Մի՛ տկարացրեք սփյուռքը և մի փորձեք սփյուռքը ծառայեցնել այլ նպատակների
Գլխավոր » Լրահոս » Մի՛ տկարացրեք սփյուռքը և մի փորձեք սփյուռքը ծառայեցնել այլ նպատակների

Մի՛ տկարացրեք սփյուռքը և մի փորձեք սփյուռքը ծառայեցնել այլ նպատակների

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով՝ ճիշտ չէ մտածել, որ սփյուռքի բոլոր պատասխանատուները համաձայն են ՀՀ կառավարության գործունեության հետ:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով «Ազատություն» ռ/կ-ի տարածած հրապարակմանը, որով լրատվամիջոցը մեջբերում էր «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի հոդվածը և «Նոր հառաջի» առցանց համարում հրատարակված «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության բաց նամակը և վերնագրում, որ սփյուռքահայ գործիչները հորդորում են Նիկոլ Փաշինյանին շարունակել բարեփոխումները:

«Սփյուռքը բազմազան է, և այդ տարբերություններն են կազմում մեր հարստությունը: Պետք է հարգել տեսակետների տարբերությունը: Ժողովրդավարության հիմքն են բանավեճն ու կարծիքների բազմազանությունը»,- ասաց նա՝ կրկին շեշտելով, որ ըստ այդմ՝ ճիշտ չէ, որ սփյուռքի բոլոր գործիչները համաձայն են Փաշինյանի քաղաքականության հետ:

Նա հավելեց, որ Ֆրանսիայում իրենց հաջողվեց ոչ այդքան հեշտությամբ միասնականություն ստեղծել: «Ամեն ինչ պետք է անենք և անում ենք, որ համայնքը չտկարանա»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ իրենք նաև պատրաստ են իրենց մասնակցությունը բերել Հայաստանում շիկացած մթնոլորտի մեղմացմանը: «Վարչապետի և իշխանության հետ ժողովուրդը մեծ հույսեր կապեց, և հիմա նրանք ունեն մեծ պատասխանատվություն իրականացնելու այդ սպասումները և երկիրը առաջնորդելու դեպի ուժեղ ապագա»,- ասաց նա:

Նրա մատնանշեց՝ Հայաստանը շրջապատված է թշնամիներով, ուստի այստեղ պարտավոր են ներքին միասնականություն ունենալ:

«Դա վարչապետի ներքին պատասխանատվությունն է- ասաց նա, ապա հավելեց,- գիտենք, որ վարչապետը հաճախ է հիշատակում Նելսոն Մանդելային: Հիշեցնենք, որ Մանդելան պատասխանատվություն ունեցավ համախմբելու բոլոր ուժերին՝ համախոհ, թե՝ ընդդիմադիր: Նա երբեք «վհուկների որսով» չզբաղվեց: Անգամ իրեն 28 տարի բանտարկածներին համախմբեց, որովհետև լավ գիտեր, որ միայն ներքին միասնականությունը կարող է հասունացնել, զորացնել իր երկիրը և ապահովել իր ժողովրդի արժանավայել ապագան»:

Ֆրանսահայ գործիչը նշեց, որ իրենք տեսնում են, որ Հայաստանում իրավիճակը հանգիստ չէ, ժողովուրդը բաժանված է: Այս համատեքստում մատնանշեց օրերս խորհրդարանում Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի հետ կապված միջադեպը: «Դա օրինակ է, որ այս լարված մթնոլորտը Հայաստանն ու հայ ժողովրդին ճիշտ տեղ չի տանում»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ Հայաստանի և հայ ժողովրդի միաձայնությունը, միասնականությունը կարող է ապահովվել, եթե հարգվի բազմակարծությունը:

«Եթե վարչապետը, կառավարությունը ուզում են բոլորին համախմբել իրենց շուրջ, պետք է ազգային միասնականություն ստեղծեն, որովհետև այսօր դրա լուրջ ռազմավարական անհրաժեշտությունը կա: Այո՛, սփյուռքում կան կառավարության քաղաքականությանն աջակցողներ, բայց կան նաև այն քննադատողներ: Պետք է հաշվի առնել, որ սփյուռքն անկախ մարմին է, կապված չէ Հայաստանի հետ, կարելի չէ դա: Տեսանք, թե ինչ եղավ Խորհրդային միության տարիներին, տեսանք, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ էր փորձում անել: Մենք դիմադրեցինք: Սփյուռքը անկախ էություն է, պետք է անկախ լինի, և պետք է չէ տկարացնել սփյուռքը: Եթե փորձ արվի բաժանելու սփյուռքը, անխուսափելիորեն կտկարանա այն, իսկ սփյուռքը Հայաստանի համար անփոխարինելի ռեսուրս է: Թե՛ հայապահպանության գործում, թե՛ Հայ դատի պաշտպանության գործում սփյուռքը անպաշտոն դիվանագիտություն է վարում: Սփյուռքն առաջ է տանում Արցախի՝ միջազգային ատյաններում ճանաչման գործընթացը: Այնպես որ մի՛ տկարացրեք սփյուռքը և մի փորձեք սփյուռքը ծառայեցնել այլ նպատակների»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

arfd.am

1