Մնալ օրինականության դաշտում, հարգել ժողովուրդների ինքնապաշտպանության իրավունքը
Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքների ժամանակ վեր պարզվեց մի պաստառ, որի վրա գրված էր «Ազատագրում»: Սա վկայում է, որ մարդիկ իշխանության դեմ ծավալված շարժումն այլևս ընկալում են որպես ազգային-ազատագրական պայքար:
Ազգային և պետական գիտակցությամբ օժտված մեծամասնության համար պատերազմը չի ավարտվել: Թշնամին շարունակում է գերի պահել անհայտ թվով հայորդիների, ամեն օր նորանոր տարածքներ ու դիրքեր է գրավում բուն Հայաստանի տարածքից, ձևավորում են նոր սահմանագծեր, թշնամին երկրի հղփացած ղեկավարը խոսում է Զանգեզուրի ու Երևանի ադրբեջանապատկան լինելու մասին:
Մյուս կողմից` Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները, այդ թվում` թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության առաջնորդը, պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին և սպառնալի պարունակող հայտարարություններ են հնչեցնում Հայաստանի ժողովրդային շարժման և հայոց բանակի հասցեին: Իսկ ամենից վտանգավորն ու երկրի համար սպառնալին այն է, որ սեփական իշխանությունն ու նրա առանձին ճյուղերը, այս ամենին պաշտոնապես հակադարձելու փոխարեն, սահմանների և դեմարկացիոն նոր գծերի վերահսկողությունը կազմակերպելու, գերիների և այլ հարցերով գոնե կապիտուլյացիոն հայտարարությամբ սահմանված սկզբունքների պահպանումը պահանջելու, բացարձակապես լուռ ու անտարբեր են և չեն արձագանքում ոչ միայն սեփական պետության ու ժողովրդի անվտանգության և արժանապատվության դեմ թույլ տրվող ոտնձգություններին, այլև անգամ իրենց հասցեին հնչող ծաղրանքին ու հայհոյանքին: Այդպիսի գործելակերպ դրսևորելու հրահանգ է իջնում համապատասխան գերատեսչություններին և պաշտոնատարներին այս ամենի գլխավոր մեղավորի ու պատասխանատուի կողմից: Ազգային դավաճանության ակնհայտ դրսևորումների որակ ունեցող գործունեության համար իշխանությունների և թիվ մեկ պատասխանատուի գործողությունների ազատությունն ապահովում են Ազգային անվտանգության և Ոստիկանության համակարգերը՝ հանձինս իրենց ղեկավարների: Չմոռանանք, իհարկե, որ քաղաքական առումով թիկունքն ապահովում են երկրի խորհրդարանը և նախագահը:
Չմոռանանք նաև այն արտաքին ուժերին, որոնք լռեցին, երբ միջազգային ահաբեկչական ուժերի ուղեկցությամբ երկու պետություններ ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Արցախի դեմ, լռեցին, երբ նրանք արգելված զենքի կիրառմամբ կատարեցին պատերազմական հանցագործություններ, ավերեցին խաղաղ բնակավայրեր, հոգևոր ու մշակութային կոթողներ, գլխատեցին մարդկանց, իրականացրին այլ վայրագություններ: Նրանք աչք են փակում այժմ, երբ Հայաստանի իշխանությունը հալածանք, ոստիկանապետության բռնի ուժ, ինչպես և ուժի գործադրման սպառնալիք է կիրառում սեփական ժողովրդի դեմ, և, ընդհակառակը, ակնհայտորեն հովանավորում են վերջինիս: Ըստ էության, արտաքին ուժերը, օգտվելով երկրի ներսում հենարանները կորցրած և պատասխանատվության սպառնալիքի ներքո խուճապահար իշխանությունների կամազուրկ վիճակից, թելադրում են նրանց շարունակել այն քաղաքականությունը, ըստ որի` տարածաշրջանում լուծվում են աշխարհաքաղաքական խնդիրներ՝ ի հաշիվ Հայաստանի պետականության և հայ ժողովրդի ապագայի:
Այն պայմաններում, երբ բարոյազուրկ ու ազգային շահերին դավաճանած ղեկավարը կորցրել է երկրի բնականոն կառավարումն իրականացնելու, արտաքին սպառնալիքից պետության անվտանգությունը երաշխավորելու, առանց ոստիկանական պատնեշի անգամ առանձնասենյակից դուրս գալու հնարավորությունը, նրա մտահոգության հիմնական առարկան մնում են ուժային կառույցները: Այդ լծակների միջոցով նա փորձում է վախ սերմանել և կոտրել ժողովրդին, միաժամանակ իր իշխանության հետագա երաշխավոր է տեսնում հենց ուժային կառույցներին: Նրա համար իսկական ցնցում եղավ Գլխավոր շտաբի, ապա և Պաշտպանության բանակի կողմից հնչեցված իր հրաժարականի պահանջը:
Փաստացի վարչապետի լիազորությունները լիարժեքորեն իրականացնելու հնարավորությունը կորցրած ամբոխի առաջնորդը փորձեց երկրում վերահաստատել իր իշխանությունը` դիմելով նույն ամբոխին, որը նրան իշխանության էր բերել և, ըստ էության, նրա հենարանն էր: Պետական բոլոր լծակների գործադրմամբ, կաշառքով ու սպառնալիքով հրապարակ բերված զանգվածի սահմանափակ թիվը խորտակեց նրա հույսերը, թե այդ լծակը կարող է կրկին իր համար հաղթանակ ապահովել: Օրենքի ու օրինականության հետ երբեք հաշվի չնստած ուժի ներկայացուցիչները դեռևս իշխանությունը գրավելու օրերին հայտարարում էին, որ ժողովրդի կամքը վեր է օրենքից: Կորցնելով ժողովրդի անունից օրենքը ոտնահարելով խնդիրներ լուծելու հնարավորությունը` այս ուժի առաջնորդը դարձյալ կառչեց վերջին հույսից՝ հեռացնել Գլխավոր շտաբի անհնազանդ պետին, որից հետո հնարավոր կլինի գլխատել ողջ բանակը` նվիրյալ ու փորձառու ղեկավարությանը փոխարինելով կամազուրկ, կամակատար, տգետ դուրսպրծուկներով: Ինչպես տեսնում ենք, անգամ պատերազմում կրած դաժան պարտությունը դաս չի եղել, որ հավանական նոր պատերազմից առաջ երկրի բանակը խնայվի կադրային կործանարար հեղաշրջումներից: Եթե վարչապետի համար իշխանության պահպանման վերջին հույսը մնում է ուժը, որի միջոցով նա կարող է բռնանալ, կանխել, պատժել, սադրել և անգամ քաղաքացիական բախումներ հրահրել, ապա իր բռի մեջ գտնվող ոստիկանության ու ազգային անվտանգության ուժերի միջոցով նա ոչ մի սադրանք չի կարող հրահրել, եթե ամենազոր բանակը իր հետ չէ, որը, ընդհակառակը, զգուշացրել է ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ հնարավոր բռնարարքներից:
Վարչապետի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ոչ իրեն, այլ ժողովրդին հավատարիմ բանակին հնազանդեցնելու մտասևեռումը, այն ակնկալիքով, որ անգամ իր համար ամոթալի, երկրի համար կործանարար այս վիճակը կարելի է ձգել անորոշ ժամանակով: Իրավիճակի` անորոշ ժամանակով երկարաձգումը, սակայն, մեղմ ասած, նյարդայնացնում է ժողովրդի` ազգային ու պետական գիտակցություն ունեցող մեծամասնությանը, երբ երկիրն ամեն օր կորուստներ է արձանագրում անվտանգության ու կենսագործունեության մնացած ոլորտներում, առավել ևս տագնապալի է դավաճանի մեղադրանքը կրող ղեկավարի ձեռքում գտնվող պետության հեռանկարը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սույն թվականի մարտի 7-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է. «Որքան կառավարությունն ուշացնում է սպասվելիք հրաժարականը, այնքան մարդիկ ավելի ռադիկալ են դառնում, ու բացարձակապես կարևոր չէ, թե ռադիկալները քանի տոկոս են։ Եթե անգամ այնքան էլ շատ չեն, այնուամենայնիվ, խիստ մոտիվացված են ու … վճռական։ Ռադիկալացումը ոչ միայն իշխանափոխության գործոն է, այլև ետիշխանական գործընթացների սպառնալիք իրենց քայլականների համար, իհարկե։ Մի՛ սրեք կրքերը. դա ձեր օգտին չէ»։
Այն, ինչի մասին գրում է քաղաքագետը, խմորվում է մեր աչքի առաջ ու ամեն տեղ, և որքան էլ ընթացող զարգացումների կայունությամբ ու օրինականությամբ շահագրգիռ ուժը իշխանության փոխարեն հենց ընդդիմադիր քաղաքական շարժումն է, վերջինս այս գործընթացը չի կարող ո՛չ կասեցնել և ո՛չ էլ ներառել իր վերահսկողության դաշտ: Չեն կարող մոռացվել կամ մարել մարդկանց կրքերն ու սրված զգացումները ո՛չ տարածքային ու մարդկային կորուստների, ո՛չ երկրի ապագայի հարցում: Թերևս հոգեկան անհավասարակշռությամբ պայմանավորված այն մտատեսիլները, թե հինգհազարամյա մի երկիր, այնուամենայնիվ, կարելի է քշել դարավոր ոսոխի երախը, հավանաբար մեծ վնասներ կհասցնեն երկրին, բայց վստահաբար կկործանեն նրա դահիճներին: Եվ որքան էլ ֆիզիկապես դժվար լինի, պետք է ձգտել գործընթացները պահելու օրինականության ուղեծրում՝ ժողովուրդների ինքնապաշտպանության բնական իրավունքի հաշվառմամբ: