ չենք և ձեռք չենք մեկնում, ուրեմն սուտ է մեր քրիստոնեական մտածելակերպն ու ապրելակերպը: Հայ եկեղեցին դիտարկում է այդ մարդկանց որպես իր զավակներ:
Հայ եկեղեցին միշտ բարձրաձայնում է բոլոր հնարավոր տեղերում այս խնդիրները: Եկեղեցին աղոթքի միջոցով ջերմացնում է այդ մարդկանց հոգիները, որպեսզի կարողանան դիմակայել: Տեսնելով այս ամենը՝ ցավ եմ ապրում, որ քիչ ենք: Գիտեմ, որ մարդիկ ցավում են, մտահոգ են, բայց քայլ չեն կատարում: Մեզ մոտ միշտ այդպես է՝ միշտ վերջին պահին ենք գիտակցում և հասկանում: Ուրախ կլինեմ, որ շուտ գիտակցենք՝ կանխելու այս ամենը>: