Մինուճար որդուն կորցրած ծնողները երազում են հայրենի Աշան վերադառնալու մասին
Մարտունու շրջանի Աշան գյուղից ժամկետային զինծառայող Էդիկ Գրիգորյանն Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ վերջին անգամ հոր հետ խոսելիս խնդրել է, որ գուլպա ուղարկեն դիրքեր, բայց այս անգամ ոչ թե մի քանիսը, այլ շատ, քանի որ ծառայակից ընկերները նույնպես դրա կարիքն ունեին, իսկ նրանց ծնողները Մայր Հայաստանից Արցախ չէին կարողանում պատերազմի օրերին ոչինչ ուղարկել իրենց որդիներին։ Էդիկի հայրը՝ Եղիշե Գրիգորյանը, հիշում ու հուզվում է։ Ասում է, որ որդին չափից դուրս զուսպ էր, չէր սիրում անհանգստացնել ծնողներին, առավել ևս պահանջներ ներկայացնել։
Էդիկ Գրիգորյանը 2020 թվականի հուլիսի 20-ին է զորակոչվել բանակ և ծառայության անցել Մարտունու երկրորդ պաշտպանական շրջանում։ Ծնողների միակ զավակն էր Էդիկը։
Հայրը պատմում է, որ որդին երբեք չի բողոքել զինվորական ծառայությունից։ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին վերջին անգամ բարձրացել է դիրքեր, որից հետո սկսվել է պատերազմը։
44-օրյա պատերազմի օրերին ծնողներն ամեն օր կապ են հաստատել Էդիկի հետ, բայց ինչպես հայրն է ասում, խոսակցությունը միշտ կարճ էր տևում՝ ելնելով ստեղծված իրավիճակից։ Հոր համար որդին թիկունք էր, իսկ այսօր առանց այդ հզոր թիկունքի ապրելը դժվար է։
Էդիկը հոր հետ վերջին անգամ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին։ Որդին հորն ասել է, որ իր թնդանոթն այլևս չկա, իսկ իրենք պաշտպանվելու ոչինչ չունեն։ Այնուհետև, ծնողներին հանգստացնելու համար, շարունակել է, որ ամեն ինչ լավ է, և որ իր մասին չանհանգստանան, մի բան կանեն։
Հայրը դժվարանում է մինուճար որդու մասին պատմել, բայց շարունակում է խոսքը՝ հիշելով որդուն՝ մինչև բանակ գնալը։ Էդիկը մեկ տարի շուտ է դպրոց հաճախել։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը։ Զորացրվելուց հետո որոշել էր շարունակել ուսումը և զուգահեռ աշխատել նաև իր մասնագիտությամբ՝ որպես ինժեներ-մեխանիկ։ Ուսումը թողնելով կիսատ՝ մեկ տարի անց զորակոչվել է բանակ։
Էդիկն ամեն ինչ կարողանում էր անել, մեքենայի անիվներն էր քանդում և հավաքում, դանակներ էր պատրաստում։ Քսան հատ դանակ է պատրաստել, որոնք մնացել են հայրենի Աշանում։
Էդիկի ծնողները, 2023 թվականի հունիսին՝ բլոկադայի ժամանակ, Կարմիր խաչի օգնությամբ Հայաստան են տեղափոխվել՝ բուժվելու նպատակով։ Սեպտեմբերյան պատերազմը խաթարել է ընտանիքի պլաններն նաև այս անգամ, թույլ չտալով անգամ անձամբ հրաժեշտ տալ որդու շիրիմին ու իրենց հարազատ օջախին։ Եղիշեի խոսքով՝ իր եղբայրը Էդիկի որոշ իրեր բերել է Աշանից, բայց որդու ձեռքով պատրաստած դանակները չի բերել, վախեցել է Հակարիի անցակետով անցկացնելուց։ Էդիկի դանակները մնացել են Աշանի իրենց բակում դասավորված։
Էդիկի եղբոր կինը՝ Աննա Խաչատրյանը, անասելի ցավով է խոսում Էդիկի մասին, պատմում նրա մարդկային բարձր արժեքների ու համեստ բնավորության մասին։
Պատերազմի օրերին Էդիկենց գումարտակի հինգ զինվորներից երեքը զոհվել են։ Ողջ մնացած զինակից ընկերներն այցելել են Էդիկի ծնողներին և պատմել նրա մասին։ Ընկերների խոսքով՝ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից է զոհվել Էդիկը։ Հոկտեմբերի 27-ին հայրը Ստեփանակերտի դիահերձարանից է որդու մարմինը Աշան տարել։
«Միայն գլուխն էր փաթաթված։ Հարցրել եմ՝ թե ինչու՞, պատասխանել են, որ ամբողջ մարմնում բեկորներ են, հետևաբար չէր կարող փրկվել։ Դրամապանակը հետն էր, գումարը՝ մեջը, բեկորը ծակել է նաև դրամապանակը»,– պատմում է որդեկորույս հայրը։
Էդիկ Եղիշեի Գրիգորյանին հուղարկավորել են 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ հարազատ Աշանի զինվորական գերեզմանատանը։ Շատերի պես նրա գերեզմանոցն էլ է մնացել թշնամու կողմից օկուպացված Արցախում։ Ծնողներն այսօր սգալու տեղ չունեն, իրենց միակ հույսը հայրենի տուն վերադառնալն է։
Էդիկ Գրիգորյանն ԱՀ նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է ‹‹Արիություն›› և ‹‹Մարտական ծառայություն›› մեդալներով։
Վեհանուշ Հովսեփյան