ՄԻՊ-ի զեկույցը՝ շրջափակման քառամսյա տվյալներով. անհատական իրավունքներից մինչև հավաքական իրավունքների խախտումներ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ապրիլի 12-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին արտահերթ եռալեզու ՄԻՊ զեկույց՝ շրջափակման քառամսյա տվյալներով։
Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:
Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների խափանումները, ինչպես նաև պարբերաբար և հետևողականորեն իրականացվող զինված հարձակումներն ու ուժի կիրառման սպառնալիքները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը։
Ստորև ներկայացնում ենք զեկույցում արտացոլված մի քանի հիմնական տվյալ քառամսյա շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
Ազատ տեղաշարժի իրավունք
Ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը բացասաբար է ազդել գրեթե բոլոր իրավունքների վրա։ Ըստ ՄԻՊ տվյալների՝ նախքան շրջափակումը Ստեփանակերտ-Գորիս մայրուղով երկկողմանիորեն անցնում էր օրական միջինը շուրջ 2450 մարդ, ինչը նշանակում է, որ 122 օրվա ընթացքում մարդկանց տեղաշարժը պետք է լիներ 298 900 մուտք և ելք, սակայն նշված ժամանակահատվածում՝ միայն երկկողմանի 1 683 մարդ (971-ը՝ բաժանված ընտանիքների անդամներ, իսկ 667-ը՝ հիվանդներ և ուղեկցող անձինք), ինչը նշանակում է, որ մարդկանց տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 183 անգամ։ Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծել նաև Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց տեղափոխման դեպքում։ Մասնավորապես, ապրիլի 4-ին Ադրբեջանն արգելել է Գորիսից Ստեփանակերտ ռուս խաղաղապահների ուղեկցությաբ 27 քաղաքացիու մուտքը։ Հինգ ժամ տևած բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել: Ավելին, հոգեբանական ահաբեկումը հանգեցրել է չորս կանանց ինքնազգացողության վատթարացման, որից երեքինը՝ ուշագնացության, ինչից հետո նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն, իսկ մնացած 23-ը՝ վերադարձել Գորիս։
Ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունք
Ըստ զեկույցի՝ շրջափակման հարուցած խնդիրների պատճառով 4 ամսվա ընթացքում մահացել է 1 անձ՝ ժամանակին ՀՀ տեղափոխելու անհնարինության պատճառով։ Այդ ընթացքում ԱՀ-ից ՀՀ է տեղափոխվել 305 հիվանդ, որոնցից 151-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցից, 154-ը շարունակում են բուժումը:
ԱՀ բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1060 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից։ Կանոնավոր կերպով դեղորայքի ու բժշկական պարագաների բացակայություն կամ սղություն է արձանագրվում և՛ դեղատներում, և՛ բժշկական հաստատություններում։ Տարբեր ժամանակահատվածներով եղել է մանկական կաթնախառնուրդների բացակայություն, որը հարյուրավոր մանուկների սնման լուրջ խնդիրների է հանգեցրել։ Պարբերաբար բացակայում կամ պակասում են նաև հիգիենայի պարագաները։ Շարունակվող սթրեսով պայմանավորված՝ աճել են սրտի իշեմիկ հիվանդությունները՝ 58%, գլխուղեղի կաթվածը՝ 36%, ծննդաբերական բարդությունները՝ 11.6%։ Չափահասների և հատկապես երեխաների շրջանում արձանագրվում է նյարդային ու հոգեբանական խնդիրների աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը դրսևորվել է նյարդաբանի ու հոգեբանի մոտ այցերի 46%, իսկ չափահասների դեպքում՝ 47%։
Գազամատակարարման պարբերաբար ընդհատումներով պայմանավորված՝ գրանցվել է շմոլ գազից թունավորման 69 դեպք։
Սննդի իրավունք
Շրջափակման հետևանքով խնդիրներ են առաջացել ՄԱԿ-ի կողմից առանձնացված պարենի իրավունքի բոլոր 4 բաղադրատարերի հետ կապված, որոնք են՝ հասանելիությունը, մատչելիությունը, համապատասխանելիությունը և կայունությունը։ Շրջափակման հենց սկզբից սկսեցին կտրուկ պակասել և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի տեսակները։ Արցախում վաճառվող սննդի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից և այլ երկրներից, ինչի պատճառով էլ շրջափակումը մեծապես ազդել է մատակարարվող սննդի քանակի և բազմազանության վրա։ Այս ընթացքում պարենն ապահովվել է պետական պահուստի և Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով ներկրված սահմանափակ ծավալների հաշվին, ինչը նկատի ունենալով՝ հունվարի 20-ից ներդրվել է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում վաճառվում են 9 ապրանքատեսակներ՝ սահմանափակ ծավալներով։
75-ամյա Լուսինեն շաքարային դիաբետով և հաշմանդամություն ունեցող տարեց կին է, ով միայնակ ապրում է Ստեփանակերտում։ Ամուսինը զոհվել է 1993թ. արցախյան առաջին պատերազմում, իսկ աղջկա ընտանիքն ապրում է Երևանում, ուստի նա շրջափակման պատճառով չի կարողանում գալ Արցախ ու խնամել իր մորը։ Տիկին Լուսինեն պետք է օրական մի քանի անգամ ինսուլինի ներարկումներ անի, քանի որ վերջին փուլի շաքարախտ ունի և ստիպված է դա ինքնուրույն անել, որովհետև ընտանիքի անդամներ չունի կողքին ։ Հիմնական խնդիրն այն է, որ Արցախում իսնուլինի բավարար և կայուն պաշարներ չկան, և դա չի ապահովում տիկին Լուսինեի կանոնավոր չափաբաժինը։ Խանութներուն նույնպես չկա բավարար մթերք, որը հարմար է իր հատուկ սննդակարգին։ Բացի այդ, նա ֆիզիկապես ի վիճակի չէ գնալ ու հերթ կանգնել սննդի համար, քանի որ հաշմանդամություն ունի։
«Վերջերս ես ինձ չափազանց թույլ ու հյուծված եմ զգում, քանի որ գործնականում պատշաճ սնունդ չեմ ստանում. ինձ թվում է, որ կամաց-կամաց մարում եմ։ Ես չեմ կարող երկար ժամանակ կանգնել ոտքերիս վրա և ուզում եմ անընդհատ քնել։ Երբեմն մտածում եմ, որ կարող եմ մենակ մեռնել իմ բնակարանում, և ոչ ոք չնկատի», ասել է տիկին Լուսինեն ՄԻՊ-ի հետ հարցազրույցի ժամանակ։
Բավարար կենսամակարդակի իրավունք
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ խափանումների հետևանքով նշանակալիորեն վատացել է Արցախի բնակչության կենսամակարդակը՝ ի լրումն առողջության հետ կապված խնդիրների։
Ադրբեջանն ընդհանուր առմամբ՝ 56 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է ՀՀ-ից Արցախ գազամատակարարումը և մարտի 22-ից առ այսօր այն լրվությամբ ընդհատված է, ինչն ավելի է վատթարացնում հումանիտար իրավիճակն Արցախում։ Այդ ընդհատումները հանգեցրել են բնակչության կենսամակարդակի լրացուցիչ ճգնաժամի, քանի որ ԱՀ բնակչության 80 տոկսը բնական գազի սպառողներ են, որոնց մեծամասնությունն այն օգտագործում էր ոչ միայն տաք ջրի ու կենցաղային այլ նպատակներով, այլև ջեռուցման նպատակով։
Գազամատակարարման ընդհատումներով պայմանավորված՝ շուրջ 4 շաբաթ շարունակ ընդհատվել են ուսումնական հաստատությունների աշխատանքները՝ հանգեցնելով երեխաների կրթության իրավունքի զանգվածային խախտման։
Հունվարի 9-ից սկսած՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում (Աղավնո գյուղի մոտ) կտրված է Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, իսկ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերականգնել էլեկտրամատակարարումը։ Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի զիջում են պահանջարկի ու սպառման ծավալներին, իսկ Սարսանգ ջրամբարի ջրային պաշարներն էլ նվազում են, հունվարի 10-ից հանրապետությունն անցել է հովհարային անջատումների ռեժիմի։ էլեկտրամատակարարման կանոնավոր և վթարային անջատումները ողջ բնակչության մոտ հանգեցնում են զրկանքների, այդ թվում՝ ջեռուցման, տաք ջրի, սննդի պատրաստման, կենցաղային մաքրության կազմակերպման, հեռահաղորդակցության և մի շարք այլ հարցրերում։
Կենսական կառուցվածքների շարքում Ադրբեջանի կողմից թիրախավորվել են նաև հեռահաղորդակցման ենթակառուցվածքները՝ բջջային կապն ու համացանցը։ Ադրբեջանը պարբերաբար խլացուցիչ սարքերի միջոցով նշանակալի խափանումներ է հարուցում Արցախի բջջային կապի համար՝ հանգեցնելով հաղորդակցության դժվարությունների, իսկ հունվարի 12-ին էլ համացանց մատակարարող միակ օպտիկամանրաթելային մալուխը կտրվել էր հենց Շուշիի մոտ՝ ճանապարհը փակելու կետում և մեկ օր շարունակ ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս Արցախի մասնագետներին մոտենալ և վերանորոգել։
Շրջափակման պատճառով խնդիրներ են առաջացել նաև կանխիկ գումարի հասանելիության հետ կապված՝ հաշվի առնելով նաև մարդկանց ճգնաժամային վարքը կանխիկ կուտակելու առումով։ Այդ խնդրի որոշակի կարգավորման նպատակով հունվարի 11-ից ներդրվել է կանխիկացման սահմանաչափ՝ օրական մինչև 50 000 դրամի չափով։
Թեև հագուստի կարիքները սովորաբար ավելի երկարաժամկետ ու դանդաղ աճող են, սակայն շրջափակման պայմաններում չունենալով հագուստի մատակարարում Հայաստանից՝ ռիսկեր են առաջացել ավելի երկար ժամանակահատվածում մարդկանց հագուստի կարիքների բավարարման առումով, որն առաջնահերթորեն կարող է զգացվել հաճախակի օգտագործվող ու փոխվող հագուստի մասով։
Աշխատանքի իրավունք
Ըստ ԱՀ ՄԻՊ-ի հրապարակած զեկույցի տվյալների՝ շրջափակման ամբողջ ընթացքում 860 տնտեսվարող սուբյեկտ կամ ընդհանուր թվի 20.1 տոկոսը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը՝ 1295 աշխատակցի դարձնելով գործազուրկ, իսկ 295 տնտեսվարող սուբյեկտ, շարունակելով գործունեությունը, ստիպված աշխատանքից ազատել է 1497 աշխատակցի։ Պետական լրացուցիչ աջակցության շնորհիվ 2154 տնտեսվարող սուբյեկտ պահպանում է 6031 աշխատատեղ, որոնք գերազանցապես կկրճատվեին, եթե չլինեին շրջափակմամբ պայմանավորված պետական աջակցության ծրագրերը։ Այնուամենայնիվ, ճգնաժամի խորացմանը զուգահեռ աճում է գործունեությունը կասեցնող ընկերությունների և փաստացի գործազուրկների թիվը։ 2022թ. դեկտեմբերի 12-ից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10 300 մարդ։
53-ամյա վարպետ Հակոբն աշխատում է «ԱրցախԷներգո» ՓԲԸ-ում, սակայն շրջափակման պատճառով նրանց աշխատանքը դարձել է լարված ու սթրեսային։ Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման լրիվ ու գազամատակարարման պարբերական խափանումների պայմաններում ընկերության ներքին էլեկտրահաղորդման գծերը գերլարվել են, քանի որ մարդիկ այժմ գրեթե ամեն ինչի համար հույսը դնում են էլեկտրաէներգիայի վրա։ Նրանք ամեն օր Արցախի տարբեր հատվածներում էլեկտրագծերի բազմաթիվ վթարներ են գրանցում, իսկ հաճախ էլ պատահարների շղթան անվերջ է թվում։ Ցավոք, դա բերում է մարդկանց օրական ավելի քան 6 ժամ հոսանքազրկմանը։
«Բացի այդ, շատերը դժգոհում են, որ այլևս չեն կարողանում պատշաճ կերպով կազմակերպել առօրյան։ Ամենամեծ խնդիրն այն է, որ կենցաղային տեխնիկան արագորեն փչանում է էլեկտրաէներգիայի կանոնավոր ու վթարային անջատումների պատճառով։ Քանի որ շատ տնային տնտեսություններում կայուն տաք ջուրը կախված է գազամատակարարումից ու որոշ չափով էլեկտրամատակարարումից, մարդիկ ստիպված են լինում դրանց խափանումների պայմաններում եռացնել ջուրը լողանալու համար, կամ ստիպված են հագուստը ձեռքով լվանալ՝ հաճախ սառը ջրով, ինչպես հին ժամանակներում։ Ձմռան սեզոնին սա ամենաիսկական տանջանքն էր։ Տեսանելի է, թե հիմա ինչքան է տառապում մեր ժողովուրդը այս անմարդկային պայմանների պատճառով, և ես շատ եմ ցավում այդ դեպքերը տեսնելիս։ Մարդկանց բնականոն կյանքը միտումնավոր կաթվածահար է արվում Ադրբեջանի կողմից՝ այն օրեցօր դարձնելով անտանելի»,- ասել է վարպետ Հակոբը ՄԻՊ-ի հետ հարցազրույցի ժամանակ։
Ընտանեկան կյանքի իրավունք
Շրջափակման հետևանքով իրենց ընտանիքներից բաժանվել են ավելի քան 3 900 անձինք երկու կողմում, որոնցից 971-ը Կարմիր խաչի և ռուս խաղաղապահենրի աջակցությամբ այս ընթացքում վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ՝ չհաշված հիվանդների տեղափոխումը Երևան և նրանց վերադարձը։ Շուրջ 570 երեխա մնացել է իր ընտանիք վերադառնալու հնարավորությունից զրկված, որից 83-ը՝ առանց ծնողական խնամքի, իսկ մնացածը՝ ծնողներից մեկի հետ։ Շրջափակման 2 կողմում դեռևս մնում են ավելի քան 1900 երեխաներ, որոնցից մեկը գտնվում է շրջափակման մյուս կողմում և չի կարողանում վերադառնալ տուն։
Շրջափակման հետևանքով բազմաթիվ անձինք չեն կարողացել վերջին հրաժեշտ տալ իրենց մահացած 315 հարազատներին, իսկ ԱՀ-ից դուրս մնացած ավելի քան 29 քաղաքացիների հարազատները չեն կարողացել մահացածի աճյունը վերադարձնել Արցախ։
Ճարտարից 80-ամյա Լիդան տառապում էր թոքերի ծանր քաղցկեղով։ Մինչ շրջափակումը նրան տեղափոխել էին Երևան՝ նախապես պլանավորված քիմիաթերապիայի, որին հաջորդել է վիրահատություն։ Շրջափակման ժամանակ նրա առողջական վիճակը հանկարծակի վատացել է, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նրա միակ որդին՝ 50-ամյա Արշակը, հնարավորություն չունեցավ իր վերջին հարգանքի տուրքը մատուցել մորը, քանի որ ներկայումս շրջափակման մյուս կողմում է հայտնվել՝ առանց Արցախից դուրս գալու հնարավորության։ Այսպիսով, Լիդայի ընտանիքը չի կարողացել նրա մարմինը հետ բերել Արցախ՝ հուղարկավորելու հայրենի հողում։ Լիդային հուղարկավորել են Հայաստանում, սակայն որդին սպասում է ճանապարհի բացմանը, որպեզի մոր աճյունը հետ բերի և վերահուղարկավորի Արցախում։
Կրթության իրավունք
Գազմատակարարման ընդհատումներով պայմանավորված՝ հունվարի 18-30-ը ընդհանրապես չեն գործել բոլոր 118 դպրոցները՝ շուրջ 20 000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել էին բոլոր 41 մանկապարտեզները, 56 նախադպրոցական խմբերը, մասնակի էր աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, ինչ հետևանքով 6,828 երեխա այլևս չէր կարողանում կրթօջախ հաճախել կամ երկարօրյա ռեժիմով դպրոց՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից։ Իսկ փետրվարի 23-ից, սննդի ու ջեռուցման խնդիրների լուծման արդյունքում, վերականգնվել են նշված կրթօջախների աշխատանքները։
18-ամյա Մանեն Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է, որն այժմ մասամբ բռնազավթված է Ադրբեջանի կողմից՝ 2020թ. պատերազմի հետևանքով, որի ժամանակ զոհվել է նրա հայրը։ Մանեն երազում է սովորել Երևանի պետական բժշկական համալսարանում և դառնալ վնասվածքաբան։ Սակայն շրջափակման պատճառով նա չի կարող գնալ Երևան՝ մասնակցելու բուհի ընդունելության նախնական քննություններին։ Նրա ապագան վտանգված է, քանի որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով նա զրկված է կրթության տարրական իրավունքից։ Արցախի ՄԻՊ-ին տված հարցազրույցում նա ասել է. «Ինձ ասացին, որ հայրս անմիջապես չի մահացել։ Նրա վրա կրակել է ադրբեջանցի դիպուկահարը և մահից առաջ նա ժամերով արյունահոսել է։ Եթե մոտակայքում բժիշկ լիներ, ով կկարողանար տեղում պատշաճ բուժօգնություն ցուցաբերել նրան, հավանաբար ողջ կմնար։ Ահա թե ինչու ես որոշեցի բժիշկ դառնալ, որպեսզի փրկեմ մարդկանց կյանքը այս դաժան աշխարհում։ Բայց ես կորցնում եմ հույսս շրջափակման ամեն նոր օրվա հետ։ Հիմա դժվար է ինչ-որ բան երազել կամ պլանավորել։ Այն ամենը, ինչ ես երբևիցե ցանկացել ու սիրել եմ, Ադրբեջանն ի վերջո խլում է ինձանից»։